Շոտլանդիա-Մեծ Բրիտանիա. “ամուսնալուծությունը” չափազանց ցավոտ է լինելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հերթական անգամ կոչ է արել շոտլանդացիներին դուրս չգալ Թագավորության կազմից և հիշեցրել, որ հակառակ դեպքում Շոտլանդիան ետդարձի ճանապարհ չի ունենա: Քեմերոնը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ այցելել է Շոտլանդիա: Բրիտանական կառավարության ղեկավարը հիշեցրել է նաև, որ առանձնանալու դեպքում Շոտլանդիան կզրկվի Մեծ

Բրիտանիայի ընդհանուր արժույթից, և նախազգուշացրել, որ “ամուսնալուծությունը” չափազանց ցավոտ է լինելու և’ այժմյան շոտլանդացիների, և’ նրանց սերունդների համար: “Եթե շոտլանդացիները կողմ քվեարկեն առանձնանալուն, Մեծ Բրիտանիան կքայքայվի, և մենք ընդմիշտ կգնանք տարբեր ճանապարհներով: Ուրբաթ օրը մարդիկ հնարավոր է արթնանան նոր երկրում, որի առջև կլինի այլ ապագա”, – հայտարարել է Քեմերոնը, հայտնում է НТВ.ru-ն: Քաղաքական գործիչը հիշեցրել է այն կարևոր դերի մասին, որը Շոտլանդիան խաղացել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ և ընդգծել, որ Թագավորության տարբեր մասերի միությունը թույլ է տալիս ավելի շատ հաջողությունների հասնել միջազգային հարթակում:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ստորագրել են փաստաթուղթ` կոչ անելով Շոտլանդիային չքվեարկել առանձնանալու և անկախանալու օգտին: Դևիդ Քեմերոնը, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Էդ Միլիբենդը և Լիբերադեմոկրատական կուսկացության ղեկավար Նիք Քլեգը կոչ են աչել շոտլանդացիներին “այո” չպատասխանել այն հարցին, թե արդյոք Շոտլանդիան պետք է անկախ պետություն դառնա: Ընդ որում, փաստաթղթում ընդգծվում է, որ, մնալով Մեծ Բրիտանիայի կազմում, շոտլանդական խորհրդարանն առավել լայն հնարավորություններ կստանա երկրի կառավարման հարցում: Շոտլանդիային խոստանում են նաև բնական ռեսուրսներից ստացված եկամուտների առավել արդար բաշխում:

Բրիտանացի հանրահայտ ռեժիսոր, սոցիալական կինոյի դասական Քեն Լոուչի կարծիքով, անկախանալու դեպքում Շոտլանդիային կարող է “լավ օրինակի վտանգ” ստեղծել այլ շրջանների համար, որոնք ևս ցանկանում են անկախություն ձեռք բերել, և ցուցադրել, թե պրոգրեսիվ կառավարությունն ինչպես կարող է իր բնակիչներին թափ հաղորդել “առավել արդար և կայուն հասարակություն ստեղծելու համար”: Նշենք, որ այսօր հայտնիները տարակարծիք են Շոտլանդիայի անկախանալու հարցում:

Միևնույն ժամանակ, Շոտլանդիայի անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ВВС հեռուստաընկերության շրջանային գրասենյակի մոտ, հայտնում է “Правда.Ру”-ն: Ցուցարարները բրիտանական լրատվական ընկերությանը մեղադրել են Մեծ Բրիտանիայից շրջանի առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի նախաշեմին կայացած դեբատների լուսաբանման ժամանակ ստի և կողմնապահության մեջ: Ակցիային մասնակցել է մոտ հազար մարդ: Շոտլանդիայի առանձնանալուն դեմ հանդես եկողներն իրենց հերթին քայլերթ են կազմակերպել Էդինբուրգի կենտրոնում: Հազարավոր մարդիկ անցել են քաղաքի պատմական կենտրոնով Շոտլանդիայի և Միացյալ Թագավարության դրոշներով:

Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն նշանակված է սեպտեմեբրի 18-ին: Ընտրողները պետք է պատասխանեն մեկ հարցի. “Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ երկիր լինի”: Եթե բնակիչների մեծ մասը կողմ քվեարկեն անկախությանը, ապա 2016 թվականի մարտի 24-ին շրջանը դուրս կգա Թագավորության կազմից: Համաձայն հասարակական կարծիքի հարցման արդյունքների, վերջին շաբաթների ընթացքում անկախության կողմնակիցների և հակառակորդների թիվը մոտավորապես հավասար է:

Աղբյուրը՝ armedia.am