“ՀԱՅԱՑՔ”-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. Միջնորդների նոր առաջարկը ղարաբաղյան հակամարտության կողմերին

Աննա Կարապետյան 

“Հայացք” կիրառական 

քաղաքականության և հետազոտությունների 

վերլուծական կենտրոնի փորձագետ

 

 

 

 

- ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հակամարտության կողմերին կոչ է արել ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո էլ ավելի ֆորմալ բանակցային ձևաչափում, որը առաջարկվել էր ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի կողմից: Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը:

- Նախ հիշեցնեմ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիեդիե Բուրխհալթերը հունիսի սկզբին այցելեց տարածաշրջան: Այդ ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի, ԼՂՀ ղեկավարության հետ և դեռևս այդ ժամանակ կոչ արեց կողմերին ներգրավվել ինտենսիվ բանակցություններում: Նրա կողմից բարձրաձայնվեց կառուցվածքային գործընթաց վարելու գաղափարը, որը, ըստ նրա, կտանի խաղաղ կարգավորման:

Շվեյցարիայի հնչեցրած առաջարկից հետո միջնորդների կողմից տարբեր մակարդակներով կարևորվել է երկու նախագահների նոր հանդիպման կազմակերպումը: Դրան զուգահեռ՝ համանախագահների կողմից մշտապես շեշտվել է վստահության միջոցների և հանրությունների միջև շփումներին ուղղված ծրագրերի համաձայնեցման կարևորությունը: Այդ գործընթացի մաս է նաև Քերիի արած հայտարարությունը:

ԵԱՀԿ Գործող նախագահի՝ կառուցվածքային բանակցություններ սկսելու առաջարկը խորհրդանշում է բանակցային տեխնիկապես նոր փուլի մեկնարկ:

 - Իսկ ի՞նչ են ենթադրում կառուցվածքային բանակցությունները: Ի՞նչն է փոխվելու բանակցային գործընթացում:

- “Կառուցվածքային բանակցություններ” հասկացությունը քաղաքագիտական գրականության մեջ օգտագործվում է երկու հիմնական իմաստներով՝ առաջինը՝ որպես առավել համակարգված և հետևողական բանակցային գործընթաց, երկրորդը՝ որպես բանակցային գործընթաց՝ ուղղված ամբողջի համաձայնեցմանն առանձին մասերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու միջոցով:

Առավել ուշագրավ է երկրորդ մոտեցումը: Այն չունի հստակ սահմանում և տարբեր դեպքերում բացատրվում է տարբեր կերպ: Լայնորեն տարածված է կառուցվածքային բանակցությունների կիրառումը իրավական ոլորտում: Այսինքն՝ խոսքն առավելապես վերաբերում է բանակցություններ վարելու տեխնոլոգիային, այլ ոչ թե դրանց բովանդակությանը:

Երկրորդ մոտեցմամբ՝ կառուցվածքային բանակցությունները ենթադրում են կողմերի ակտիվ և շահագրգիռ ներգրավում գործընթացում՝ ուղղված խնդրի կարգավորմանը փոխշահավետության սկզբունքով: Որոշ դեպքերում նման բանակցություններն անցկացվում են միջնորդի դերակատարման բացակայության պայմաններում, այսինքն՝ կողմերն ինքնուրույն են գալիս համաձայնության: Քննարկման առարկան գլոբալ խնդրի առանձին բաղադրիչներն են: Բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալուց հետո կնքվում է համաձայնության միասնական պայմանագիր: Այսինքն՝ ի սկզբանե համաձայնեցվում է բանակցությունների կառուցվածքը, քննարկվում են դրա բաղադրիչները, և համաձայնեցվում են առանձին հարցեր, այնուհետև դրանց հիման վրա կնքվում է համաձայնություն: Դրա հետ մեկտեղ սահմանափակվում է օգտագործվող տեղեկատվության ներհոսքը՝ ապահովելու համար առանձին խնդիրների լուծում և գործընթացի պարզություն:

Եթե այս ամենը պրոյեկտենք ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, դա, ըստ էության, ի սկզբանե “մադրիդյան սկզբունքների” շուրջ բանակցությունների հիմքում դրված մոտեցումն է, ըստ որի՝ համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ:

- Կա՞ արդյոք կառուցվածքային բանակցությունների կիրառման փորձ միջազգային պրակտիկայում, և որքանո՞վ է այն համադրելի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

- Միջազգային պրակտիկայում բազմիցս կարևորվել է կառուցվածքային բանակցություններ վարելու հարցը: 2013 թ. Կիպրոսի բանակցային գործընթացի վերսկսումից հետո Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը առաջադրեց համատեղ արձանագրության ստորագրումը՝ որպես բանակցությունների վերսկսման նախապայման: Հռչակագիրը ստորագրվեց 2014թ. փետրվարին, որով կողմերը մտադրություն հայտնեցին վերսկսել կառուցվածքային բանակցությունները՝ արդյունքի հասնելու նպատակով: Հռչակագրով նաև ամրագրվեցին այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի խնդիրը: Ուստի բանակցությունները պետք է վերաբերեն սկզբունքների հիման վրա “դետալների” համաձայնեցմանը:

Գործընթացի նման ընթացքը չի հակասում նաև ղարաբաղյան կարգավորման տրամաբանությանը: Այստեղ ևս ենթադրվում է նախ համաձայնեցնել և ստորագրել կարգավորման սկզբունքների փաթեթը և հետո դրանց հիման վրա սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցումը:

Հաշվի առնելով կառուցվածքային բանակցությունների միջազգային փորձը, ինչպես նաև համանախագահների նախկինում արված հայտարարություններն առ այն, որ կողմերը մոտ են կարգավորմանը, և մնացել են չհամաձայնեցված առանձին խնդիրներ՝ կարելի է ենթադրել, որ կառուցվածքային բանակցությունները կոչված են “մադրիդյան սկզբունքների” վերաբերյալ դեռևս բաց հարցերի նպատակաուղղված և ինտենսիվ քննարկմանը: Ղարաբաղյան կարգավորման ներքո դրանք կարող են ենթադրել դեռևս չհամաձայնեցված սկզբունքների կամ դրանց բաղադրիչ մասերի առանձին քննարկում և համաձայնեցում երկու նախագահների միջև հաճախակի կազմակերպվող հանդիպումների ընթացքում: Այնուհետև պետք է արվի ձեռք բերված համաձայնությունների փաթեթային ամրագրում, ստորագրվեն սկզբունքները և դրանց հիման վրա Խաղաղության պայմանագիր կնքվի:

- Ներկայումս ընթացող գործընթացը, վերջին զարգացումները որքանո՞վ են համապատասխանում այս տրամաբանությանը, և ի՞նչ զարգացում կարելի է ակնկալել:

- Նախագահների հանդիպում կազմակերպելու ֆրանսիական կողմի առաջարկը հնչել էր դեռևս ամռան սկզբին: Հուլիս-օգոստոսյան սրացումը որոշակի շեղում առաջացրեց: Սոչիի հանդիպումն այս համատեքստից պետք է դուրս դիտարկել, քանի որ այն ուղղված էր սահմանային լարվածության նվազեցմանն ու գործընթացը բնականոն հուն վերադարձնելուն: Դրան հաջորդած հանդիպումը` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ Պետքարտուղարի մասնակցությամբ, հաջորդ քայլն էր՝ հետ բերելու գործընթացը ԵԱՀԿ Գործող նախագահի կողմից առաջարկված ուղեգծին: Հանդիպումից հետո Քերիի կոչը՝ անցնել ավելի ֆորմալ բանակցությունների, կնշանակի անցում բուն սկզբունքների քննարկմանը:

Հետևաբար, եթե կողմերն ընդունեն Շվեյցարիայի առաջարկը և որոշեն առաջ շարժվել առաջարկված սցենարով, մոտ ապագայում պետք է ականատես լինենք առավել հաճախակի հանդիպումների ամենաբարձր մակարդակով:

Սակայն բանակցություններում առաջընթաց ունենալու, խնդրի կարգավորման համար առաջնայինը, իհարկե, մշտապես եղել և մնում են կողմերի կառուցողականությունն ու վստահությունը միմյանց հանդեպ, վստահությունը հանրությունների միջև: Ներկայիս իրավիճակում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու վարած քաղաքականությունը լավատեսության հիմք քիչ են տալիս:

Բանակցությունների տեսակները վերաբերում են տեխնիկական կողմին, իսկ կարգավորման համար առաջնայինը բովանդակությունն է:

Աղբյուրը՝ armedia.am