ՇՈՏԼԱՆԴԻԱ. ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է շոտլանդացիներին՝ կոչ անելով պահպանել Մեծ Բրիտանիայի միասնականությունը: “Մեծ Բրիտանիան հանդիսանում է ԱՄՆ-ի չափազանց կարևոր գործընկեր և անկայուն աշխարհում ի բարօրություն գործող ուժ: Հուսով եմ, որ այն կմնա ուժեղ, կայուն և միասնական”, – ասվում է Սպիտակ տան թվիթերյան էջի հայտարարության մեջ:

Փորձագետները նշում են, որ Օբաման հազվադեպ է հաղորդագրություններ թողնում Twitter-ում: Վերջին կես տարվա ընթացքում նա ընդամենը 17 սեփական հաղորդագրություն է թողել: Որոշել, թե ԱՄՆ նախագահը երբ է անձամբ գրում հաղորդագրությունը, կարելի է հետևյալ նշումով. “-bo” (կրճատ՝ Բարաք Օբամա): Սակայն քաղաքագետները նշում են, որ Օբաման կարող էր նաև առավել պաշտոնական հայտնել իր դիրքորոշումը:

Ինչևէ, Twitter-ում Օբամայի արտահայտած կարծիքն այնքան էլ չի մտահոգել շոտլանդացիներին, քանի որ նախատեսված հանրաքվեն այսօր տեղի է ունենում: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 10:00): Ընդհանուր առմամբ բացվել է 2608 ընդտրատեղամաս, որոնք բաց կլինեն մինչև 22:00 (Երևանի ժամանակով 01:00): Շոտլանդացիները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի. “Արդյո՞ք ցանկանում եք, որ Շոտլանդիան դառնա անկախ պետություն”: Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն վաղը՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան: Եթե ընտրողների մեծ մասն “այո” ասեն անկախությանը, ապա Շոտլանդիան անկախ պետություն կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին: Մեծ Բրիտանիայում մշակել են արտակարգ միջոցառումներ այն դեպքի համար, եթե Շոտլանդիան որոշի անկախանալ, մասնավորապես, Լոնդոնը տնտեսական առավելություններ է խոստանում անկախությունից հրաժարվելու դիմաց:

Ըստ պաշտոնական տվյալների, քվերակությանը մասնակցելու համար գրանցվել է 4,3 միլիոն մարդ (ընտրողների 97%-ը): Շոտլանդիայի ոստիկանությունը բարձր պատրաստվածության վիճակում է խուսափելու համար արտակարգ իրավիճակիներից:

Համաձայն ընտրական իրավունքի, հանրաքվեին կարող են մասնակցել մշտապես Շոտլանդիայում բնակվող անձինք, այդ թվում մոտ 500 հազար ծագումով Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի բնակիչներ: Քվեարկությանը մասնակցելու նվազագույն տարիքը 18-ից իջեցվել է 16: Տեղեկացվում է, որ բոլոր գրանցվածների մոտ մեկ հինգերորդը (մոտ 790 հազար մարդ) որոշել են փոստով քվեարկել:

Համաձայն հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքների, Շոտլանդիայի անկախության օգտին պատրաստ է քվեարկել բնակիչների 48%-ը, դեմ՝ 52%-ը:

Հավելենք, որ Բուքմեյքերները ևս չեն հավատում Շոտլանդիայի առանձնանալուն: Ռեկորդային 900 հազար ֆունտ խաղադրույք է կատարվել, որ Շոտլանդիան չի անկախանա: Եթե Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, հաճախորդի եկամուտը կկազմի 193 հազար ֆունտ: Նրա անունը չի հրապարկվում, տեղեկացվում է միայն, որ նա շոտլանդացի չէ:

 Աղբյուրը՝ armedia.am