Նոր նշանակումներ ԵՄ-ում. ընթացակարգն ու առանձնահատկությունները

 Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նորանշանակ նախագահ Ժան Կլոդ Յունկերը ներկայացրեց հանձնաժողովի նոր կազմը: Յունկերը խոստացավ, որ սա լինելու է քաղաքական և ոչ թե տեխնոկրատ թիմ: “Համոզված եմ, որ սա հաղթող թիմ է”,- ասել է նա: Կառուցվածքային փոփոխություններն ու կին հանձնակատարների մեծ թիվը Յունկերի թիմի առանձնահատկությունների շարքում են:

Նոր նշանակումները և ԵՄ ղեկավար մարմիններում կատարվող փոփոխություններն ուղղված են ավելի ճկուն դարձնելու Միությունն և համապատասխանեցնելու դրա կառուցվածքն առկա խնդիրներին և մարտահրավերներին: ԵՄ ինստիտուտների կառուցվածքում և կառավարման ձևում գլոբալ փոփոխությունները մտցվել են Լիսաբոնի պայմանագրով: Այդ դրույթների հիման վրա էլ այժմ ձևավորվել է Եվրահանձնաժողովի նոր կազմը:

Եվրահանձնաժողովի` որպես ԵՄ գործադիր մարմնի դերն ու գործառույթները, վերահսկողության և ներկայացուցչական լիազորությունները Լիսաբոնի պայմանագրով փոփոխության չեն ենթարկվել: Փոփոխություններ են կատարվել դրա կազմավորման կարգի, կառուցվածքի մեջ: Լիսաբոնի պայմանագրով ձևավորվել է ԵՄ արտաքին հարաբերությունների և պաշտպանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը, մեծացել է Եվրահանձնաժողովի նախագահի դերը, ընդլայնվել են լիազորությունները:

Այսպես, Լիսաբոնի պայմանագրով սահմանված կարգով առաջին անգամ Եվրահանձնաժողովը ձևավորվել է 2009 թ.-ին՝ ընդգրկելով մեկական հանձնակատար յուրաքանչյուր ԵՄ անդամ երկրից: Միաժամանակ սահմանվել է, որ 2014 թ.-ից հանձնակատարների թիվը պետք է կրճատվի՝ կազմելով ԵՄ անդամ երկրների թվի երկու երրորդը: Հանձնակատարները պետք է ընտրվեին տարբեր երկրներից ռոտացիայի միջոցով՝ պահպանելով հավասարության սկզբունքը: Միաժամանակ հնարավորություն է ընձեռվել Եվրոպական խորհրդի որոշմամբ փոփոխության ենթարկել հանձնակատարների թիվը: Օգտվելով այդ հնարավորությունից՝ 2008 թ. դեկտեմբերի 11-12-ին Եվրոպական խորհուրդն ընդունել է որոշում՝ թույլ տալ Եվրահանձնաժողովին ներառել մեկական հանձնակատար յուրաքանչյուր ԵՄ անդամ երկրից նաև 2014 թ.-ից հետո:

Այս որոշումը բացատրում են Լիսաբոնի պայմանագրի հաստատման հավանականությունը մեծացնելու ձգտմամբ՝ չհարուցելու համար ԵՄ անդամ- երկրների դժգոհությունը:

Եվրահանձնաժողովի նախագահի նշանակման ընթացակարգը Լիսաբոնի պայմանագրով փոփոխության չի ենթարկվել: Նա նշանակվում է Եվրոպական խորհրդի կողմից (ընդգրկված են ԵՄ անդամ երկրների ղեկավարները), որակական մեծամասնությամբ, այնուհետև հաստատվում է Եվրախորհրդարանի կողմից: Սակայն Լիսաբոնի պայմանագրով կատարվել է մեկ լրացում. Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուին որոշելու ժամանակ պարտավոր է հաշվի առնել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները: Այս լրացումը մեծացնում է Եվրախորհրդարանի և ընտրությունների դերն այս գործընթացում: Դրան զուգահեռ՝ Եվրախորհրդարանի կարծիքը հաշվի առնելը զուտ պայմանական և հաստատված ընթացակարգ չունեցող դրույթ է, որն իրական լծակներ չի տալիս խորհրդարանին: Պատահական չէ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այդ պաշտոնում վերընտրվելիս կարևորել է Եվրախորհրդարանի լիազորությունների ընդլայնումն ու գործադիր մարմինների վրա ազդեցության մեծացման խնդիրը:

Իր պաշտոնում հաստատվելուց հետո Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ անդամ երկրների առաջադրած թեկնածությունների հիման վրա ձևավորում է հանձնաժողովի կազմը: Բացառություն է կազմում միայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարը, ով նշանակվում է Եվրոպական խորհրդի կողմից հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, և համատեղությամբ հանդես է գալիս Եվրահանձնաժողովի փոխնախագահի դերում: Հանձնակատարներն ընտրվում են ընդհանուր կոմպետենտության, անկախության, և Եվրոպական գաղափարին նվիրվածության չափորոշիչներով:

Ըստ Եվրահանձնաժողովի ձևավորման կարգի՝ նախագահը նախապես բանակցում է ԵՄ անդամ-երկրների կառավարությունների հետ նրանց կողմից առաջադրվող թեկնածուների վերաբերյալ, սակայն վերջնական որոշման իրավունքը պատկանում է երկրներին: Նախագահը, առաջնորդվելով առաջադրված թեկնածուների ցանկով, ինքն է որոշում պաշտոնների բաշխումը՝ պահպանելով բոլոր երկրների համար հանձնակատարի “պորտֆելի” ապահովման սկզբունքը։ ԵՄ երկրները որևէ ազդեցություն չունեն նրա որոշման վրա։ Միաժամանակ այս կամ այն երկրից նշանակված պաշտոնյան այլևս դադարում է ներկայացնել առանձին երկրի շահերը և հանդես է գալիս ԵՄ-ի շահերից՝ պարտավորություն չունենալով հավատարմություն պահպանել իր երկրին։

Հանձնակատարների ընտրությունից հետո նախքան նշանակումը վերջիններս պետք է հանդես գան Եվրախորհրդարանի առջև՝ պատասխանելով խորհրդարանականների՝ իրենց ոլորտին վերաբերող հարցերին։ Եթե խորհրդարանը խիստ առարկություններ ունենա որևէ հանձնակատարի նշանակման կապակցությամբ պետք է ստիպված լինի անվստահություն հայտնել ողջ հանձնաժողովին։ Նման նախադեպեր դեռևս չեն գրանցվել։ Միայն երկու անգամ՝ 2004 և 2009 թթ․ նրանք սպառնացել են դիմել նման քայլի և համապատասխան հանձնակատարների թեկնածուները փոխարինվել են։ Եվրախորհրդարանի համաձայնությունից հետո Եվրոպական խորհուրդը, հիմնվելով Եվրախորհրդարանի որոշման վրա, պաշտոնապես հաստատում է հանձնաժողովի նոր կազմը։

Եվրահանձնաժողովի նախագահը սահմանում է հանձնակատարների պարտավորությունները և կարող է վերաբաշխել լիազորությունները։ Նշանակում է փոխնախագահներին՝ բացառությամբ ԵՄ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատարի։ Լիսաբոնի պայմանագրով նախագահը նաև լիազորություն է ստացել պահանջել յուրաքանչյուր հանձնակատարի հրաժարականն առանց հանձնաժողովի հաստատման կարիքն ունենալու։

Եվրահանձնաժողովի նախագահի լիազորությունների շրջանակում է Եվրահանձնաժողովի աշխատանքների համակարգումն ու կառավարումը։ Նախագահը հրավիրում է հանձնաժողովի նիստեր, կարող է բաշխել և վերաբաշխել հանձնակատարների լիազորությունները, կատարել փոփոխություններ հանձնաժողովի կառուցվածքում։ Բացի այդ՝ նա ներկայացնում է Եվրահանձնաժողովը, մասնակցում Եվրոպական խորհրդի, Մեծ Ութնյակի նիստերին, մասնակցում է Եվրախորհրդարանում անցկացվող կարևոր քննարկումներին և ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի որոշ նիստերի։ Միջազգային հարաբերություններում նա ներկայացնում է ԵՄ-ն տնտեսական հարաբերությունների ոլորտում:

Ժան Կլոդ-Յունկերի թեկնածությունն առաջադրվել է Եվրոպական խորհրդի կողմից 2014 հունիսի 27-ին։ Իր կողմից առաջադրված քաղաքական գերակայություններով նա հանդես է եկել Եվրախորհրդարանի առաջ և ստացել ձայների մեծամասնությունը՝ 422 քվե 751-ից։

Յունկերը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է հանձնակատարների ցանկը։ Նրա ընտրությունը մի շարք հարցեր և դժգոհություններ է առաջացրել։ Միաժամանակ ընտրության մեջ նկատվում է նաև քաղաքական որոշակի դիտավորություն։ Դա առավելապես վերաբերում է Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված Ջոնաթան Հիլի նշանակմանը նոր ձևավորված ԵՄ ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների և կապիտալ շուկաների միության հարցերով հանձնակատարի պաշտոնում։ Այս պաշտոնը մեծ նշանակություն է ունենալու ԵՄ-ի համար և բրիտանացի պաշտոնյայի նշանակումը դիտվում է որպես Մեծ Բրիտանիայի “սիրտը շահելու” փորձ՝ կապված ԵՄ-ից դուրս գալու նրա մտադրությունների հետ։ Այս քայլը գնահատվում է որպես Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմում պահելու փորձ և Բրիտանիայի շահերը հաշվի առնելու՝ Յունկերի տրված խոստման բաղկացուցիչ։

Հանձնաժողովի կազմի՝ Յունկերի առաջարկը դիտարկվում է որպես մեծ բարեփոխում թե՛ հանձնակատարների “կալիբրի”, թե ՛հանձնաժողովի կառուցվածքի տեսանկյունից։ Յունկերի առաջադրած թիմն ընդգրկում է 5 նախկին վարչապետեր, 4 փոխվարչապետեր, 19 նախարարներ, 7 հանձնակատարներ Բարոզուի նախագահած հանձնաժողովից և Եվրախորհրդարանի 8 անդամներ։ Կառուցվածքային տեսակետից առաջին անգամ հանձնաժողովը, բացի ԵՄ գերագույն հանձնակատարից, կունենա 6 փոխնախագահ (նախկին 7-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրը կղեկավարի ծրագրային մի թիմ՝ ըստ քաղաքական գերակայությունների։ Բացի այդ՝ որոշ “պորտֆելներ” ավելացել են, իսկ որոշները՝ միավորվել։ Հանձնաժողովում ընդգրկված կլինի 9 կին հանձնակատար:

Սահմանվել է առաջին փոխնախագահի պաշտոն, ով լիովին կկարողանա փոխարինել նախագահին և պատասխանատու կլինի եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների համար։ Այդ պաշտոնը վստահվել է Կառավարման բարելավման, միջկառուցային հարաբերությունների, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների խարտիայի հարցերով հանձնակատար, Դանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանսին։

Եվրախորհրդարանում լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ից, քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-23-ի լիագումար նստաշրջանի ժամանակ: Հաստատումից հետո Եվրահանձնաժողովի նորացված կազմը կսկսի աշխատանքը նոյեմբերի 1-ից։

Նոյեմբերից ԵՄ-ն կղեկավարի ևս մեկ նորանշանակ պաշտոնյա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Այս պաշտոնը ձևավորվել է Լիսաբոնի պայմանագրով և Հերման Վան Ռոմպեյը եղել է առաջին և միակ պաշտոնատար անձը։ Դոնալդ Տուսկը կլինի առաջինը, ով կփոխարինի նրան։

Ըստ Լիսաբոնի պայմանագրի՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընտրվում է որակյալ մեծամասնությամբ (առնվազն 15 երկիր) Եվրոպական խորհրդի կողմից, որում ընդգրկված են ԵՄ անդամ երկրների ղեկավարները։ Պաշտոնավարման ժամկետը 2,5 տարի է։

Նա նախագահում և վարում է Եվրոպական խորհրդի նիստերը, ապահովում է Եվրոպական խորհրդի հանդիպումների նախապատրաստումն ու դրա աշխատանքի շարունակականությունը՝ համագործակցելով Եվրահանձնաժողովի նախագահի հետ և հիմնվելով Ընդհանուր հարցերի խորհրդի աշխատանքի վրա (ընդգրկում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին և անհրաժեշտության դեպքում եվրոպական հարցերի համար պատասխանատու նախարարներին)։ Բացի այդ՝ նա ջանքեր է գործադրում ապահովելու Եվրոպական խորհրդի միասնականությունն ու կոնսենսուսը, Եվրոպական խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո զեկույցով հանդես է գալիս Եվրախորհրդարանի առաջ։ Եվրոպական խորհրդի նախագահը, ում անվանում են նաև ԵՄ նախագահ, իր մակարդակով և լիազորությունների սահմաններում ապահովում է ԵՄ-ի ներկայացվածությունն արտաքին աշխարհին՝ ընդհանուր արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցերում՝ չհակադրվելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի իշխանությանը։

Եվրահանձնաժողովը, ըստ էության, կատարում է ԵՄ գործադիր մարմնի դերը՝ առաջնորդվելով Եվրոպական Խորհրդի ընդունած որոշումներով և ըստ Եվրահանձնաժողովի նախագահի կողմից սահմանված գերակայությունների: Թե՛ Եվրահանձնաժողովի նախագահը, թե՛ Գերագույն հանձնակատարը նշանակվում են Եվրոպական խորհրդի կողմից, դրա հետ մեկտեղ վերջիններս պարբերաբար ներկայացնում են իրենց գործունեության արդյունքները Եվրախորհրդարանին:

Լիսաբոնի պայմանագրով մտցված փոփոխությունները կոչված են եղել հավասարակշռելու գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև հավասարակշռությունը, միաժամանակ որոշակիորեն մեծացնելու առանձին պաշտոնների լիազորությունները: Եվրախորհրդարանի լիազորություններն ու նշանակությունն ապահովելու համար պարտավորություն է մտցվել հաշվի առնել ընտրությունների արդյունքները Եվրահանձնաժողովի նախագահին նշանակելիս, ինչպես նաև պահպանվել է բոլոր երեք պաշտոնյաների վերջնական հաստատումը Եվրախորհրդարանի կողմից:

Ինչ վերաբերում է ԵՄ նորանշանակ պաշտոնյաների գերակայություններին և նրանց առջև դրված խնդիրներին, ապա որպես առաջնային խնդիր՝ դիտարկվում է ԵՄ ամրապնդումը: Յունկերը կարևորել է Մեծ Բրիտանիայի պահպանումը Միության կազմում և նշել, որ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ԵՄ կազմի ընդլայնում ակնկալել հարկավոր չէ. առաջնային խնդիր է լինելու Միության ամրապնդումն ու առկա խնդիրների կարգավորումը:

Աննա Կարապետյան