ՇՈՏԼԱՆԴԻԱ. ԴԱՍ՝ ՔԵՄԵՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ անկախության մասին հանրաքվեի արդյունքում Միացյալ Թագավորության կազմում մնացած Շոտլանդիայի լիազորությունները կընդլայնվեն: Այս մասին ասվում է Քեմերոնի հայատարարության մեջ,

որը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: “Նրանց համար, ովքեր վատատեսորեն են վերաբերում սահմանադրական փոփոխություններին, թույլ տվեք ասել հետևյալը. առաջադրանքը (լիազորությունների ընդլայնման մասին) դրված է գործող կառավարության առջև, իսկ այն կընդունի հաջորդ խորհրդարանը (խորհրդարանի նոր կազմը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքում)”, – հայտարարել է Քեմերոնը: Ընդ որում, նա նշել է, որ իր կառավարությունը կկատարի հարկերի, բյուջեի ծախսերի և սոցիալական ապահովության ոլորտներում շոտլանդական կառավարությանը լիազորությունները փոխանցելու իր պարտականությունները, հայտնում է Лента.ру-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ընդլայնել նաև Ուելսի, Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի լիազորությունները: Բացի այդ, Քեմերոնը հաջող քարոզարշավի առթիվ շնորհավորել է լեյբորիստ Ալիսթեր Դարլինգին, ով կոչ էր անում շոտլանդացիների դուրս չգալ Միացյալ Թագավորության կազմից:

Շոտլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիայից առանձնանալուն: Համաձայն հանրաքվեի արդյունքների, երկրի անկախությանը կողմ արտահայտվել է քվեարկողների 50 տոկոսից քիչ մասը: Agence France-Presse-ի տվյալներով, Շոտլանդիայի ինքնիշխանությանը կողմ քվեարկել են ընտրողների 44,58 տոկոսը, դեմ՝ 55,42 տոկոսը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, ով անկախության կողմնակից էր, արդեն ընդունել է քվեարկության արդյունքները: “Անկախությանը կողմ քվեարկել են ավելի քան 1,6 միլիոն շոտլանդացիներ, սակայն դա բավական չէր, – հայտարարել է նա: – Ես խոնարհվում են ժողովրդի կամքի առաջ և կոչ եմ անում բոլորին վարվել նույն կերպ”, – հայտնում է ИТАР-ТАСС-ը: Սալմոնդը և Շոտլանդիայի առաջաին նախարարի տեղակալ Նիկոլա Սթերջենն ներակայցրել են իրենց՝ Շոտլանդիա-2024 տեսությունը՝ որպես անկախ պետություն 10 տարուց, նշում է BBC-ն: Նրանց խոսքերով, նախատեսվում է “ստեղծել 27 հազար աշխատատեղ և ավելացնել տնտեսական աճը ֆինանսավորելու համար սոցիալական արդարության քաղաքականությունը”:

Նշենք, որ շոտլանդացիներն ամենայն լրջությամբ են մոտեցել հանրաքվեին: Դա ապացուցում է նաև ընտրողների մասնակցության աննախադեպ ցուցանիշը: Եվրոպայում այդ ցուցանիշը հազվադեպ է գերազանցում 50-60%-ը, այս տարի կայացած Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում, օրինակ, այն կազմել է 40%-ից մի փոքր ավելին, գրում է РИА “Новости”-ն: Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացած քվեարկության ընթացքում որոշ շրջաններում ընտրատեղամասեր այցելել են ընտրողների մոտ 90%-ը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին Tert.am-ի հարցին, ասել էր. “Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը”։

 

19.80.2014

Աղբյուրը՝ armedia.am