ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ

Պարտություն կրելով Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեում՝ Մեծ Բրիտանիայից առանձնանալու հազարավոր կողմնակիցներ չեն հանձնվել: Նրանք նոր քարոզարշավ են սկսում, որը կրում է “45%” անվանումը: Ավելի քան 140 հազար մարդ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով վերահաշվել Շոտլանդիայում կայացած անկախության մասին հանրաքվեի արդյունքները՝ դրանք համարելով կեղծ, հայտնում է “Правда.ру”-ն: Որպեսզի խնդրագիրն ուղարկվի իշխանություններին, անհրաժեշտ է հավաքել 150 հազար ստորագրություն: Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Ալեքս Սալմոնդին ուղղված հաղորդագրության մեջ, որը կցված է խնդրագրին, պահանջ է ներկայացված, որ “յուրաքանչյուր ձայն հաշվվի երկու անձանց կողմից, որոնցից մեկը պետք է լինի անկախ դիտորդ”: Խնդրագրի պատճառ հանդիսացել է YouTube-ում տեղադրված տեսանյութը, որում ընտրական հանձնաժողովի անդամն անկախությանը կողմ քվեարկած քվեաթերթիկները տեղափոխում է դեմ քվերակածների մոտ: Խնդրագիրն ստորագրած շոտլանդացիների կարծիքով, նման խախտումներ եղել են բազմաթիվ ընտրատեղամասերում, ինչը վկայում է քվեարկության ողջ ընթացքը կեղծելու մասին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր. “Չի կարող ոչ մի վեճ լինել, ոչ մի կրկնակի քվեարկություն. մենք լսել են շոտլանդացի ժողովրդի կամքը”:

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները գործում են ոչ միայն համացանցում, նրանք դուրս են գալիս փողոցներ: Արդեն մի քանի ցույցեր են կազմակերպվել: Ընդ որում, “45%” շարժմանը բազմիցս մեղադրել են թագավորության միասնականությունը պահպանելու կողմնակիցների դեմ ագրեսիվ վերաբերմունքի մեջ: Ինչևէ, անկախության կողմնակիցները հերքում են իրենց ուղղված բոլոր մեղադրանքրը: Տարբեր քաղաքական կուսակցությունների, շարժումների և հասարակական կազմակերպությունների անդամներ կարողացել են միավորվել ընդհանուր կարգախոսի ներքո, որպեսզի նոր պետության ստեղծման հարցը դուրս չգա օրակարգից և չկորցնի արդիականությունը:

Շոտլանդիայի նախկին վարչապետ, շոտլանդական Ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդն իր հերթին կարծում է, որ ապագայում երկիրը կարող է անկախանալ առանց հանրաքվեի, հայտնում է РИА “Новости”-ն: Սալմոնդը, ով հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Շոտլանդիան քվեարկության արդյունքում մնաց Մեծ Բրիտանիայի կազմում, հայտարարել է, որ հանրաքվեն պետության անկախությանը հասնելու լավագույն միջոցն էր, սակայն “այլ ուղիներ էլ կան”: Նրա խոսքերով, եթե շոտլանդական խորհրդարանը ավելի լայն լիազորություններ ստանա, որոշակի պահի երկիրն անկախ կլինի բոլոր չափանիշներով: Նրան կմնա միայն պաշտոնապես հայտարարել իր անկախության մասին, հայտարարել է Սալմոնդը՝ հավելելով, որ “բազմաթիվ պետություններ անցել են այդ ճանապարհը”: Նախկին առաջին նախարարը նշել է, որ ապագայում “հանգամանքները կարող են փոխվել”: Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել անկախության զանգվածային աջակցությանը մինչև 55 տարեկանների շարքերում, և հայտարարել, որ “ժողովրդագրական տվյալներն առաջիկա տարիներին անկախության շարժման աճ կգրանցեն”:

Նշենք, որ բազմաթիվ փորձագետների կարծիքով, շոտլանդական հանրաքվեի հետևանքները կանդրադառնան ոչ միայն Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի քաղաքական կյանքի վրա, այլև ԱՄՆ-ի: Նրանց խոսքերով, միացյալ Նահանգներն այնքան միասնական չեն, որքան կարող է թվալ օվկիանոսից այս կողմ, բազմաթիվ նահանգներում գործում են առանձնանալու կողմնակիցների խմբեր, և Շոտլանդիայի հանրաքվեն նրանց համար գործելու ազդնաշան դարձավ: Վերլուծաբանները նշում են, որ շոտլանդացիներն ապացուցել են աշխարհին, որ “առանձնանալն” օրինական և իրական քաղաքական հնարավորություն է, որից կարող են օգտվել փոքր ազգերը, եթե կապված են ավելի մեծ պետության հետ, գրում է “Дни.Ру”-ն: Այսպիսով, նույնիսկ հանրաքվեի բացասական արդյունքը մեծապես ոգեշնչում է անկախության կողմնակիցներին, և շոտլանդական հանրաքվեն պետք է օրինակ դառնա փոքր ժողովուրդների համար: Փորձագետներն ընդգծում են, որ իրենց ինքնորոշման օրինական իրավունքից առանց բռնության օգտվելու ժողովուրդների ցանկությունը գնալով ավելի պարզ հնչող նոտա է դառնում համաշխարհային քաղաքականությունում:

 23.09.2014