Շոտլանդիա. “Երազանքը երբեք չի մահանա”

Շոտլանդական հանրաքվեից հետո անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ Ուելսի անկախության կողմնակիցների թիվը նվազել է՝ հասնելով ամենացածր մակարդակի: Այս մասին վկայում են Ուելսում BBC-ի պատվերով անցկացված ICM Research ընկերության ուսումնասիրության տվյաները:

Նախորդ հինգշաբթի Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանաձնանալուն դեմ քվեարկեց երկրի բնակչության 55,3%-ը, կողմ՝ 44,7%-ը: ICM Research-ը հարցումն իրականացրել է 18 և բարձր տարիքի Ուելսի բնակիչների շրջանում: Հեռախոսով իրականացված հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1006 մարդ: Ըստ հարցման տվյալների, հարցվածների միայն 3%-ն են կողմ արտահայտվել Մեծ Բրիտանիայից Ուելսի առանաձնանալուն: Մինչդեռ հարցվածների 49%-ն աջակցել են Ուելսի Ազգային ասամբլեայի լիազորությունների ընդլայնման գաղափարը: Ասամբլեայի լիկվիդացմանը կողմ հանդես են եկել հարցվածների 12%-ը:

Ուելսի ազգային ասամբլեան, որն իրավունք ունի փոփոխություններ կատարել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընդունած օրենքներում, ստեղծվել է 1997 թվականին: 2006 թվականին ընդունվեց Ուելսի ղեկավարման մասին օրենք, որն ընդլայնում էր ասամբլեայի լիազորությունները: Չնայած դրան՝ Ուելսում արդեն տարիներ շարունակ քննարկվում է միացյալ Թագավորության կազմից դուրս գալու հնարավրությունը:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եղիսաբեթ II-ն ուրախությունից “մռռացել” է, երբ ինքը հայտնել է Շոտլանդիայի հանրաքվերում անկախությանը դեմ հանդես եկողների հաղթանակի մասին: Կառավարության ղեկավարի այս խոսքերը նախատեսված չեն եղել հանրության համար, սակայն դրանք “պատահմամբ” ձայնագրել են լրագրողները, հայտնում է ИТАР-ТАСС-ը: “Թեթևության զգացումն այսպիսի տեսք ունի, – ասել է Քեմերոնը: – Դա այն է, երբ դու՝ Միացյալ Թագավորության վարչապետը, զանգում ես Նորին Գերազանցությանը և ասում. “Ձերդ Գերազանցություն, ամեն բան կարգին է, ամեն բան լավ է”: “Դա աննկաարգրելի էր, – շարունակել է Քեմերոնը: – Նա հեռախոսով մռռաց”:

Եղիսաբեթ II-ը, ինչպես և պիտի վարվի միապետը համաձայն սահմանադրության, պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել շոտլանդական հանրաքվեի հարցում, թեպետ ԶԼՄ-ները և փորձագետները համոզված էին, որ նա խորապես անհանգստացած է Շոտլանդիայի առանձնանալու հավանականության պատճառով, նշում է РИА “Новости”-ն:

Փորձագետները նշում են, որ, չնայած հանրաքվեի արդյունքներին և այն հանգամանքին, որ այդ արդյունքները ողջունեցին համաշխարհային գերտերությունների և ՆԱՏՕ-ի ղեկավարները, եվրագոտու թուլացման, Շոտլանդիայի իրավունքների ընդլայնման և Եվրոպայի տնտեսապես զարգացած շրջանների՝ կենտրոնական պետություններից մեծ ինքնուրույնություն ստանալու ձգտման համատեքստում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար քաղաքական վտանգները պահպանվում են:

Բասկերի երկրում իշխող Բասկերի ազգային կուսակցության գլխավոր քարտուղար Անդոնի Օրտուսարը հայտարարել է, որ “Շոտլանդիայի հանրաքվեում ասված “ոչ”-ը չի փոխի դեպի ազատությունն ունեցած բասկերի ձգտումը”: Իրավիճակը գնահատել է նաև Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը: Նա հավաստիացրել է, որ Կատալոնիան շարունակելու է “ինքնիշխանություն ստանալու իր գործընթացը”, քանի որ այն “ամրապնել է ժողովրդավարության դասը, որը տվել է Միացյալ Թագավորությունը”: Հատկանշական է, որ Շոտլանդիայի անկախության կողմնակիցները ևս բացահայտ կերպով իրենց պարտված չեն զգում: Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Ալեքս Սալմոնը հանրաքվեից հետո հայտարարել է. “Շոտլանդիայի համար քարոզարշավը շարունակվում է, և երազանքը երբեք չի մահանա”:

 

Արմինե Հարությունյան