“Փախի՛ր, գնա՛, թող ճրագս չմարի”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Անահիտ Ղազարյանը

Երբ ծանոթացա “100 տարի… Իրական պատմություններ” ծրագրին, այդ ժամանակ նախկին աշակերտուհիներից մեկը՝ Սուսաննա Ստեփանյանը, այցելել էր ինձ: Զրույցի ընթացքում պատմեցի ծրագրի մասին, և պարզվեց, որ նրա պապիկին Ցեղասպանության ժամանակ փրկել են թուրքերը: Նա ինձ պատմեց հայրական կողմից իր պապի պատմությունը:

Նրանք եղել են Շատախից: Ցեղասպանության տարիներին նրա պապիկը մոտ 13-14 տարեկան է եղել: Շատախի բոլոր բնակիչներին թուրքերը հավաքել են և փակել եկեղեցում, որ հրդեհեն: Սուսաննայի խոսքերով իր պապի ընտանիքը շատ մեծ է եղել: Նրա մեծ պապը՝ Ստեփանը, զգալով, թե ինչ ճակատագիր է սպասում իր ընտանիքին, այդ թվում որդուն՝ Հակոբին, փորձում է ելք որոնել: Բայց ի՞նչ ելք գտնել, երբ բոլորի ձեռքերը կապված էին, այն էլ՝ մեջքի ետևում: Հանկարծ նա նկատել է, որ եկեղեցու պատը մի փոքր խարխլված է, և քարը հնարավոր է տեղահանել: Հակոբի հայրը սկսել է

հարվածել պատին ձեռքերով և մեջքով: Նույնիսկ այդ դժվարին պահին նա չի մոռացել իր դավանանքի մասին ու չի հարվածել ոտքով. եկեղեցու պատին ոտքով հարվածելը մեղք էր համարում: Կինն անընդհատ լաց էր լինում՝ խնդրելով, որ ամուսինը մի ճար անի, փրկի տղային՝ իր Հակոբին:

Ի վերջո, ինչ-որ հրաշքով, նա կարողացել է տեղահան անել դարավոր այդ եկեղեցու մի կտոր քար՝ որդուն ասելով. “Փախի՛ր, գնա՛, թող ճրագս չմարի”: Հակոբը նիհարիկ տղա է եղել, մի կերպ դուրս սողոսկելով եկեղեցու պատին բացված անցքից՝ սկսել է վազել: Հանկարծ լսել է թուրքի բղավոցը. “Գյավուրի տղեն փախավ”: Հետո հաջորդել է կրակոցը… Հակոբը զգացել է, որ մեջքին կապված իր ձեռքերը հանկարծ տաքացան, բայց շարունակել է խելակորույս վազել: Նա վազել է՝ չիմանալով, թե ուր է հասել: Հանկարծ ուշաթափվել է և ընկել:

Արթնանալով տեսել է, որ ինչ-որ թուրքի տանն է: Կողքին հղի մի թրքուհի է կանգնած, իսկ իր ձեռքերը կապկպված են տարբեր լաթերով: Այդ պահին գիտակցել է, որ վիրավոր է, սակայն առաջին միտքն այն է եղել, որ ինքն ազատ է, փրկվել է: Թրքուհին նրան կերակրել է և ստիպել, որ թաքնվի, քանի որ տղային փնտրելիս են եղել: Թուրքի տանը՝ պատի տակ, անկողիններ են շարված եղել: Կինն առաջարկել է Հակոբին պառկել անկողինների տակ: Քիչ հետո լսվել է թուրքերի գոռգոռոցը և թրքուհու պատասխանը, ով վստահեցրել է, որ տղան իր տանը չէ: Ի վերջո, զինվորները հեռացել են: Հետո թրքուհին ուտելիքի կապոց է տվել տղային, ցույց տվել փախուստի ապահով ճանապարհը: Հենց այսպես էլ փրկվել է շատախցի Հակոբը՝ Ստեփանի որդին, ով տարիներ անց իր թոռներին պատմել է. “Երբ հեռանում էի, ծխի հոտ զգացի: Ետ նայեցի… եկեղեցին այրվում էր…”

Նա փախել է և հասել Արարատի մարզի Ավշար գյուղ, այնտեղ ամուսնացել է, երեխաներ ունեցել: Թոռնուհու խոսքերով նա մշտապես ցանկացել է Արազն անցնել ու գնալ, մեկ անգամ էլ տեսնել հայրենի տունը…

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: