
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՍՏԱՏԻ ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում տեղի կունենա ԵՄ հանձնակատարի 27 թեկնածուների լսումները: Ինչպես նշում է Euobserver-ը, հղում կատարելով ԵՄ պաշտոնյաներից մեկին. “Եթե բոլոր թեկնածությունները հաստատվեն, լսումների պատմության ընթացքում դա կլինի առաջին դեպքը”:
Չորս տարի առաջ ԵՄ խորհրդարանը մերժեց Բուլղարայի ներկայացուցիչ Ռումիանա Յելեվայի թեկնածությունը, ում պատգամավորները մեղադրեցին ԵՄ շահերի հետ բախվող տեսակետներ ունենալու համար: 2004-ին Իտալիայի թեկնածու Ռոկո Բուտիլյոնեի թեկնածության դեմ պատգամավորները վետո էին կիրառել՝ միասեռականների և հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ վերջինիս պահպանողական հայացքների պատճառով:
ԵՄ պաշտոնյաները թարակարծիք են այն հարցում, թե ով է “ամենախոցելի” թեկնածուն: Սակայն մեծամասնության կարծիքով՝ այդ դերում կարող է հայտնվել Մեծ Բրիտանիայի թեկնածու Ջոնաթան Հիլը, ով առաջադրվել է Ֆինանսական հարցերով հանձնակատարի պաշտոնում:
Խորհրդարանի` Տնտեսական հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտո Գուալտիերին նշել է. “Կարծում եմ, լսումներն առհասարակ լարված կանցնեն, սակայն Հիլի թեկնածությունը ամենահակասականն է”:
Կանաչների ներկայացուցիչ Սվեն Գիգոլդն ասել է. “Հիլն ինքնին ԵՄ պայմանագրի խախտում է, որը նշում է, թե նրանք պետք է լինեն կոմպետենտ, ներգրավված լինեն եվրոպական խնդիրներում եւ լինեն անկախ: Սակայն եթե երկու խոշոր խմբակցությունները չցանկանան մեկուսացնել Բրիտանիային, Հիլի թեկնածության շուրջ համաձայնության կգան”:
Աղբյուրը՝ armedia.am