Ստեփանակերտում քննարկում են արտաքին քաղաքականության ակտուալ հարցեր

Ստեփանակերտում մեկնարկել է “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի շրջանակներում հերթական թրեյնինգը: Ավանդական դարձած միջոցառումները պարբերաբար անց են կացվում Ղարաբաղում Հայաստանից և ԼՂՀ-ից հայտնի փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքագետների մասնակցությամբ, որոնք դասախոսություններ են կարդում և բանավիճում տեղի երիտասարդների՝ ուսանողների, ասպիրանտների, մագիստրոսների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Շնորհավորելով երիտասարդների Ստեփանակերտի օրվա կապակցությամբ,  ”Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը նշեց, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից աջակցություն ստացող “Երիտասարդության ձայնը” ծրագրի խնդիր հանդիսանում է Արցախի երիտասարդությանը հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության առավել ակտուալ խնդիրների քննարկմանը մասնակից դարձնելը: Ծրագրի նպատակը տեղի երիտասարդներից փորձագետների նախապատրաստումն է, որոնց ձայնը լսելի կդառնա ողջ աշխարհում և որոնք ժամանակակից միջազգային հանրության հետ կխոսեն նրան հասկանալի լեզվով:

Հերթական թրեյնինգի շրջանակներում քննարկվելու են հետևյալ թեմաները. “Շոտլանդիա. անկախության մասին հանրաքվե. հեռանկարներ և դասեր”, “Անկանոն պատերազմները՝ որպես աշխարհաքաղաքական նախագծման գործիք. գործընթացների դինամիկան Մեծ Մերձավոր Արևելքում”. “Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերջին զարգացումների համատեքստում”, “Իրավիճակն Ադրբեջանի երրորդ սեկտորում. պատճառներ ու ենթադրություններ”: Թրեյնինգի ընթացքում քննարկումներ կանցկացվեն նաև “Եվրոպա. ակտուալ մարտահրավերներ և նոր պաշտոնյաներ”, “Ուկրաինա. ներկայիս իրավիաճակն ու դրա փոփոխության հնարավորությունները” և “Ժողովրդական դիվանագիտության գործիքները ղարաբաղյան կարգավորման համատեքստում” թեմաների շուրջ: Թրեյնինգը կշարունակվի երկու օր: Քննարկումների և թրեյնինգի արդյունքների մասին առավել մանրամասն կհաղորդվի ավելի ուշ:

 Աղբյուրը՝ www.armedia.am