“Տատիկիս կարոտից մի մասնիկ մնաց մեր մեջ”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Անահիտ Ղազարյանը

Սրբուհի տատիկս ծնվել է 1906 թվականին Վանի Ալյուր գյուղում, որը գտնվում է Վանա լճի արևելյան ափին: Նույն գյուղում էր ծնվել նաև Մամբրե պապս: Դեռ մանկուց նրանց ճակատագիրը որոշված է եղել. ծնողները նրանց “բաշիքյարթմա” էին արել: Մամփրե պապիս մասին իմ ունեցած տեղեկությունները շատ չեն, նա չէր սիրում խոսել։

Ամեն անգամ, երբ տատիկս պատմում էր Ցեղասպանության մասին, նա ծխում էր և սրտի խորքից հոգոց հանում: Ավելի շատ տեղեկություններ ունեմ Սրբուհի տատիկիս մասին: Նա հաճախ էր պատմում, կարծես չէր հանգստանում: Անանց կարոտ էր զգում իր հայրենի գյուղի հանդեպ և մինչև կյանքի վերջին պահն անընդհատ ասում էր. “Օր մը կերթամ իմ խոր տուն”:

Դեպքերի նախօրեին Ալյուր գյուղը սովորական առօրյայով է ապրել: Տատիկիս տուն այցելել է նրա հոր՝ Մարգար պապիկիս թուրք ծանոթներից մեկը, որպեսզի զգուշացնի սպասվող հարձակման մասին: Այդ պահին տանը եղել են տատիկս, նրա հորաքույր Նոյեմզարը, ով դեռ ամուսնացած չէր, և նրա մայրը՝ Ենգիբարը: Երբ թուրք ընկերը տեսել է, որ մեծ պապիկս տանը չէ, առաջարկել է նրանց իր տանն ապաստանել: Նրանք գնացել են և որոշ ժամանակ թաքնվել այնտեղ, սակայն հարևանները նկատել են, որ տանը հայեր կան, ուստի տանտիրոջն էլ էր վտանգ սպառնում: Ստիպված դուրս են եկել այդտեղից: Դա զուգադիպել է այն պահին, երբ Ալյուր գյուղում սկսվել են սարսափելի կոտորածներ: Ի դեպ, Ալյուրը համարվել է տարածքի ամենամեծ և ամենահայաշատ գյուղը, ունեցել է երկու հայկական եկեղեցի, երկսեռ վարժարան: Բայց ամբողջ գյուղը մինչև լուսաբաց մոխրի է վերածվել: Տղամարդիկ ովքեր հասցրել են փախչել, փրկվել են, մյուսներին կոտորել են, այրել, սպանել… Կանանց ու երեխաներին լցրել են եկեղեցին ու դռներն ամուր փակել: Շուրջ 40 օր անհաց ու անջուր մնացել են եկեղեցում: 41-րդ օրը դռները բացվել են: Բանտարկվածների մեծ մասը սովամահ է եղել: Կենդանի մնացածներին ստիպել են բռնել աքսորի ճամփան: Վանա լճի մոտով անցնելիս երկու կին խաչակնքվել են ու ժայռից նետվել…

Գաղթականների խմբին տարել են Սալմաստ: Այստեղ որոշ ժամանակ մնացել են վրաններում: Գաղթի ճանապարհին՝ նախքան Սալմաստ հասնելը, տատիկիս մայրը չի դիմացել ճանապարհի դժվարությանը, հիվանդացել է տենդով: Տատիկս փաթաթվել է մորը, խնդրել, որ վեր կենա, փորձել է տաքացնել, սակայն մայրը մահացել է: Հորաքույրը դժվարությամբ կարողացել է երեխային բաժանել արդեն անշնչացած մորից և տանել: Հորաքույր Նոյեմզարը երեխայի հետ նստել է պատահական մի պատի տակ: Քիչ հետո դարպասը բացվել է, և չադրայով մի կին նրանց ներս է կանչել, կերակրել: Մի փոքր հանգստանալուց հետո տատիկս և նրա հորաքույրը ճանապարհը շարունակել են գաղթականների մյուս խմբի հետ: Այսպես հասել են Սալմաստ: Սալմաստից մեկնել են Բաղդադ: Տատս պատմում էր, որ իրենք արմավենու ծառերի տակ էին քնում: Բաղդադից նրանց նավով տեղափոխել են Բաթում: Ամենավատն այն է, որ Բաթումում տատս և Նոյեմզար հորաքույրը կորցրել են միմյանց: Այս ընթացքում Մարգար պապս գալիս է ընտանիքի հետքերով, և ճակատագրի բերումով նրանց նավերը գրեթե միաժամանակ ժամանում են Բաթում: Այստեղ նա գտնում է Նոյեմզարին: Նրանք միասին երկար ժամանակ փնտրում են տատիկիս՝ Սրբուհուն, բայց ապարդյուն: Արդեն բոլորովին հուսալքված՝ նա իր քրոջ հետ մեկնում է Ամերիկա: Այդ ընթացքում Սրբուհին խառնվում է գաղթականների մի խմբի։

Գաղթականների շարքում ճակատագրի բերումով նա հանդիպում է Մամբրե պապիկիս: Երկուսով փնտրում են հորաքրոջը, սակայն նրանց ճանապարհները չեն խաչվում: Տատիկս Մամբրե պապիկիս հետ գալիս է Արևելյան Հայաստան՝ Արտաշատ: Հաջորդ տարի՝ 1921 թվականի աշնանը, ժամանում են Դավալու: Պապիկս և տատիկս ամուսնանում են, սակայն փնտրտուքները շարունակվում են: Ինչ-որ հրաշքով մեծ պապիկս կարողանում է ճշտել տատիկիս գտնվելու վայրը: Տատիկիս ուրախությունն այդ օրերին նկարագրել

հնարավոր չէ… Սակայն նրանք չկարողացան հանդիպել: Այդպես էլ, հավերժ կարոտը սրտում, տատիկս հրաժեշտ տվեց կյանքին՝ անվերջ պատմելով, բարձրաձայնելով իր վշտի մասին… Այդ կարոտից մի մասնիկ մնաց մեր մեջ, մեր արմատներում…

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: