“Կոտորված գերդաստանի երկու փրկված շիվ ուխտ արեցին, որ հյուսվեն միմյանց և դառնան հաստաբուն կաղնի…”

 “100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Եղիսաբեթ Բալթայանը

 Մայրս` Ազնիվ Բալթայանը, Սեբաստիայի Տիվրիկ քաղաքից էր: Նա Ցեղասպանության զոհ դարձած գերդաստանի միակ փրկվածն է:

Մայրս պատմում էր, որ մի թուրք հարևան են ունեցել, ով շատ հարազատ է եղել իրենց: Մի երեկո, երբ տան տղամարդիկ պանդխտության էին մեկնել, այս թուրք փաշան այցելում է իրենց: Մայրս ասում էր, որ իրենց տանը նա կարծես ընտանիքի անդամ լիներ: Փաշայի մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, և Ազնիվի մեծ մայրը` Նազիկը, իր որդու պես նրան պահել, մեծացրել էր: Թուրքը Նազիկին “մեծ մամ” էր ասում:

Մայրս` Ազնիվը, այդ ժամանակ 6 տարեկան էր: Նա իր երկու քույրերի հետ դուրս է գալիս հյուրին դիմավորելու և ականատես է լինում խոսակցությանը: Ներս գալով և սեղանի շուրջ տեղավորվելով՝ թուրքը Նազիկ “մեծ մամին” հայտնում է, որ “թուրքական կառավարության որոշում կա` տեղահան անել հայ ազգաբնակչությանը, կոտորել և բնաջնջել հայ ազգը”: Նա Նազիկին առաջարկում է իր տանն ապաստան գտնել և նույնիսկ մի առանձին անկյուն է խոստանում հատկացնել սրբապատկերների համար, որտեղ Նազիկ մամը կաղոթեր: Նա ասում է, որ լինելով մեծ հնարավորությունների տեր՝ կկարողանա նրանց ողջ ընտանիքը պաշտպանել: Այս ժամանակ բոլորը տագնապած սպասում են Նազիկի արձագանքին, նա էլ մերժում է՝ ասելով, թե որտեղ հայ ժողովուրդը, այնտեղ էլ իր գերդաստանն ու ընտանիքը, եթե բնաջնջեն հայերին, նրանց հետ թող իր ընտանիքն էլ կոտորվի: Այս լսելով՝ թուրք փաշան հեռացավ և այլևս չվերադարձավ, իսկ մի քանի օր անց կատարվեց այն, ինչի մասին նա ասում էր:

Երբ գալիս է ապրիլը Բալթայան գերդաստանը մյուս հայ ընտանիքների հետ միասին բռնում է գաղթի ճանապարհը: Քանի որ մայրս փոքր էր, նրան գրկից գիրկ էին փոխանցում, շատ հաճախ հոգնում էր, տատին խնդրում, որ կանգ առնեն` հաց ուտելու կամ ջուր խմելու: Ճանապարհին պատահած մի դեպքի ժամանակ նրա աչքի առջև սպանում են իր քույրերից մեկին` գլուխը կտրելով նետում ջուրը, ինչը մայրս շատ ծանր է տանում:

Ճանապարհի մի հատվածում գաղթականների քարավանը դադար է առնում, այդ ընթացքում նաև նկատում են, որ թուրք զինվորների վերաբերմունքն իրենց հանդեպ փոխվել է. նրանք բռնության ոչ մի քայլ չէին անում, հակառակը՝ հորդորում էին հանգիստ և դանդաղ գնալ, քանի որ դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու:

Հեռվում տեսնելով ամերիկյան որբանոցի աշխատակիցներին՝ բոլորը հասկանում են թուրքերի խորամանկության պատճառը:

Ամերիկացիները հավաքագրում էին անչափահասների, որոնց շարքերում ընդգրկվում է նաև մայրս` Ազնիվը: Քրոջ մահն իր աչքերով տեսած մայրս դժկամությամբ է բաժանվում տատից և մյուս քրոջից: “Տուն ու տեղ ստեղծի՛ր ու մի՛ մոռացիր գերդաստանդ,- Ազնիվին կրծքին սեղմելով՝ ասում է Նազիկ տատը: – Հիշողությանդ մեջ կպահե՛ս տանջանքներիդ ճանապարհը”:

Հեռացող բեռնատարի միջից մայրս աչքը չի կտրում երկար ձգվող քարավանից` փնտրելով իր քրոջն ու տատին:

Մայրս ամուսնանում է Ազարիա Պատրակչյանի հետ, ով նույնպես Սեբաստիայից էր` Պատրին գյուղից: Նրանք հանդիպել էին որբանոցում: Քսան տարի Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապրելուց հետո 1946 թ.-ին տեղափոխվում են Հայաստան: Երկուսի գերդաստանն էլ ապրել էր ողբերգությունը, ինչպես իրենք էին ասում. “Երկուսն էլ կոտորված գերդաստանների փրկված շիվեր էին և ուխտ էին արել, որ հյուսվեն միմյանց ու դառնան հաստաբուն կաղնի”…

Պատմությունը “Կաղնու դալար շիվը” վերնագրով տպագրվել է նաև “Խարիսխ” ամսագրի 2005 թ. մարտ/ապրիլ համարում:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: