SolveNet Հայաստան․ սեպտեմբերյան զարգացումներ

ԵՄ կողմից ֆինանսավորվող “SolveNet” ծրագրով սեպտեմբերին տեղի է ունեցել ևս մեկ միջոցառում՝ նվիրված քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը, որին մասնակցել են Հայաստանում հասարակական կազմակերպությունների և  ՏԻՄ ներկայացուցիչներ։ Իսկ www.publicpolicies.am հասցեում գործող քաղաքացիների ներգրավվածության առցանց հարթակում հանրային կարևորության նոր խնդիրներ ու լուծման նոր առաջարկներ են բարձրացվել, դրանց ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել։

Մասնավորապես, սեպտեմբերի 9-ին Երևանում անցկացվեց տեղական զարգացման քաղաքականություններում քաղաքացիների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվական սեսիա, որին մասնակցեցին ծրագրի թիրախային մարզերից՝ Տավուշից, Գեղարքունիքից և Սյունիքից 30 ՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց “SolveNet” ծրագիրը, հանրային քաղաքականության “ՍՄԱՐԹ” մեթոդը և ծրագրով Հայաստանում գործող քաղաքացիների ներգրավվածության առցանց հարթակը։ Մասնակիցները կիսվեցին տեղական զարգացման քաղաքականություններին մասնակցության իրենց փորձով, որին հաջորդեց թեժ քննարկում քաղաքացիների ակտիվ ներգրավվածության շուրջ։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ակտիվություն է նկատվել նաև ծրագրի հայաստանյան առցանց հարթակում (www.publicpolicies.am), որտեղ սեպտեմբերին տեղ են գտել ևս 2 խնդիր՝ Տորունիքի ու Դաստակերտի համայնքներում տրանսպորտի և սկսնակ ՓՄՁ-ների վարկավորման պայմանների վերաբերյալ։ Վերջինիս ուղղությամբ ներկայացված առաջարկների, ինչպես նաև փորձագետների հետ խորհրդակցության արդյունքում կազմվել է նամակ-առաջարկ և ներկայացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին։ Նամակ-առաջարկին կարելի է ծանոթանալ նշված հարթակում։ Հարթակում առկա այլ խնդիրներին ևս տրվել են լուծման նոր առաջարկներ, որոնց ամբողջացման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի նկարագրությունը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Հայաստանում իրականացնում է ԵՄ կողմից` “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիրը “SMART” զարգացման կենտրոնի (Ռումինիա), “Ստորին Դանուբ եվրաշրջան” միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա),  “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), ինչպես նաև “Հանրային քաղաքականության ինստիտուտ”-ի (Մոլդովայի Հանրապետություն) հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացումը և ՓՄՁ ներկայացուցիչների մասնակցության խրախուսումը՝ ուղղված տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների  առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:

Հայաստանում ծրագրի թիրախ խմբերն են`

-          Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները,

-          Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեղական կառավարման մարմինները,

-          Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի փոքր և միջին ձեռնարկատերերը:

 

Կոնտակտային տվյալներ՝ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ, Վարդանանց 28/2-34, Երևան 0070, Հայաստանի Հանրապետություն, Հեռ. +37410 52 84 72, Էլ․փոստ՝ info@europeanintegration.am, Կոնտակտային անձ՝ Հեղինե Նազարյան (ծրագրի համակարգող), Հայկուհի Կաթրջյան (հաղորդակցության մենեջեր)

Սույն տեղեկագիրը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Սույն տեղեկագրի բովանդակության համար միակ պատասխանատուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող արտացոլել Եվրոպական միության տեսակետը։