“Արցախի երիտասարդության ձայնը”: Շոտլանդիայի հանրաքվեից և “Իսլամական պետության” սպառնալիքներից մինչև ղարաբաղյան հակամարտություն

  “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի շրջանակներում “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն այս տարի արդեն երրորդ անգամ թրեյնինգ է կազմակերպում Ղարաբաղի մայրաքաղաքում  այն երիտասարդների համար, որոնք հետաքրքրվում են արտաքին քաղաքականության հարցերով և ցանկանում են ասել իրենց սեփական խոսքը: Արդեն ավանդույթ է դարձել, որ երիտասարդներն Ստեփանակերտից և Երևանից հայտնի փորձագետների և վերլուծաբանների հետ քննարկում են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Եվ այս անգամ, նույնիսկ չնայելով միջոցառման ծրագրին, կարելի էր ակնկալել, որ քննարկումների հիմնական հարցեր լինելու են Շոտլանդիան, որտեղ վերջերս տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունից առանձնանալու մասին հանրաքվե, Ուկրաինան, որտեղ ճգնաժամն առայժմ ակտուալ է, Սիրիան՝ արդեն “Իսլամական պետության” գործոնի ֆոնի վրա և, իհարկե, Ղարաբաղը և դրա շուրջ զարգացումները:
      Առհասարակ, բոլոր դասախոսություններն ու քննարկումներն այս կամ այն չափով “վերադառնում” էին Ղարաբաղ: Շոտլանդական հանրաքվեի հեռանկարներն ու դասերը, իրադարձությունների ի՞նչ զարգացում կարելի է սպասել աշխարհում և Եվրոպայում շոտլանդացիների նման կամարտահայտումից հետո. այս հարցերին փորձեցին պատասխան գտնել դասախոսներ, որոնք եղել են Շոտլանդիայում երկու տարի առաջ: Նրանք Ղարաբաղի երիտասարդ ակտիվիստներին ներկայացրին շոտլանդացի քաղաքական գործիչների, տնտեսագետների, շարքային քաղաքացիների հետ հանդիպումներից իրենց ստացած տպավորությունները՝ պատմելով շոտլանդացիների կարծիքների մասին այն հարցի շուրջ, որ ժողովրդավարության և կամարտահայտման նման դասը չի կարող գոնե մասնակի ազդեցություն չունենալ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:
“Անկանոն պատերազմները՝ որպես աշխարհաքաղաքական նախագծման գործիք. գործընթացների դինամիկան Մեծ Մերձավոր Արևելքում”. այս դասախոսության ընթացքում նախագծի մասնակիները զրուցեցին համաշխարհային նոր սպառնալիքներից մեկի՝ “Իսլամական պետության” մասին: Ինչպե՞ս է այն ձևավորվել, որո՞նք են նրա նպատակները, ինչպե՞ս է այն մոտենում մեր տարածաշրջանին և ինչպե՞ս դրանում ներգրավված կլինեն մեր հարևան երկրները՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան: Այս հարցերի որոնման նպատակով թրեյնինգի մասնակիցները դասախոսի հետ փորձեցին հնարավորությունների հարթակ գտնել Հայաստանի և Ղարաբաղի համար:
Ակտիվիստների համար մեր տարածաշրջանում մեկ այլ ակտուալ թեմա հանդիսացավ ազատ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների քաղաքականության սաստկացումը, ինչը հստակ անդրադառնում է նաև հայերի և ադրբեջանցիների ոչ կառավարական երկխոսության վրա: “Իրավիճակն Ադրբեջանի երրորդ սեկտորում. պատճառներ ու ենթադրություններ”. այս քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ ծանոթ անուններ և փաստեր, իսկ իրավիճակի վերլուծությունը ցույց տվեց, որ տվյալ հանգամանքներում և ուժերի այսօրվա դասավորությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների դրության բարելավում ակնկալել հնարավոր չէ:
      “Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերջին զարգացումների համատեքստում” դասախոսության ընթացքում իրականացվեց շփման գծում օգոստոսին իրավիճակի սրումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո իրադարձությունների վերլուծություն: Չնայած այն հանգամանքին, որ այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, չնայած իր մշտական ռազմական հռետորաբանությանը, քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում զգոնությունը պետք է պահպանել ամեն օր և ամեն ժամ:
Երկու աշխատանքային օրերի ընթացքում քննարկումներ անցկացվեցին “Եվրոպա. ակտուալ մարտահրավերներ և նոր պաշտոնյաներ”, “Ուկրաինա. ներկայիս իրավիաճակն ու դրա փոփոխության հնարավորությունները”, “Ժողովրդական դիվանագիտության գործիքները ղարաբաղյան կարգավորման համատեքստում” թեմաների շուրջ: Թրեյնինգի մասնակիցները պայմանավորվեցին ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումն անցկացնել նոյեմբերին՝ Կատալոնիայի հանրաքվեից հետո: Բազմաթիվ երիտասարդ ղարաբաղցիներ գրել էին գնահտման թերթիկներում, որ հիանալի կլիներ, եթե նման թրեյնինգները պահպանեին իրենց պարբերաբար բնույթը, որպեսզի առավել մեծ թվով մասնակիցներ ներգրավվեին, առավել հաճախ անցկացվեին, ինչպես նաև քննարկեին ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի (Ստեփանակերտ) հետ համագործակցությամբ:
Աղբյուրը՝ www.armedia.am