Մեծ Բրիտանիան կրկին “ամուսնալուծության” եզրին է. այժմ ԵՄ-ի հետ

Մեծ Բրիտանիան կարող է “շատ բան կորցնել”, եթե դուրս գա Եվրամիության կազմից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, ով Լոնդոնում հանդիպում է ունեցել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ: “Բրիտանիան և հատկապես Լոնդոնը շատ բան կկորցնեն, եթե երես թեքեն Եվրոպայից: Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի մեծ Բրիտանիան մնա Եվրոպական միությունում”, – հայտարարել է Վալսը, հայտնում է РИА “Новости”-ն: Նա նաև կոչ է արել Մեծ Բրիատնիայի վարչապետին համատեղ ջանքեր գործադրել Եվրոպայի վերափոխման համար այն “ժողովրդին առավել հասանելի դարձնելու” նպատակով: “Մեծ Բրիտանիայի ճակատագիրը կապված է Եվրամիության հետ, – նշել է նա, – և բաժանումն աղետ կլինի երկուսի համար էլ”: Նա հավելել է, որ Ֆրանսիան անձամբ չի ցանկանում ԵՄ-ում գործընկեր կորցնել Մեծ Բրիտանիայի տեսքով: “Մենք պետք է շարունակենք համագործակցությունը և նպաստենք տարբեր ոլորտներում միմյանց զարգացմանը”, – հայտարարել է Վալսը:

Մեծ Բրիտանիան Գերմանիայից և Իտալիայից հետո երկրորդ ներդրողն է հանդիսանում Ֆրանսիայում: Բացի այդ, բրիտանացի ներդրողները շատ ավելի միջոցներ են ներդնում Ֆրանսիայում, քան այլ եվրոպական երկրներում:

Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալն իր համար ավելի ծանր հարված կլիներ, քան երկրի դուրս գալը ԵՄ-ից: Քեմերոնը նշել է, որ ինքը մշտապես ընդունելու է որոշումներ, որոնք ձեռնտու կլինեն նախ և առաջ Մեծ Բրիտանիային, ոչ թե նրա գործընկերներին: “Միացյալ Թագավորության հանդեպ իմ զգացմունքները հազար անգամ ավելի ուժեղ են, քան Եվրամիության հանդեպ, – Քեմերոնի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: – Միացյալ Թագավորությունը դա այն հարցն է, որ կարող է կոտրել իմ սիրտը: Իսկ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցը գործնական է: Ի՞նչն է ավելի լավ Միացյալ Թագավորության համար: Ինչպե՞ս մենք կարող են ավելի լավ պայմաններ ստեղծել Մեծ Բրիտանիայի համար: Այս ամենին ես շատ լուրջ եմ վերաբերվում: Նախ և առաջ ինձ հուզում է թագավորության ճակատագիրը, ոչ թե Եվրամիության”:

Քեմերոնի կարծիքով, Մեծ Բրիատնիան պետք է դուրս գա Եվրամիության կազմից: Քեմերոնը հայտարարել է, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում ինքը կանի հնարավոր ամեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու համար և խորհուրդ կտա Միացյալ Թագավորության քաղաքացիներին կողմ քվեարկել առանձնանալուն: Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից առանձնանալը ձեռնտու է Մեծ Բրիտանիային: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո ինքը կկարողանա ԵՄ ղեկավարների հետ պայմանավորվել սերտ համաձայնության մասին, որն առավելագույնս փոխշահավետ կլինի չորս գլխավոր ոլորտներում. կապիտալ, ապրանքներ, ծառայությունների ոլորտ, աշխատուժ: Ներկայումս Մեծ Բրիտանիան հանդիսանում է Եվրամիության անդամ, սակայն չի մտնում եվրագոտու և Շենգեն գոտու մեջ: Դևիդ Քեմերոնը հետևողականորեն կողմ է հանդես գալիս եվրաինտեգրման սահմանափակմանը և Միացյալ Թագավորության ներքին գործերի վրա Բրյուսելի ազդեցության թուլացմանը: Քեմերոնի կարծիքով, ԵՄ-ն պետք է Մեծ Բրիտանիային ավելի լայն լիազորություններ և ինքնուրույնություն տա մի շարք հարցերում, մասնավորապես սեփական սահմանների վերահսկման և միգրացիայի սահմանափակման:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտ 50%-ը ցանկանում են, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: Համաձայն The Guardian թերթի կողմից անցկացված հարցման արդյունքների, բրիտանացիների 48%-ը հայտարարում են, որ կողմ կքվեարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, եթե պահպանվեն անդամակցության ներկայիս պայմանները: Հարցվածների 37%-ը հայտարարել են, որ դեմ կքվեարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:

 

Աղբյուրը՝ armedia.am