“Բիթլիսում շատ հայերի են կոտորել, բայց մեծ պապիս ընտանիքին հաջողվել է փրկվել ջարդերից…”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Հարություն Բերբերյանը

 Իմ ընտանիքում թե՛ մորս, թե՛ հորս ընտանիքները գաղթել են Ցեղասպանության հետևանքով: Հիշում եմ, որ փոքր ժամանակ քնելուց առաջ մեզ հեքիաթ պատմելուն զուգահեռ՝ տատիկ-պապիկներս պատմում էին նաև իրենց գաղթի, փրկության, անցյալի պատմությունները: Շատ-շատ ենք լսել այդ պատմությունները, բայց ամեն անգամ դրանք այլ կերպ էին հնչում՝ նոր ու հետաքրքիր մանրամասնություններով ու հիշողություններով: Այդ ամենի հիմնական նպատակն այն էր, որ մենք այդ պատմությունները չմոռանանք, միշտ հիշենք:

Հորս պապը` Եղիշը, ամբողջ ընտանիքով գաղթել է Բիթլիսից, եթե չեմ սխալվում՝ 1915 թվականի ջարդերից անմիջապես առաջ: Վերջինս Բիթլիսում ապրելու տարիներին զբաղվում էր կոշկակարությամբ: Մեր ընտանիքի ազգանունը սկզբնապես Եղիազարյան էր (կամ Տեր-Եղիազարյան), բայց նրանց Ղփեյանց էին կոչում:

Գաղթի ժամանակ սահմանն անցնելիս Ղփեյանց ազգանունն էլ է վերափոխվում՝ ռուս սահմանապահների արտասանությամբ դառնալով Կբեյանց:

Հորս պապիկի և իր ողջ ընտանիքի փրկության պատմությունը շատ հետաքրքիր է, քանի որ, ինչպես գիտենք, Բիթլիսում շատ հայերի են կոտորել: Մեծ պապս, մեծ շրջապատի տեր լինելով, շատ ընկերներ ու գործընկերներ ուներ քրդերի ու թուրքերի շրջանում: 1915 թվականի ջարդերից առաջ այդ ամենի մասին նրան զգուշացնում է թուրք ծանոթներից մեկը, ինչի շնորհիվ հորս պապը կարողանում է փրկվել՝ իր հետ Հայաստան բերելով նաև ողջ ընտանիքն ու մահացած եղբոր որդիներին: Հորս պապը երեք տղա և հինգ աղջիկ է ունեցել: Իմ պապը՝ Նիկոլը, եղել է ընտանիքի երկրորդ որդին, իսկ ավագը՝ Աշոտը, գաղթի ժամանակ Արաքսն անցնելիս ընկել է սայլից և կորել:

Քանի որ մեծ պապիս նախապես էին զգուշացրել սպասվող վտանգի մասին, նա բավականին ժամանակ ուներ հավաքելու իր ունեցվածքը և գաղթի ճամփան բռնելու: Այսպիսով՝ պապս կարողացել է որոշ բաներ իր հետ բերել Հայաստան: Երևան գալով՝ հայրական ընտանիքս հաստատվում է այստեղ և նոր կյանք սկսում:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: