“Հնարավոր չէ նկարագրել` որքան մեծ է լինում Հարություն պապի ցավն ու հուսահատությունը, երբ իր գյուղը գտնում է ավերված…”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Հարություն Բերբերյանը

Հարություն Բերբերյանը, ում անունն ու ազգանունը կրում եմ ես, մայրիկիս պապն է: Նրա պատմությունը շատ ողբերգական է ու անչափ հուզիչ: Արմատներով նրանք եղել են Վանից, բայց հետո տեղափոխվել են Անկարայի Յոզգաթ ավան: Չգիտեմ, թե ինչու է նրանց ազգանունը փոխվել ու դարձել Բերբերյան, բայց պատմել են, որ նրանք նախկինում Տեր-Գաբրիելյան ազգանունն են ունեցել, քանի որ Հարություն պապը և պապի պապը եղել են քահանաներ: Բերբերյան ազգանվան ծագման մի վարկած կա: Մայրիկիս պապի՝ Հարությունի հորեղբայրը ինչ-որ ժամանակ Ստամբուլում աշխատել է սափրիչ, թուրքերեն՝ “բերբեր”: Երևի թե հենց այստեղից էլ առաջացել է Բերբերյան ազգանունը:

Հարություն Բերբեյանը երիտասարդ տարիներին գնացել է Ստամբուլ՝ սովորելու: Նա շատ կրթված մարդ է եղել: Տիրապետել է մի քանի լեզվի, լավ մաթեմատիկա է իմացել: Հայաստան գաղթելուց հետո էլ աշխատել է դպրոցում և անվանի ու հարգված մարդ է եղել:

Հենց ուսանելու տարիներին՝ Ցեղասպանության ժամանակ, ինչ-որ մի թուրք (հավանաբար մեկը, ով հստակ տեղեկության է տիրապետել), զգուշացնում է Հարություն պապին, որ ջարդեր են լինելու: Հարություն պապը, կարողանալով խուսափել զինվորական հավաքագրումից, շտապում է իր հայրենի գյուղ՝ Յողզլաթ՝ գտնելու ու զգուշացնելու սպասվող վտանգի մասին եղբայրներին ու ծնողներին: Իհարկե, նրան չէր հաջողվի ողջ և առողջ դուրս գալ Ստամբուլից, եթե չլիներ թուրքերի օգնությունը: Վերջիններս Հարություն պապի համար կեղծ փաստաթղթեր են պատրաստում, ինչի շնորհիվ էլ նա կարողանում է հասնել իր հայրենի գյուղ: Թե որքան մեծ է լինում Հարություն պապի ցավն ու հուսահատությունը, երբ նա գյուղը գտնում է ավերված, հնարավոր չէ նկարագրել: Գյուղում ոչ ոք չկար՝ այդ թվում և նրա ընտանիքը: Չիմանալով ինչ անել՝ Հարություն պապը գնում է կողքի գյուղ, որտեղ ապրում էր նրա հոր ընկերը՝ հույս ունենալով, որ ընտանիքին կարող է այնտեղ գտնել: Մտնելով կողքի գյուղ՝ նրա առջև բացվում է դաժան մի տեսարան. ամբողջովին ավերված տներ ու փողոցներում ընկած դիակներ: Կանանց դիակների կույտի մոտ Հարություն պապը մի աղջիկ երեխայի է տեսնում (մոտ 12-14 տարեկան), ով կենդանության նշաններ էր ցույց տալիս:

Վերցնելով երեխային ձեռքերի մեջ՝ Հարություն պապը նկատում է, որ նա որևէ վերք չունի և արյան հետքեր էլ չկան: Հասկանալով, որ աղջիկը թույն է խմել՝ նա երեխային տանում է մի գոմ, մածուն է խմեցնում ու ոտքերից կախում է գոմի երդիկից այնքան ժամանակ, մինչև այդ ամբողջ լեղին ու թույնը գալիս, թափվում են ստամոքսից: Փրկելով երեխայի կյանքը՝ Հարություն պապը ստանձնում է այդ երեխայի մասին հոգալու պատասխանատվությունը և նրա հետ ճանապարհ է ընկնում՝ փնտրելու իր հարազատներին: Ճանապարհին նրան հայտնում են, որ եղբայրներից մեկը Էրզրումում է: Հույսով լցված՝ Հարություն պապն ու այդ փոքրիկ աղջիկը՝ Մարիամը, ուղևորվում են Էրզրում, սակայն եղբորը գտնելու Հարությունի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում: Միայն շատ տարիներ հետո է նրան հաջողվում եղբորը գտնել, ով փախել էր Նախիջևան, այնտեղից էլ Լիբանան:

Հույսը կտրած՝ Հարություն պապը երեխայի հետ անցնում է սահմանը և հասնում Երևան, որտեղից էլ ուղևորվում է Վարդենիս: Մի քանի տարի անց, երբ Մարիամը մեծանում է, Հարությունն ամուսնանում է նրա հետ: Նրանք ունենում են հինգ աղջիկ: Բերբերյանների ազգանունը պահպանելու և գերդաստանը շարունակելու համար էլ, երբ որ ծնվում եմ ես, ծնողներիս խնդրում են, որպեսզի ինձ անվանեն Հարություն ու տան հենց Բերբերյան ազգանունը:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: