“Հորաքրոջս հետ ամուսնանալու համար Մեհմեդի նկատմամբ հարազատները մահափորձ են իրականացնում”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Նուբար Չալըմյանը

Իմ նախահայրերը ծագումով Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից են: Որևէ կապ Արևելյան Հայաստանի հետ երբևիցե չենք ունեցել: Ինքս ծնվել եմ Իրաքում: 11 տարեկան էի, երբ ներգաղթեցինք Արևելյան Հայաստան: Պապիս հոր կամ մոր մասին տեղեկություն ես չունեմ, նույնիսկ անունները չգիտեմ, որովհետև 15 թվականի Ցեղասպանության ժամանակ իմ հայրն ընդամենը 3 տարեկան է եղել: Նա չէր հիշում իր հորը, երբևէ նույնիսկ նրա նկարը չէր տեսել, քանի որ հրոսակները զավթել էին նրանց ողջ ունեցվածքը և այն կապոցում, որի մեջ շատ ու շատ իրեր են եղել, եղել է նաև նրանց

ընտանեկան լուսանկարների ալբոմը: Պապիս տեսել և հիշում էր միայն ավագ հորաքույրս, ում մասին էլ կպատմեմ: Ցեղասպանության ժամանակ նա առնվազն 12-13 տարեկան աղջնակ է եղել: Ցեղասպանությունից մազապուրծ եղած տատիկիս՝ Սոլոմեին, ես ինքս էլ տեսել եմ: Նա ազգությամբ կիսով չափ ասորի էր:

Չալըմյանները բավականին մեծ տոհմ են եղել: Գերդաստանի մի մասը՝ պապիկիս ընտանիքը, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եղել: Մյուս մասը հարել է բողոքականներին. ինչպես գիտենք, Տիգրանակերտում գործում էր նաև ավետարանչական եկեղեցի: Բողոքականներին հարող մասը Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին, հեռացել է Թուրքիայից՝ մեկնելով Եվրոպա: Չեմ կարող ասել՝ նրանք ավելի շուտ են զգացել այդ վտանգը, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք գրեթե կորուստ չեն ունեցել: Իսկ պապիկս և նրա եղբայրները սպանվել են 1915 թվականի դեպքերի ժամանակ: Բավականին երկար ժամանակ նրանց ձեռք չեն տվել, քանի որ արհեստավորներ են եղել, իրենց արհեստի շնորհիվ որոշ ժամանակ կարողացել են փրկվել կոտորածներից:

Հորս ընտանիքը բնականաբար առնչվել է Տիգրանակերտում ապրող թուրքերի հետ, նրանք բոլորը հիանալի տիրապետում էին թուրքերենին: Մեհմեդ անունով մի թուրք, որին ես չեմ հիշում, Ցեղասպանության ընթացքում հորս ընտանիքին թաքցրել է: Այդ թուրքին հետապնդել են իր հարազատները, որպեսզի սպանեն, քանի որ նա օգնել էր “գյավուրներին”: Հետո նա ամուսնացել է իմ երեք հորաքույրներից մեծի՝ Ազնիվ Չալըմյանի հետ, չնայած նա հորաքրոջիցս 13-14 տարով մեծ է եղել: Նրանք ամուսնանում են և որոշում են թողնել Տիգրանակերտն ու հաստատվել Իրաքում: Մեհմեդի հարազատները` մասնավորապես եղբայրները, չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց եղբայրն ամուսնացել է հայուհու հետ և որոշում են հետապնդել ու սպանել նրան: Նրանք ծպտված գալիս են Իրաք, գիշերը մահափորձ են իրականացնում, սակայն անհաջող: Մեհմեդը միայն վնասվածքներ է ստանում:

Մեհմեդն ու հորաքույրս ունենում են երկու զավակ՝ մի տղա և մի աղջիկ: Նրանք բոլորն էլ ունեցել են Թուրքիայի քաղաքացիություն: Հորաքրոջս տղան հիասքանչ տիրապետում էր հայերենին, և հորս հետ երկար տարիներ նամակագրության մեջ էր: Ազնիվ հորաքույրս մահացել է Ստամբուլում, ուր նրանց ընտանիքը տեղափոխվել էր նախքան իրանա-իրաքյան պատերազմը: Ցավոք, չունեմ այդ թուրք մարդու նկարը, ով փաստորեն փրկել է մեր ընտանիքը:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: