“Մայրիկիս պապը մի թուրք աղջկա էր սիրում, փախչելով բանակից` գնում է նրա տուն”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Անժելա Խաչատրյանը

 Մայրիկիս պապն Էրզրումցի էր: Անունը՝ Կամեր Վարդերեսյան, գաղթից հետո փոխել է անունը և նրան Արմեն Վարդերեսյան էին կոչում:

Մինչև Ցեղասպանությունը նա ծառայում էր թուրքական բանակում: Մեծ ընտանիք ունեին՝ բաղկացած 31 անդամից: Բոլորը մի բակում էին ապրում:

1914թ. ջարդերի ժամանակ բանակում նա իմանում է, որ ընտանիքի բոլոր անդամներին կոտորել են: Մայրիկիս պապը փախչում է բանակից հենց թուրքական համազգեստով:

 Նա մի թուրք աղջկա էր սիրում և փախչելով գնում է նրա տուն: Աղջկա ծնողները նրան բաց չեն թողնում, քանի որ գիտեին, որ հայ է և կարող է սպանվել: Պահում են իրենց տանը մինչև ուշ գիշեր՝ թաքցնելով բազմոցի տակ: Մութն ընկնելուց հետո օգնում են հասնել մինչև սահման, և նա փախչում է Ռուսաստան:

Մոտ 10 տարի անց, իմանալով, որ Թուրքիայից փախած բարեկամներ ունի Թիֆլիսում, մայրիկիս պապը տեղափոխվում է Վրաստան:

Մորաքույրս պատմում է, որ պապիկը շատ էր սիրում թուրքական երաժշտություն և ազատ խոսում էր թուրքերեն: Նա Արևմտյան Հայաստանը համարում էր իր երկիրը և ասում էր. “Եթե սահմանը բաց լինի, չոքեչոք կգնամ, իմ տունը կտեսնեմ”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: