ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌ ՉԷ, ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍ ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր Միլանում մեկնարկում է զբաղվածության խնդիրների վերաբերյալ եվրոպական գագաթաժողովը՝ չնայած դրա մասնակիցների շրջանում նկատվող մասնատվածությանը: Գերմանիան կողմ է կոշտ տնտեսության միջոցառումներին, Ֆրանսիան և Իտալիան պնդում են տնտեսական քաղաքականությունում ավելի շատ ճկունություն ցուցաբերելու վրա, հայտնում

է Euronews-ը: Վերլուծաբանների կարծիքով, այս ամենը կբարդացնի գործազրկության խնդրի լուծման որոնումը: Ստեղծված իրավիճակում առաջնորդությունն իր վրա է ստանձնել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

Նշենք, որ Հարավային Եվրոպայում գործազրկության մակարդակը չափազանց բարձր է շարունակում մնալ: Երիտասարդ իտալացիների ավելի քան 44%-ը չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ սա նոր մռայլ ռեկորդ է: Ի դեպ, եվրոպացիները մեծ հույսեր են փափայում ներկայիս գագաթաժողովի հետ: Դրա ընթացքում գնահատական է տրվելու նրան, թե ինչ է Եվրամիությունն անում երիտասարդության համար և համակարգային բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են աճ գրանցելու համար: Տարաձայնությունները հարթելու և միասնականություն ցուցաբերելու համար Իտալիան, որը նախագահում է ԵՄ-ում, հայտարարել է, որ գագաթաժողովից հետո համատեղ մամլո ասուլիս կանցկացնի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

Եվրոպացի որոշ փորձագետներ կարծում են, որ Եվրոպան պետք է երիտասարդներին ընդունի ոչ թե որպես բեռ, այլ որպես ռեսուրս ապագան կառուցելու համար: Նրանց խոսքերով, Եվրոպայի Հյուսիսի և Հարավի միջև էական տարբերություն կա, և պատահական չէ, որ այն երկրները, որոնք կոշտ տնտեսության կողմնակից են, ավելի քիչ խնդիրներ ունեն երիտասարդության շրջանում գործազրկության հետ: Այսպես, Գերմանիայում այն այժմ ավելի ցածր է, քան ճգնաժամի սկզբում: Իսկ այլ երկրներում երիտասարդները դժվարությամբ են աշխատանք գտնում, և այդ երկրները պետք է վճռական և բարդ քայլերի դիմեն, եթե ցանկանում են փոփոխություններ կատարել:

Հավելենք, որ օգոստոս ամսվա ընթացքում եվրագոտու 18 երկրներում գործազրկությունը մնացել է նույն մակարդակի վրա՝ 11,5%, ԵՄ-ում նվազել է՝ հասնելով 10,1%-ի: Այս մասին վկայում են ԵՄ վիճակագրական գրասենյակի տվյալները: Ի դեպ, այս ցուցանիշն ամենացածրն է՝ սկսած 2012 թվականի սեպտեմբերից:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

09.10.2014