“”Հայացք” վերլուծական կենտրոնի թիրախը ազգային շահի սպասարկումն է”


Աննա Մկրտչյան,
փորձագետ,
“Հայացք” կիրառական քաղաքականության
և հետազոտությունների վերլուծական կենտրոն

-Այսօր, երբ Հայաստանում գործում են բազմաթիվ վերլուծական կենտրոններ, անհատ փորձագետներ, քաղաքագետներ, չե՞ք կարծում, որ վերլուծական նոր կենտրոնի ստեղծումն ուղղակի ավելորդ էր և ոչինչ չի կարող ավելացնել այսօր առկա պատկերին:

Իհա՛րկե չեմ կարծում: Անկախ գործունեության ոլորտից՝ հետազոտական որևէ ինստիտուտի կամ վերլուծական կենտրոնի գործունեություն ավելորդ համարելը կնշանակի ավելորդ համարել մտածելու գործընթացը: Ինչպես ասում են` մտածելուց վնաս չկա: Հակառակը` խնդրահարույց կարող է լինել որոշ խնդիրներ դիտարկման դաշտից դուրս թողնելը, դրանց հաղթահարման ուղղությամբ չմտածելը: Ի վերջո, որքան բազմազան լինեն մոտեցումներն առկա խնդիրների հաղթահարման ուղիների նկատմամբ, որքան տարբերակված լինեն սցենարային հնարավոր զարգացումների կանխատեսումները և դրանցից բխող գործողությունների առաջարկները, այնքան կընդլայնվի որոշում կայացնողների ընտրության դաշտը: Այս ամենը չափազանց կարևոր է հատկապես այնպիսի բարդ իրավիճակում հայտնված մի երկրի համար, ինչպիսին մեր հայրենիքն է: Թերևս, ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում այն, որ Հայաստանը, ինչպես և Արցախը ստիպված են գոյատևել և զարգանալ բավականին բարդ իրավիճակում: Մենք այսօր լիակատար շրջափակման մեջ ենք արևմուտքից և արևելքից, ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ չկարգավորված: Մեր երկու հարևանները, ի դեմս Վրաստանի և Իրանի, ունեն բազմաթիվ արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք այսպես թե այնպես իրենց անդրադարձն են ունենում ողջ տարածաշրջանի վրա` երբեմն հատվելով նաև մեր շահերին: Խնդիրների այս շարքը կարելի է շարունակել… Թերևս հասկանալի է, որ նման պայմաններում ոչ միայն չի կարելի բավարարվել եղածով, այլև անհրաժեշտ է մշտապես ընդլայնել այն մարդկանց շրջանակը, ովքեր պատրաստ կլինեն իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնել ի նպաստ այս խնդիրների եթե ոչ վերջնական հաղթահարմանը, ապա գոնե հաղթահարման ուղիներ որոնելուն: Եթե կենտրոնն իր գործունեությամբ կարողանա որևէ կերպ ծառայել այս նպատակին, ապա նրա գոյությունը, կարծում եմ, կարելի է արդարացված համարել:

 -Հաշվի առնելով այն, որ Հայաստանում կիրառական հետազոտությունը նորմալ զարգացած չէ անգամ կրթական համակարգում՝ ի՞նչ կարող եք անել դուք կազմակերպության մակարդակով, ինչպես դուք եք նշում, “նպաստելու Հայաստանում կիրառական հետազոտությունների փորձի զարգացմանը”:

Կրթական համակարգի խնդիրներին թող անդրադառնան ոլորտի պատասխանատուները: 2012թ.-ից “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն իրականացնում է “Երիտասարդության հարթակ” ծրագիրը, որի նպատակներից մեկն էլ հենց Հայաստանում և Արցախում ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրներով հետաքրքրված երիտասարդ մասնագետների շրջանում կիրառական հետազոտություններ իրականացնելու փորձը խրախուսելն է: Սա արվում էր, շարունակում է արվել, բայց սա ընդամենը մի օրինակ է…Եթե աշխատում ես այս ոլորտում, և կա դրական արդյունք, նշանակում է՝ արդեն նպաստ ես բերում ոլորտի կայացմանը:

 -Կենտրոնի փորձագիտական կազմում ընդգրկված են ինչպես երիտասարդ մասնագետներ, այնպես էլ հայաստանյան հանրության մեջ լայն ճանաչում վայելող փորձագետներ: Ինչպե՞ս է դա ազդելու կենտրոնի գործունեության վրա, և ինչպես է սերունդների համադրումը արտացոլվելու արդյունքի վրա:

Կենտրոնում աշխատանքային գործընթացի մաս են կազմում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումների, միջազգային կյանքի արդիական խնդիրների շուրջ բոլոր փորձագետների մասնակցությամբ պարբերաբար իրականացվող քննարկումները: Բացի այդ՝ փորձագետներից յուրաքանչյուրի կողմից իրականացվող ցանկացած հետազոտություն, ուսումնասիրություն ևս աշխատանքի որոշակի փուլում ներկայացվում է ողջ խմբի դիտարկմանը, քննարկման առարկա դառնում: Աշխատանքային մշակույթի` բոլորիս կողմից սիրված այս տարրն էլ հնարավորություն է տալիս փոխանակելու մտքեր, նույն խնդրի շուրջ լսելու տարբեր կարծիքներ և երիտասարդ մասնագետների ավյունն ու հետաքրքրասիրությունը համադրելու ավագ մասնագետների ունեցած փորձի, ինչպես ասում են` մասնագիտական “հոտառության” հետ: Այս բազմազանությունն էլ, կարծում եմ, մեր կենտրոնի հարստությունն է:

 -Ինչպե՞ս կարող եք երաշխավորել ձեր կողմից արված վերլուծությունների և հետազոտությունների անկախ և անկողմնակալ լինելը:

Եթե հետազոտություններն ու դրանց վրա հենված վերլուծությունները չլինեն հնարավորինս անաչառ և համակողմանի, դա կնշանակի, որ մենք աշխատում ենք ինքնանպատակ և ոչ կոռեկտ, այլ կերպ ասած` չենք իրականացնում մեր առջև դրված խնդիրը` որպես վերլուծական կենտրոնի: Սակայն կարևոր է հասկանալ` ինչ նկատի ունեք “անկողմնակալություն” ասելով: Մեր համոզմամբ, հնարավորինս ճշգրիտ կամ օբյեկտիվորեն իրականացված հետազոտությունները և վերլուծությունները, բնականաբար, պետք է ծառայեն ՀՀ և ԼՂՀ շահերից բխող քայլեր ծրագրելուն, համապատասխան առաջարկներ ձևակերպելուն: Այս հարցում, թերևս, չեմ կարող “անկողմնակալություն” խոստանալ, քանի որ որպես հայաստանյան վերլուծական կենտրոն` մեր թիրախը ազգային շահն է, այլ ոչ թե ինքնանպատակ “անկողմնակալությունը”:

 -Կենտրոնն առանձնացրել է իր համար գերակա ուղղությունները: Ի՞նչ աշխատանք է նախատեսվում տանել այդ ուղղությամբ, և ո՞րն է լինելու կենտրոնի գործունեության ազդեցությունն այդ ուղղություններով տարվող քաղաքական գործընթացների կամ դրանց ընկալման վրա:

- Նշված գերակա ուղղություններից յուրաքանչյուրի համար կան պատասխանատու փորձագետներ: Յուրաքանչյուրիս խնդիրն է նախ մշտապես հետևել քաղաքական գործընթացներին նշված ոլորտներում, ընթացքում ձևակերպել կամ վեր հանել այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ առնչվում կամ կարող են առնչվել հայկական շահերին: Սրա հիման վրա անհրաժեշտության դեպքում` իրականացվում են համապատասխան հետազոտություններ, ապա ստացված արդյունքների հիման վրա արվում է եզրահանգում, կարող են ձևակերպել առաջարկներ: Դա այն է, ինչ կարող ենք անել, դրանց կիրառման հարցն արդեն կախված չէ մեզանից: Անել հնարավորը` առկա խնդիրներին հնարավորինս օպտիմալ լուծումներ առաջարկելու համար, թերևս, սա՛ է վերլուծական ցանկացած կենտրոնի գլխավոր առաքելությունը: Ինչպես ասում են՝ լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը:

 -Ձեր կարգախոսն է. “Մեր հայացքը փոփոխվող աշխարհին”: Ինչպիսի՞ն է լինելու ձեր հայացքը, և ինչպիսի՞ն է աշխարհը ձեր հայացքով:

- Աշխարհը մշտապես փոփոխվող է, հետևաբար հայացքը պետք է լինի աչալուրջ` որևէ հնարավորություն և վտանգ բաց չթողնելու համար:

 -Ձեր կազմակերպության ներկայացման փաթեթում դուք հավակնում եք “արտաքին աշխարհին ներկայացնել “նոր հայացք” Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ”: Շատ հավակնոտ չէ՞: Նոր Ամերիկա՞ եք հայտնագործելու:

Ամերիկա չենք հայտնագործելու, սակայն, կարծում եմ, գաղտնիք չէ, որ շատ հարցերում մեր արտերկրյա գործընկերները հավուր պատշաճի չեն պատկերացնում ՀՀ արտաքին քաղաքական շատ զարգացումներ, դրանց դրդապատճառները: Օրինակ` վերցնենք հենց ԵՏՄ-ին միանալու ՀՀ որոշումը, որը դեռևս նախորդ տարի շոկ առաջացրեց եվրոպացի մեր շատ գործընկերների մոտ: Սակավաթիվ փորձագետներ միայն կարողացան անդրադառնալ որոշման հիմքերին` նշելով, որ դա օբյեկտիվորեն կայացված որոշում էր: Մինչդեռ, կարծում եմ, հենց մեր` հայաստանյան փորձագիտական շրջանակներիս խնդիրն է արտաքին լսարանին ներկայացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ընթացիկ գործընթացների դրդապատճառները, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի ակնկալիքները:

 - Իսկ որտե՞ղ կարելի է ծանոթանալ “Հայացք” վերլուծական կենտրոնի փորձագետների մոտեցումներին:

- ՀՀ արտաքին քաղաքական գործընթացների, ինչպես նաև միջազգային արդի զարգացումների շուրջ “Հայացք” վերլուծական կենտրոնի փորձագետները պարբերաբար հանդես են գալիս մեկնաբանություններով, ինչպես և վերլուծական հոդվածներով, որոնք հրապարակվում են “Արմեդիա” ՏՎԳ կայքում, ինչի համար, ի դեպ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել “Արմեդիայի” մեր գործընկերներին: ԶԼՄ մեր մյուս գործընկերները ստացել են “Հայացք” վերլուծական կենտրոնի գործունեության մասին մամլո հաղորդագրություն, որտեղ նշված է Կենտրոնի փորձագետներից յուրաքանչյուրի սպասարկման ոլորտը, մեկնաբանությունների և հարցազրույցների նպատակով փորձագետների հետ կապ հաստատելու հնարավորությունը:

Աղբյուրը՝ www.armedia.am