ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Եվրոպական Միության ղեկավարները արձանագրում են Ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում դրական զարգացումներ: Այս մասին Միլանում ընթացող “Ասիա-Եվրոպա” գագաթնաժողովի շրջանակներում կայացած աշխատանքային նախաճաշից հետո այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

“Մենք ուրախ ենք տեսնել իրավիճակի դրական զարգացումը,- հայտնել է Ռոմպեյը,- Մենք եկել ենք այն եզրահանգման, որ հրադադարի և խաղաղ ծրագրի մասին Մինսկի արձանագրությունը չափազանց կարևոր է և այն պետք է իրականացնել: Այն Ուկրաինայի համար ապագայի երաշխիք է: Այդ պատճառով “իրագործում” բառն այստեղ խորհրդանշական է”:

Ռոմպեյի խոսքով, այսօր կայացած աշխատանքային նախաճաշի մասնակիցները համաձայնվել են Ուկրաինային վերաբերվող երկու կարևոր թեմաների շուրջ քննարկումը շարունակել: “Երկու յուրահատուկ, բայց և շատ կարևոր թեմաներ են՝ գալիք ընտրությունների կազմակերպումը և սահմանների մոնիթորինգը”,- հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Գագաթնաժողովը հյուրընկալող Մատեո Ռենզին անդրադարձել է սահմանների մոնիթորինգի մասին Ֆրանսուա Օլանդի առաջարկությանը և նշել, որ այն բոլորի կողմից ընդունվել է: Ռենզին ասել է, որ այդ առաքելությունը կարող են իրականացնել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան: Վարչապետի համոզմամբ հանդիպումն “առաջընթացի մեծ քայլ է”. “Մենք չենք ընդունում անկայուն Ուկրաինան և ամեն ինչ կանենք այդ երկրի ապագան ապահովելու համար”:

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ վերոնշյալ աշխատանքային նախաճաշը տևել է 1,5 ժամ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Եվրահանձաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Աղբյուրը՝ www.armedia.am

17.10.2014