Ինչպե՞ս ստանալ կեցության իրավունք Եվրոպայում

Ուկրաինայի քաղաքացիներն առաջին տեղում են 2013 թվականին Եվրամիության երկրներում կեցության իրավունք ստացողների ցուցակում, նրանց մեծ մասը ժամանել են Լեհաստան աշխատանք ստանալու համար, վկայում են Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության նոր զեկույցի տվյալները: Նախորդ տարի ԵՄ երկրների կողմից ընդհանուր առմամբ հատկացվել է 2,36 միլիոն առաջին կեցության իրավունք, ինչը 12,5%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը, հայտնում է РИА “Новости”-ն: 2013 թվականին կեցության իրավունքների 28,5%-ը տրվել է՝ ելնելով ընտանեկան կարգավիճակից, 22,7% -ը՝ աշխատանքային պայմաններից, 19,7%-ը՝ կրթություն ստանալու համար և 29,1% -ը՝ այլ պատճառներով: Կեցության իրավունքների մոտ 80%-ը տվել են Մեծ Բրիտանիան (ԵՄ կողմից տրամադրվածների ընդհանուր թվի 30,7%-ը), Լեհաստանը (11,6%), Իտալիան (10,3%), Ֆրնասիան (9%), Գերմանիան (8,5%) և Իսպանիան (8,3%): Ըստ զեկույցի տվյալների, ԵՄ-ում կեցության իրավունք ստացողների թվով առաջին տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են (մոտ 236,7 հազար մարդ կամ 10%), երկրորդ տեղում՝ Հնդկաստանի (ավելի քան 200,8 հազար մարդ կամ 8,5%), իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ-ից (171,8 հազար մարդ կամ 7,3%):

ԵՄ երկրներում կեցության իրավունքը պաշտոնական փաստաթուղթ է, որը տրամադրվում է այլ երկրի քաղաքացուն ԵՄ երկրում որոշակի ժամանակահատված կամ մշտապես ապրելու համար: Կեցության իրավունքն ամրացնում են գործող անձնագրի մեջ կամ հանձնում են պլաստիկ քարտի տեսքով՝ կախված այն երկրից, որը տրամադրում է: Կեցության իրավունքի գործողության ժամկետը կարող է լինել 1-5 տարի՝ կրկին կախված տրամադրող երկրից: Հետագայում պետության բոլոր անհրաժեշտ պայմանները կատարելու դեպքում կեցության իրավունքը կարող է երկարաձգվել, իսկ որոշակի ժամականահատվածից հետո ստեղծվում է մշտական կեցության իրավունք ստանալու հնարավորություն:

Եվրոպայի որոշ երկրներում կեցության իրավունք ստանալը համեմատաբար ավելի հեշտ է, եթե թեկնածուն համապատասխանում է իրեն ներկայացված պահանջներին, իսկ մյուսներում՝ գրեթե անհնար է: Օրինակ, աշխատանքի համար Գերմանիայի կեցության իրավունք ստանալը չափազանց բարդ է, այդ իսկ պատճառով, մի շարք ձեռնարկատերեր ձևակերպման այլ ուղիներ են փնտրում: Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների համար, ԵՄ-ում կեցության իրավունք ստանալու առավել արդյունավետ միջոց հանդիսանում են երկրի տնտեսության մեջ ներդրումները և բնակչության համար աշխատատեղեր ապահովող ձեռնարկության գրանցումը: Այլ կերպ ասած՝ բիզնես-ներգաղթ արտասահման:

ԵՄ երկրներում ապաստան փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է 12%-ով, գրում է “Ազատությունը”` հղվելով Եվրոստատին: Եվրոպայում հաստատվել ցանկացող Հայաստանի քաղաքացիների տարիքային վերլուծության արդյունքները վկայում են, որ նրանց մոտ 40%-ը 18-34 տարեկան երիտասարդներ են, 32%-ը՝ 35-64 տարեկան քաղաքացիներ: Դիմողների ընդամենը 3%-ն են 65 տարեկանից բարձր, 26%-ը մինչև 18 տարեկան քաղաքացիներ են: Նշենք, որր Ֆրանսիան և Գերմանիան հանդիսանում են ՀՀ քաղաքացիների համար առավել գրավիչ երկրներ: Նրանց հաջորդում են Բելգիան (9%), Լեհաստանը (6%), Շվեդիան (5%):

  Արմինե Հարությունյան