Հայաստանն իր նախանշած “և՛-և՛”-ի սկզբունքի կիրառման մեկ “և”-ն է դեռևս ապահովել. “Հայացք” վերլուծական կենտրոն


Կարեն Բեքարյան, փորձագետ,
“Հայացք” կիրառական քաղաքականության
և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար


- Ի՞նչ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Եվ ի՞նչ հեռանկարներ են բացվում այս քայլով։
- Առաջին ու մեծագույն նշանակությունը տնտեսական ավելի լայն ու գլոբալ համակարգի մաս լինելն է, ինչը մեզ համար առավել քան կարևոր է։ Մեր շուկան փոքր է, և, եթե ուզում ենք տնտեսական աճ, զարգացում, գործարար միջավայրի հնարավորությունների ընդլայնում ունենալ, մեր շուկայի մեջ պարփակվելն ընդունելի չէ։ Հետևաբար, սա իսկապես հնարավորություն է՝ բավական լայն և, որ պակաս կարևոր չէ, մեզ համար ծանոթ շուկա դուրս գալու համար։
Նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ ոլորտային համակարգերի համակցումը միշտ ավելի արդյունավետ է լինում։ Այսինքն՝ քանի մեր ռազմական անվտանգությունը, քաղաքական կոնսուլտացիաների զգալի մասը, սոցիալ-հանրային, մշակութային ոլորտները շատ համակցումներ ունեն ԵՏՄ երկրների հետ, այդ դաշտերում աշխատանքը դառնում է մի կողմից ավելի լայն, մյուս կողմից՝ ընկալելի և տրամաբանական։ Իսկ մենք ՀԱՊԿ-ի հիմնադիր և ակտիվ անդամ ենք, իրավապայմանագրային լայն դաշտ ունենք ԱՊՀ երկրներից շատերի հետ և ունենք համակցման այս ոլորտները։ 
Այդ տեսակետից անդամակցությունը ԵՏՄ-ին պետք է դիտարկել որպես հնարավորությունների նոր դաշտ։ Իսկ թե որքանով կօգտագործվեն այդ հնարավորությունները, որքանով կհաջողի և ինչպիսին կլինի արդյունավետությունը, բնականաբար կախված է նաև մեզանից։

- Որքանո՞վ եք հնարավոր համարում առաջիկայում Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար։
- Մենք շատ պարզ պիտի հասկանանք, որ ԵՏՄ-ն ունի ընդլայնման միտումներ, և որևէ կերպ չպիտի բացառենք, որ դիվանագիտական խողովակներով, հնարավոր է, արդեն ընթանում են բանակցություններ Ադրբեջանի հետ։

Ինձ թվում է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ մի բան էր ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, մեկ այլ բան է դրա կյանքի կոչումը։ Միության անդամ երկրներում վավերացման ընթացակարգերն անցնելուց հետո պայմանագիրը լավագույն դեպքում կարող է ուժի մեջ մտնել 2015թ. հունվարի 2-ից։ Միաժամանակ, մի խնդիր է, թե ինչ կարող է տեղի ունենալ այսօրվանից մինչև հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, մեկ այլ բան է այն, ինչ կլինի հունվարի 2-ից հետո։
Պայմանագրով նախանշված է, որ եթե մինչև ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրի ուժի մեջ մտնելը և Հայաստանի միանալը միությանը, իրավապայմանագրային նոր գործիքներ ստեղծվեն, մենք պիտի դրանց նույնպես միանանք։ Խոսքն այստեղ չի վերաբերում միայն Ադրբեջանի անդամակցությանը։ 
Հունվարի 2-ից հետո մենք ունենալու ենք լիարժեք ձայնի իրավունք, իսկ որոշումները ԵՏՄ-ում ընդունվում են կոնսենսուսի առկայությամբ միայն, հետևաբար բոլոր նույն Ադրբեջանի հնարավոր անդամակցության պարագայում մեր մտահոգությունները բարձրաձայնելու հնարավորություն կստանանք: 
Ավելի գլոբալ՝ մենք Ադրբեջանի հնարավոր անդամակցությունից պիտի չսարսափենք, չվախենանք։ Պետք է ավելի զգոն լինել, որ այդ գործընթացը չհարվածի մեր շահերին, հակառակը՝ հնարավորություն տա մեր շահերին ավելի լավ հետամուտ լինելու։ Բայց չեմ կարծում, որ դա մեզ համար անհանգստության պատճառ է։

- ԵՏՄ-ին անդամակցությունից հետո պիտի վերանայվեն ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը շարունակելու հիմքերը։ Ի՞նչ հնարավոր զարգացում եք տեսնում, և որքանո՞վ են հեռանկարային այդ հարաբերությունները։
- Մենք խոսեցինք ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունների մասին, բայց չխոսեցինք ԵՏՄ-ից բխող հնարավոր մարտահրավերների, խնդիրների մասին։ Սրանք փոխկապակցված հարցեր են։ 

Որքան էլ մեզ համար տնտեսական առումով էական կարևորություն ունենա ԵՏՄ-ն, առկա է նաև լուրջ վտանգ, որը պետք է տեսնել և փորձել կառավարել ռիսկերը։ Խոսքը վերաբերում է քաղաքական մշակույթին։ 
Եթե տնտեսական առումով այս միությունը հնարավորությունների նոր դաշտ է, որից պետք է հնարավորինս օգուտ քաղել, ապա քաղաքական մշակույթի տեսակետից այստեղ կան որոշակի ռիսկեր։ Հայաստանն իր բոլոր ցուցանիշներով՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, ազատությունների և այլն, էապես ավելի բարձր տեղ է զբաղեցնում ԵՏՄ անդամ մյուս երկրներից։ Պետական կառավարման համակարգի որոշ անհատների կամ խմբերի մոտ որոշակի գայթակղություն կարող է առաջանալ՝ փորձելու հավասարվել նրանց և նահանջելու ձեռք բերված քաղաքական մշակույթից, անկում արձանագրելու՝ համեմատության դաշտը տեսնելով ԵՏՄ-ն։ Սա իրական ռիսկ է և ունի կառավարելու խնդիր։ 
Եվ այստեղ, եթե մենք՝ առաջին հերթին հանրությունը, զգոն չեղանք, կարող ենք ունենալ որոշակի մարտահրավերներ։
Այդ ռիսկերի կանխարգելման և վտանգների նվազեցման կամ չեզոքացման ամենաէական գործոններից է հենց եվրաինտեգրման գործընթացը։ Եթե այն պահենք առավելագույն խորության վրա, խորացնենք և որևէ կերպ չնվազեցնենք մեր հավակնությունները, այդ ռիսկը ինքնըստինքյան կառավարելի կլինի։ Եթե ոչ, այն կարող է իրական վտանգ դառնալ։
Եթե մենք հարցին վերաբերվենք երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից, ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրելով՝ Հայաստանն իր նախանշած քաղաքական ուղու “և՛-և՛”-ի սկզբունքի կիրառման մեկ “և”-ն է ապահովել դեռևս։ Եվ, հետևաբար, ամբողջ ուշադրությունն այժմ պետք է սևեռվի երկրորդ “և”-ի ապահովմանը՝ ավելի մեծ ջանքերով, ավելի մեծ եռանդով, ավելի կառուցողական, ավելի նախաձեռնողական։ Հակառակ պարագայում այդ հռչակված “և-և”-ը վտանգ ունի դառնալու ձևական։
Մենք պետք է գիտակցենք նաև, որ ԵՏՄ-ի ներքո մեր էական առավելությունը, որը մեր հնարավորությունները կարող է բազմապատկել, այն է, ինչ կա այսօրվա նոմինալով։ Մենք կարող ենք լինել կամուրջ եվրոպական և եվրասիական միությունների միջև, և դա ոչ թե տեսական, այլ շատ կիրառական խնդիր է։ Այն բոլոր գործարարները, անհատները, որոնք նպատակադրում կունենան աշխատելու եվրասիական շուկայում՝ հաշվի առնելով թափանցիկությունը, բացությունը, իրավական համակարգը, շատ մեծ է շանսը, որ մտնելու “պլացդարմի” դերում ընտրեն Հայաստանը։ Դա Հայաստանի համար էական հնարավորություն ստեղծող գործոն է։ 
Այդ պայմանների ապահովման համար պետք է չբավարարվել ունեցածով, այլ մեր այդ տարբերությունները, եվրաինտեգրումից բխող հնարավորություններն էապես մեծացնել՝ առաջնորդվելով երկարաժամկետ ծրագրերով և որդեգրելով այդ քաղաքականությունը՝ որպես ձեռագիր։ Այդ դեպքում մենք կկարողանանք հավասարակշռել մի շարք թերությունները և օգուտներ քաղել՝ իրականացնելով կամուրջի դեր։ 
Հետևաբար, երկրորդ “և”-ի կյանքի կոչումը և մեր խորքային եվրաինտեգրումը՝ իրավապայմանագրային դաշտից մինչև իրական քաղաքականություն, այսօր Հայաստանի Հանրապետության կենսական շահերի ապահովման կարևորագույն բաղկացուցիչներից է։ Եթե ավելի խորքային դիտարկենք, կտեսնենք, որ սա մեր համար նաև լայն անվտանգության, մեր սուվերենության, պետության, պետականության, նրա զարգացման և հեռանկարի հետ կապված շատ կարևոր գործոն է։ 

Աղբյուրը՝ armedia.am