ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵՄ-Ի

 Եվրոպական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պահանջել է Եվրամիությանը 2,7 միլիարդ դոլար վճարել: Այս պահանջը սկսած 1995 թվականից ԵՄ անդամ երկիրների տնտեսական զարգացման առավել մանրակրկիտ ուսումնասիրման արդյունք է դարձել, հայտնում է BBC-ն:

ԵՄ-ին պետք է վճարի նաև Հոլանդիան (642 միլիոն եվրո), մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան, ընդհակառակը, գումար կստանան ԵՄ-ից, քանի որ այս երկրների տնտեսությունն այնքան էլ արդյունավետ չի զարգացել, որքան սպասվում էր, իսկ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն

ավելի արագ է աճել ԵՄ մյուս երկրների ցուցանիշների համեմատությամբ: Մեկ այլ պատճառ հանդիսանում է ԵՄ անդամ երկրների ազգային եկամուտի հաշվարկի եղանակի փոփոխությունը, որի արդյունքում սկսել են հաշվի առնվել բիզնեսի ոչ օրինական տեսակները, ինչպիսին են մարմնավաճառությունը և թմրանյութերի վաճառքը, գրում է ТАСС-ը: Այդ գումարները, եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, կդառնան 19 տարվա անհավասարության փոխհատուցում: Դրանց վճարումից հետո Լոնդոնը կշարունակի նախկին գումարը ներդնել տարեկան 10 միլիարդ 900 միլիոն եվրոյի չափով: Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները պետք է այդ գումարները վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը: Միևնույն ժամանակ, ԵՄ մյուս երկրները, որոնց աճի ցուցանիշներն ավելի ցածր են եղել, հաջորդ տարի ԵՄ բյուջեին ավելի քիչ կվճարեն: Այսպես, Գերմանիան կստանա 779 միլիոն եվրոյի “զեղչ”, Ֆրանսիայի ներդրումը կնվազեցվի 1 միլիարդ եվրոյով, Լեհաստանինը՝ 316 միլիոն եվրոյով:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայն չէ նման որոշման հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն հանդիպել է Նիդերլանդների կառավարության ղեկավար Մարկ Ռյուտեի հետ այս հարցի շուրջ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար:

Որոշ փորձագետների կարծիքով, ԵՄ բյուջեին հավելավճարը կարող է ներքաղաքական խնդրիների ստեղծել Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետի համար: Երկրում վերջին շրջանում աճում են եվրասկեպտիկ տրամադրությունները: Քեմերոնը խոստանում է հաջորդ տարի մայիսին խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո 2017 թվականին ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնլ: Համաձայն Guardian-ի սոցհարցման, բրիտանացիների 48%-ն այս կամ այն չափով համոզված են, որ ներկայիս պայմանների պահպանման դեպքում կողմ կքվեարկեին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Հակառակ կարծիք ունեն հարցվածների 37%-ը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պատմական սխալ կարող է դառնալ և ազդել ոչ միայն Մեծ Բրիտանիայի ապագայի վրա, այլև ողջ Եվրոպայի:

 24.10.2014

Աղբյուրը՝ www.armedia.am