ՈՒԿՐԱԻՆԱ. ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 Ուկրաինայում ամփոփում են նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց ընթացքում Գերագույն Ռադա են անցել 7 կուսակցություններ՝ “Պորոշենկոյի բլոկը”, “Ազգային ճակատը”, “Самопомич” միավորումը, “Ընդդիմադիր բլոկը”, Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունը, ինչպես նաև Համաուկրաինական միավորումներ “Ազատությունը” և “Բատկիվշինան”: Խորհրդարանական ընտրություններին 52 կուսակցություններ են մասնակցել, սակայն նրանցից միայն 29-ն է մասնակցել կուսակցական ցուցակներով, մյուսներն իրենց թեկնածուներին առաջադրել են մեծամասնական ընտրատարածքներում: Ինչպես հայտնում է Rosbalt-ը, Ուկրաինայի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը Գերագույն Ռադան հայտարարել է ընտրված:

Արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 52,42 տոկոսը: Այս մասին են վկայում 198 ընտրատեղամասերից ստացված Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները: Ինչպես նշում է Lenta.ru-ն, այս ցուցանիշն ամենավատն է Ուկրաինայի պատմության մեջ: Օրինակ, 1994 և 1998 թվականներին ընտրողների մասնակցությունը կազմել է 75 տոկոս, 2002-ին՝ 65 տոկոս, 2006-ին՝ 67, 2007-ին՝ 62, իսկ 2012 թվականին 57,98 տոկոս:

30,06% ձայների հաշվարկից հետո Գերագույն Ռադայի ընտրություններում այս պահին առաջին տեղում է վարչապետ Արսենի Յացենյուկի “Ազգային ճակատը” 21,71% ձայներով: “Պորոշենկոյի բլոկը” հավաքել է ձայների 21,59%-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներին: Ընդ որում, բոլոր exit-poll-երը հաղթանակը վերագրում էին “Պորոշենկոյի բլոկին”, որը հարցումների համաձայն մի քանի տոկոսով առաջ էր անցել “Ազգային ճակատից”:

Նշենք, որ “Ազգային ճակատ” կուսակցությունը գրանցվել է 2014 թվականի մարտի 31-ին: Այն ստեղծվել է “Բատկիվշինա” կուսակցության քաղխորհրդից մի շարք գործիչների դուրս գալուց հետո: Այդ գործիչներին գլխավորում էին Արսենի Յացենյուկը և Ալեքսանդր Տուրչինովը, ովքեր տարաձայնություններ ունեին կուսակցության ղեկավարության հետ: Ինչպես նշում է РИА Новости-ն, կուսակցության ծրագիրը կենտրոնացած է եվրաինտեգրման գաղափարի և ԵՄ-ի և Ուկրաինայի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատման վրա: Բացի այդ, կուսակցության ծրագիրը նախատեսում է տնտեսական, հարկային, դատական բարեփոխումների անցկացում:

Պորոշենկոյի “Համերաշխություն” կուսուկցությունը 2014 թվականի օգոստոսին վերանվանվել է “Պորոշենկոյի բլոկ”, երբ կուսակցության նախագահ է ընտրվել Ուկրաինայի նախկին ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն: Նույն օրը կուսակցությունը Լուցենկոյի նախաձեռնությամբ վերանվանվել է “Պյոտր Պորոշենկոյի բլոկ”: Վիտալի Կլիչկոյի “УДАР” կուսակցությունը ընտրություններին մասնակցել է “Պորոշենկոյի բլոկի” հետ:

“Самопомощь” քաղաքական կուսակցությունը գրանցվել է 2012 թվականի դեկտեմբերին: Կուսակցության ղեկավարը Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադանովն է: Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, “Ընդդիմադիր բլոկ” կուսակցությունը գրանցվել է 2010 թվականի ապրիլին որպես “Օրենք և կարգուկանոն”: 2014 թվականի սեպտեմբերին Կիևում 6 կուսակցություններ որոշում կայացրին միավորվել “Ընդդիմադիր բլոկ” կուսակցության մեջ: Ղեկավարը Յուրի Բոյկոն է:

Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունը ստեղծվել է 2010 թվականի օգոստոսին որպես Ուկրաինական ռադիկալ-դեմոկրատական կուսակցություն: 2011 թվականին այն կոչվում է Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցություն: “Ազատություն” համաուկրաինական միավորումը հիմնվել է 1991 թվականին որպես Ուկրաինայի Սոցիալ-ազգային կուսակցություն: Վերանվանվել է 2004 թվականի փետրվարին: Ղեկավարը Օլեգ Տյագնիբոկն է: “Բատկիվշինա” կուսակցությունը ստեղծվել է 1999 թվականի հուլիսի 9-ին, ղեկավարը Յուլիա Տիմոշենկոն է:

Նշենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են քաղաքական սուր ճգնաժամի համատեքստում: Արտահերթ ընտրությունների անմիջական առիթ դարձավ խորհրդարանական կոալիցիայի կազմալուծումը, որը ձևավորվել էր 2014 թվականի փետրվարին: Օգոստոսի 24-ին ՝ Ուկրաինայի անկախության օրը, երկրի նախագահը հայտարարեց խորհրդարանը ցրելու իր մտադրության մասին: Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահը դադարեցրեց Գերագույն Ռադայի լիազորությունները:

27.10.2014

Աղբյուրը՝ www.armedia.am