ՀՈՒՆԳԱՐԻԱՆ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Քանի որ Եվրոպական միությունը Հունգարիային թելադրում է իր պայմանները, երկիրը կարող է վերանայել ԵՄ-ում իր անդամակցությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը: Նա ասել է, որ եթե Բրյուսելը թելադրի երկրին՝ ինչպես պետք է ղեկավարել, ապա այն կնմանվի 1989 թվականի Մոսկվային, երբ Կրեմլը թելադրում էր Վարշավյան պայմանագրի երկրներին, ինչպես իրականացնել ներքին և արտաքին քաղաքականությունը: Նման դեպքում Հունգարիան կարող է դուրս գալ ԵՄ-ից, սակայն դա վատագույն տարբերակն է, հավելել է նա: Ընդ որում, քաղաքական գործչի խոսքերով, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անդամակցությունը խնդիր չի հանդիսանում երկրի համար, թեպետ “եվրաատլանտյան աշխարհը քայքայվել է բարոյական առումով”:

Եվրախորհրդարանի քաղաքական ուժերը, որոնք այնտեղ ներկայացնում են Կյովերի խումբը, համաձայնել են նրա կարծիքի հետ: “Լասլո Կյովերը շատ հստակ է արտահայտվել Եվրամիության գործունեության խնդիրների վերաբերյալ, եվրոպական արժեքները մեզ համար շատ հեռու են, և մենք պետք է ինքներս կողմնորոշվենք ԵՄ-ում մեր ապագայի վերաբերյալ”, – հայտարարել է Հունգարիայից Եվրախորհրդարանի անդամ Տամաշ Դոյչը: Իսկ հունգարիայի ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները քննադատել են խոսնակի այս հայտարարությունը և կոչ արել վարչապետ Վիկտոր Օրբանին սաստել Կյովերին: Նրանց կարծիքով, նման դիրքորոշումը վնասում է հունգարացի ժողովրդի շահերին և ջուրն է գցում Հունգարիայի 30 տարվա ջանքերը: Բացի այդ, նրանք կոչ են արել Օրբանին կողմնորոշվել. Մոսկվա՞ն, որը ԵՄ սահմաններից դուրս հանդիսանում է Հույնգարիայի արտաքին առևտրի առաջատար գործընկերներից, թե Բրյուսելն է վճռում երկրի ապագան:

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարարը քննադատել էր Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների քաղաքականությունը: Նրա կարծիքով, ԵՄ երկրների միջև մինչ օրս չկա միասնական կարծիք Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար նման միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ, իսկ արդեն իսկ ընդունված պատժամիջոցներն այդպես էլ չեն հանգեցրել սպասված արդյունքին: Ինչպես գրում է “Газета.Ру”-ն, Եվրոպայի ճնշումը կապված է հենց Ռուսաստանի նկատմամբ Բուդապեշտի առանձնահատուկ վերաբերմունքի և պատժամիջոցների ռեժիմի քննադատության հետ:

Հավելենք, որ Եվրամիությունից դուրս գալ վերջին շրջանում սպառնում է նաև Մեծ Բրիտանիան, եթե միության ներսում չիրականցվեն արմատական բարեփոխումներ: Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ ներկայիս ձևաչափը չի համապատասխանում բրիտանացիների շահերին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս հայտարարել է, որ եթե 2015 թվականին կայանալիք ընտրությունների արդյունքում ինքը մնա իր պաշտոնում, ապա 2017 թվականին կանցկացնի հանրաքվե, որի ընթացքում կվճռվի ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցը:

29.10.2014

Աղբյուրը՝ www.armedia.am