“Վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը”


Կարեն Բեքարյան, փորձագետ,
“Հայացք” կիրառական քաղաքականության
և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար

- Պարո՛ն Բեքարյան, ի՞նչ նշանակություն ունեցավ Ֆրանսիայի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի համատեքստում:

- Առաջին հերթին նման հանդիպումները նպաստում են լարվածության թուլացմանը, իսկ մենք գիտենք, թե լարվածության ինչ չափ ունեինք մի քանի ամիս առաջ: Երկրորդ դրական էլեմենտը, որն այս հանդիպումից հետո կարելի է արձանագրել, այն է, որ վերջին շրջանում բավական երկար ժամանակ մենք չունեինք իրավիճակ, երբ նման հանդիպման ներքո տեղի ունենար առանձնազրույց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Իհարկե հասկանալի է՝ որպեսզի նման հանդիպում կայանար, անհրաժեշտ էր, որ նախագահների միջև գոյություն ունեցող սառույցը որոշ չափով կոտրված լիներ: Փաստորեն, Փարիզում մենք ականատես եղանք դրան: Այս տեսակետից գործել և դեռ այսօր էլ գործում է մի բանաձև. “Վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը”: Հետևաբար այս շփումը՝ այս առանձնազրույցը, ինքնին արդեն իսկ դրական էր:

Իսկ եթե անդրադառնանք նրան, թե այս հանդիպումն ինչ կտա կարգավորման գործընթացին, ապա ես միշտ հակված եմ եղել այն տեսակետին, որ կարգավորման գործընթացն առաջ մղելու, արդյունք ունենալու համար պետք է լինեն օբյեկտիվ նախադրյալներ, այսօր ես այդ նախադրյալները չեմ տեսնում: Սահմաններում դեռ շարունակվում են կրակոցները, շարունակվում է նաև թշնամական հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից առկա է ուժի և ուժի սպառնալիքի կիրառում: Հետևաբար այս պարագայում ակնկալել, որ բանակցություններում մենք բեկումնային իրավիճակ կարձանագրենք… ես այդքան էլ լավատես չեմ: Այսինքն՝ համապատկերը դեռ փոփոխված չէ, չի առաջացել վստահության այն չափաբաժինը, որն իր հետ կարող է իրավիճակ փոխել կամ բեկում արձանագրել:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ հեռանկարում բանակցությունների հետ կապված որևէ փոփոխություն չեք ակնկալում:

- Կախված է նրանից` փոփոխություն ասելով՝ ի՞նչ նկատի ունենք: Այն, որ կարող են ավելի ակտիվանալ հանդիպումները և պարբերական բնույթ կրել, միգուցե: Այո՛, հնարավոր է, որ դա իր հետ ինչ-որ բան բերի, սակայն առաջացող հնարավորությունը կամ բեկումը պետք է զգանք: Մենք պետք է տեսնենք, որ փոխվել է համապատկեր, հռետորաբանություն: Այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ, որ այս առումով փոփոխություններ տեղի են ունենում միայն մեր կողմից: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից մեկ անգամ չէ ասվել, որ ադրբեջանցիները մեր թշնամիները չեն: Դիլիջանի դպրոցի բացմանը նախագահը նշեց, թե սպասում է այն օրվան, երբ այս դպրոցում կսովորեն նաև ադրբեջանցիներ, ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ: Սակայն փոխարենը դիմացի կողմից մենք ականատես չենք նման իրավիճակի: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ չկա “ֆոնային” որևէ փոփոխություն, սակայն հանդիպման ժամանակ արդյունք է գրանցվում: Ո՛չ, արդյունքը հասունացման կարիք ունի, սակայն Ադրբեջանի կողմից ես այդ հասունացումը չեմ տեսնում:

Աղբյուրը՝ www.armedia.am