“Դիսկուսիոն սրճարան”. նոր հարթակ երիտասարդների համար


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ հանդիպումով մեկնարկեց “Դիսկուսիոն սրճարան” երիտասարդական ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդների միջև քննարկում-բանավեճեր ոչ-ֆորմալ հարթակում՝ սրճարանում, ՀՀ քաղաքական-տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտի ակտուալ հարցերի շուրջ տվյալ ոլորտներից փորձագետների մասնակցությամբ։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը դեսպան Քեթրին Լիչի հետ կայացած հանդիպման թեման “ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ. եվրաինտեգրում և/կամ եվրասիական ինտեգրումն” էր, սակայն դրա ընթացքում հարցուպատասխանի միջոցով տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց բազմաթիվ հարցերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն մարդու ազատ տեղաշարժման իրավունքի համատեքստում Արցախի օդանավակայանից մինչև Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվե՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղի, շոշափվեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու հարցը, ՀՀ քաղաքացիների համար Մեծ Բրիտանիայի մուտքի արտոնագրերի տրամադրման գնի և կարգի փոփոխումը և այլն:

Ծրագրի մասնակիցների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ազգային ժողովի շենքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ կրկին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներ թեմայի շրջանակներում: Վերջինս նախ ներկայացրեց խորհրդարանական գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորները: Այնուհետև երիտասարդների և պատգամավորի միջև հարցուպատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերի, ինչպիսին են ԵՄ հետ հարաբերությունները Հայաստանի՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համատեքստում, Ղարաբաղյան հիմնախնդիրը կրկին ՄՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում և այլն:

“Դիսկուսիոն սրճարան” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Նախատեսվում է նաև, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև կմասնացկեն սոցիալ-մշակութային միջոցառումների։ Ծրագրին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Հայաստանից և Արցախից:

Աղբյուրը՝ www.armedia.am