Եվրո՞պա, թե Եվրասիա. Հայաստան


 ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Դիսկուսիոն սրճարան” ծրագրի շրջանակներում տեղի ունեցած քննարկումը նվիրված էր Հայաստանի ինտեգրացիոն երկու ուղղություններին: Ծրագրի երիտասարդ մասնակիցները՝ ուսանողներ, ասպիրանտներ, մասնագետներ, մագիստրոսներ, լրագրողներ, հնարավորություն ունեցան ծանոթանալ երկու փորձագետների դիրքորոշումներին:

Եվրասիական ինտեգրման հեռանկարներն ու մարտահրավերները ներկայացրեց “Ինտեգրացիա և զարգացում” հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, Հայաստանի համար եվրոպական ինտեգրման առավելություններն ու հնարավորությունները ներկայացրեց “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:

Աշխատանքային արտագաղթ և Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալներ, ԵվրԱզԵս-ի, ՄՄ-ի և ԵՏՄ-ի կառույցների տարբերություն, 2015 թվականի հունվարի 2-ից հետո Հայաստանի համար տնտեսական և քաղաքական հնարավորություններ, թվեր և փաստեր. փորձագետ Արամ Սաֆարյանը վստահաբար փաստեր ներկայացրեց առ այն, որ այսօր Հայաստանի լավագույն ինտեգրացիոն ուղղությունը եվրասիականն է:

Փորձագետ Կարեն Բեքարյանը ևս խոսեց այն մասին, որ այսօր գոյություն ունեցող Հայաստանի լիբերալիզմը ոչ թե մեր երկրի ինքնակամ ընտրությունն է, այլ եվրաինտեգրման ուղղությամբ բարեփոխումների, այդ թվում պարտականությունների արդյունք:

Նրա խոսքերով, շատերի կողմից ներկայացվող “տարեկան եկամուտի 4%-ով ավելացումն” այնքան էլ բարձր թիվ չէ Հայաստանի մեկուսացումը վերացնելու համար, և ժամանակակից Հայաստանի մեծ խնդիրը՝ անիրազեկությունը, կարևոր է լուծել խուսափելու համար սխալներից կարևոր չէ թե որ ուղղությամբ՝ եվրոպական, թե եվրասիական:

Ծավալված քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր. Ղարաբաղի դերը Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներում, ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունները և

ԵՏՄ-ում այս կամ այն հարցի նկատմամբ վետո սահմանելու Հայաստանի իրավունքը, բացի այդ քննարկվեցին նաև ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության տարբերակները և իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի համար հավանական հնարավորություններն ու մարտահրավերները:

Բավական թեժ քննարկումներից հետո և՛ փորձագետները, և մասնակիցները համակարծիք էին, որ պահպանելու և զարգացնելու համար այն լավագույնը, որ մենք այսօր ունենք, ինչպես նաև ելնելով հայկական շահերից երկուսի միջև ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է ուժեղ և անկախ Հայաստան, և միայն նման ուժեղ երկիրը կարող է ճիշտ վարել ինտեգրացիոն գործընթացները և դիմակայել բոլոր մարտահրավերներին, որոնք կրում է անդամակցությունն այս կամ այն միությանը:

“Դիսկուսիոն սրճարան” ծրագիրը, որի շրջանակներում Արցախից և Հայաստանից ակտիվ երիտասարդները քննարկում են մեր օրերի առավել ակտուալ խնդիրները, կշարունակվի: Քննարկումների հետագա թեմաները կլինեն արտագաղթը, Բոլոնյան գործընթացը և մշակույթների բազմազանությունը:

Աղբյուրը՝ www.armedia.am