Հունգարիան կկառուցի “Հարավային հոսքը”-ը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր աջակցությունն է հայտնել ռուսական “Հարավային հոսք” գազատարի ծրագրին, այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը օրենք ընդունեց hօգուտ գազատարի կառուցմանը:

AFP-ի հետ զրույցում վարչապետ Օրբանը ասել է. “Մենք կողմնակից ենք ցանկացած գազատարի, որ էներգետիկ աղբյուր կդառնա: Եթե Ուկրաինայում խնդիրներ են առաջացել, միևնույն է Հունգարիա պետք է գազ մատակարարվի, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է այլ գազատար”:

Նշենք, որ Հունգարիայի պատգամավորները երկուշաբթի օրը 131 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ փոփոխություն են կատարել օրինագծում` համապատասխան կազմակերպություններին գազատար կառուցելու թույլատվություն տրամադրելու համար:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով, իրենք սպասում են հունգարական իշխանությունների բացատրությանը:

“”Հարավային հոսքի” հունգարական մասը պետք է ավարտված լինի մինչ 2017 թվականը, իսկ դրա կառուցումը կսկսվի մոտակա 6 ամիսների ընթացքում”: Այս մասին երկուշաբթի օրը Բուդապեշտի Napi Gazdasag թերթի լրագրողներին հայտնել է հունգարական MVM ընկերության տնօրենը:

Նշենք, որ MVM ընկերությունը հանդիսանում է Գազպրոմի հունգարական գլխավոր գործընկերը:

2500 կմ երկարությամբ գազատարը նախատեսված է Ռուսաստանից Սև ծովով Բուլղարիա, Սերբիա և Հունգարիա, այդտեղից էլ ԵՄ մյուս երկրներ գազ մատակարարելու համար: Դրա կառուցման աշխատանքները սկսվել են 2012-ի դեկտեմբերի 7-ին Անապայի շրջանում: Ըստ նախատեսվածի այս գազատարով առաջին անգամ Եվրոպա գազ պետք է մատակարարվի 2015-ին, իսկ 2016-ին նախատեսվում է այն հասցնել վերջինակետին` Ավստրիա:

Քրիստինե Գասպարյան