Հայաստանն ու ԵՄ-ն “ճշտում են ժամացույցները”.”Հայացք” վերլուծական կենտրոն


Աննա Կարապետյան
փորձագետ,
“Հայացք” կիրառական
քաղաքականության և հետազոտությունների
վերլուծական կենտրոն
 

- Օրերս Բրյուսելում կրկին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ բանակցությունները։ Ստեղծված նոր իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել այս բանակցություններից, և ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում։

- Մաքսային Միությանը, այնուհետև ԵՏՄ-ին անդամակցելու որոշման մասին Հայաստանի հայտարարությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում որոշակի բարդություններ առաջացան, և դրանից հետո կարիք կար հարաբերություններն ադապտացնել ստեղծված նոր իրավիճակին։ ԵՄ-ն սպասեց ՀՀ-ԵՏՄ բանակցությունների ավարտին և ԵՏՄ-ի ներքո Հայաստանի պարտավորությունների հստակեցմանը։ Այժմ անորոշությունները հստակեցված են, և ժամանակն է թարմացնել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները։

Մեկնարկած բանակցությունների նպատակը համագործակցության նոր ձևաչափ մշակելն է, ամրագրել համաձայնություններն ու պարտավորությունները։ Այսպես ասած՝ ԵՄ-ն ու Հայաստանն այժմ “ճշտում են ժամացույցները”՝ առաջ շարժվելու համար:

Ասոցացման համաձայնագիրը կոչված էր փոխարինելու 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որը, ինչպես կողմերը բազմիցս նշել են, արդեն չի արտահայտում գործընկերային հարաբերությունների ողջ ծավալը, և ստեղծել երկկողմ առավել խորը համագործակցության իրավական նոր հիմք:

 - Ինչպե՞ս եք տեսնում այդ զարգացումը, սա որակապես ամբողջովին նո՞ր հարաբերություն է լինելու։

- Հարաբերությունների գլոբալ համատեքստը վաղուց արդեն համաձայնեցված է։ Երբ 2013թ․ հուլիսին հայտարարվեց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, դա նշանակում էր, որ բոլոր ոլորտներում բացերը լրացված էին, և Հայաստանը բավարարել է ԵՄ-ի պահանջները։ Այժմ այնքան էլ էական բան չի փոխվել։ Պարզապես անհրաժեշտություն կա վերանայելու և ըստ նոր իրավիճակի ադապտացնելու Ասոցացման համաձայնագրի այն դրույթները, որոնք կապված են ԵՏՄ-ի առաջ ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ։ Ըստ էության, կունենանք այդ երկու համաձայնագրերի նորացված տարբերակը՝ գուցե այլ անվան ներքո, սակայն գլոբալ տարբերություններ դժվար թե լինեն։ Կարևոր է, որ թե՛ մեր, թե՛ եվրոպացի գործընկերների մոտ նկատվում է հարաբերությունների տնտեսական բաղադրիչը ևս զարգացնելու նպատակադրում: Այս ոլորտում ևս գտնվելու են ուղիներ ինտեգրացիոն երկու գործընթացների համադրման համար։

Այս փուլում բանակցությունները նպատակ ունեն պարզելու կողմերի փոխադարձ ակնկալիքներն ու յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ շարունակելու գործընթացը։ Այս առումով Հայաստանը բազմիցս, այդ թվում ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու, բարեփոխումները խորացնելու և միասին առաջ շարժվելու պատրաստակամության մասին։

Հաջորդ տարվա մայիսին Ռիգայում կայանալու է ԱլԳ հերթական գագաթաժողովը, և տրամաբանական է ակնկալել, որ մինչ այդ կարվի առավելագույնը՝ որոշակի արդյունք ունենալու համար։

Այս տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ ինչպես ԵՄ պաշտոնյաների, այնպես էլ ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների հետ, կատարվել են բազում փոխադարձ այցեր, որոնց նպատակն է եղել ճշտել համագործակցության հնարավոր ոլորտները։ Այս գործընթացում մեծ կարևորություն ունեն նաև ԵՄ անդամ առանձին երկրների հետ ՀՀ բարեկամական հարաբերությունները:

 - Իսկ ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը փոփոխություն կրելո՞ւ է։

- Նոյեմբերի 3-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, և միաժամանակ հայտարարվեց ԱլԳ ներքո 2014-2017թթ․ համար Միանվագ աջակցության շրջանակի (Single Support Framework) մեկնարկի մասին, որը ենթադրում է երեք տարվա ընթացքում ՀՀ-ին տրամադրել 140-ից 170 մլն եվրո երեք հիմնական ոլորտներում (արդարադատություն, մասնավոր հատված ու հանրային կառավարում) բարեփոխումներ կատարելու համար։ Այս գումարի տրամադրումը կախված կլինի գրանցվող առաջընթացից՝ “ավելին ավելիի դիմաց” սկզբունքով։ Բացի այդ՝ շարունակում են գործել նաև առանձին այլ ոլորտների համար գործող ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերը։

Ընդհանուր առմամբ, եթե համեմատենք մինչ այժմ գործող Ազգային ինդիկատիվ ծրագրերի ներքո տրամադրվող աջակցության հետ, աջակցությունը չի կրճատվել, եթե չասենք աճել է։ 2007-2010թթ․ Հայաստանին տրամադրվել է 98,4 մլն եվրո, իսկ 2011-2013-ին՝ 157մլն։ 2014-2017-ի համար աջակցությունը սահմանվել է 140-170 մլն եվրո:

Հետևաբար, բարեփոխումները շարունակելու պարագայում աջակցության պակաս ԵՄ-ի կողմից չի լինի։

 - Երեկ կառավարությունը հայտարարեց տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու մտադրության մասին, սա որևէ կերպ վկայո՞ւմ է բարեփոխումներն առավել ինտենսիվ դարձնելու մտադրության մասին։

- Մինչ օրս ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերելով և ստորագրելով անդամակցության պայմանագիրը՝ Հայաստանը կատարել էր իր կողմից բարձրաձայնված «և-և»-ի քաղաքականության միայն մի բաղկացուցիչը։ Այս նախարարությունը, համենայն դեպս դատելով անվանումից և դրա վերաբերյալ արված հայտարարություններից, կոչված է ապահովելու այս բալանսավորումն ու կանոնակարգելու երկու ինտեգրացիոն գործընթացները։ Անվանումը վկայում է բարեփոխումները շարունակելու, անուղղակիորեն նաև ԵՄ-ի հետ ինտեգրումը զարգացնելու մտադրության մասին։ Իսկ որքանով դա կհաջողվի անել, ցույց կտա արդեն նախարարության գործունեությունը։

Համենայն դեպս, այդ պահին նկատվում են երկու միությունների հետ էլ խորքային համագործակցություն կառուցելուն և բալանսավորումն ապահովելուն ուղղված ՀՀ ջանքերը: Եվ, ինչն էլ ավելի ուրախալի է, երկու գործընկերների կողմից էլ՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵՏՄ-ի, կա ՀՀ վարած քաղաքականության ընկալում ու առաջ շարժվելու պատրաստակամություն: Իրական կամ հայտարարված թյուրըմբռնումները կարծես թե հաղթահարված են:

Աղբյուրը՝ www.armedia.am