Նոյեմբերի 9-ի հարցումը լուրջ ահազանգ է կենտրոնական իշխանություններին՝ Կատալոնիայի հետ նոր բանակցություններ սկսելու համար


Հերմինե Մխիթարյան
փորձագետ,
“Հայացք” կիրառական
քաղաքականության և հետազոտությունների
վերլուծական կենտրոն
 

-Կատալոնիան, հաշվի չառնելով Մադրիդի սպառնալիքները, նոյեմբերի 9-ին այնուամենայնիվ իրականացրեց հարցումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչ նշանակություն այն կարող է ունենալ Կատալոնիայի անկախացման ճանապարհին:

- Այո՛, Կատալոնիայի իշխանությունները մինչև վերջ պայքարեցին հանրաքվեի անցկացման իրենց որոշման համար, և չնայած վերջում այն իրականացավ հարցման տեսքով, սակայն ամեն դեպքում իրենց կողմից հռչակված հիմնական նպատակին, այն է՝ ապահովել տեղական բնակչության խոսքի ազատության իրավունքի իրացումը, Կատալոնիայի իշխանությունները, կարծես, հասան: Հարցումն ինքնին չուներ պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դրա արդյունքների հիման վրա չէ, որ որոշվելու է Կատալոնիայի կարգավիճակը: Այն խորհրդակցական բնույթ ուներ, և դրա միջոցով տեղական իշխանությունները փորձ արեցին պարզել կամ, ավելի ճիշտ, աշխարհին ցույց տալ հենց իրենց՝ կատալոնացիների կարծիքը երկրամասի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Իհարկե, հասկանալի է նաև պաշտոնական Մադրիդի բավական կոշտ դիրքորոշումը: Կատալոնիան ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր անկախանալու հարցը, սակայն առանց լուրջ գործընթացներ նախաձեռնելու: Այս գործելաոճը կարծես թե ավանդաբար արվում էր կենտրոնական իշխանություններից որոշ զիջումներ կորզելու նպատակով և այդքանով մարում էր: Այս անգամ, սակայն, իրավիճակն ավելի սուր բնույթ ստացավ: Դրան ի պատասխան՝ կենտրոնական իշխանությունները գործի դրեցին հնարավոր բոլոր իրավական ռեսուրսները. Նոյեմբերի 4-ին սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվեց նաև հարցման անցկացումը: Չնայած նրան, որ տեղական իշխանություններն ամեն գնով անցկացրին հարցումը, կարծում եմ՝ այդ արգելքները որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, թողեցին: Նոյեմբերի 9-ին կազմակերպված հարցմանը մասնակցեցին բավական քիչ թվով ընտրողներ: Մասնավորապես, 7.6 միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիայում հարցմանը մասնակցեց մոտ 2 միլիոն մարդ (ընտրելու իրավունք ունեցողների 32 տոկոսը): Այնուամենայնիվ, հենց իրենք՝ կատալոնացիները, ընդհանուր առմամբ դրական են գնահատում հարցումը: Երկրամասի ղեկավար Արթուր Մասն այն անվանել է “կատարյալ հաջողություն” և “ժողովրդավարության դաս”: Այս առումով միանշանակ է, որ ինչպես աշխարհի ցանկացած ժողովուրդ, կատալոնացիները ևս ունեն կամարտահայտման, ինքնորոշման իրավունք, և կիրակի օրն անցկացված հարցումը դրա դրսևորումներից մեկն էր: Իսկ ինչ վերաբերում է Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատվելու, անկախանալու հեռանկարներին, ապա կարծում եմ, որ այստեղ դեռ վաղ է կանխատեսումներ անել: Կարելի է միայն փաստել, որ կիրակնօրյա այս հարցումը լուրջ ահազանգ հանդիսացավ կենտրոնական իշխանությունների համար՝ Կատալոնիայի հետ նոր փուլով բանակցություններ սկսելու համար:

  – Իսպանիան պահանջում է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվի ողջ երկրի տարածքում: Որքանո՞վ են իրավաչափ նման պահանջները:

- Իսպանիայի ողջ տարածքում Կատալոնիայի ապագա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջը հիմնավորվում է երկրի սահմանադրության համապատասխան հոդվածով: Իհարկե, այն բավական խնդրահարույց է: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից համարվող ազգերի ինքնորոշման իրավունքը չի ենթադրում, և երբևէ միջազգային պրակտիկայում նույնիսկ չի էլ գրանցվել նման դեպք, երբ որևէ տարածքի անկախանալու հարց լուծվի համապետական հանրաքվեի միջոցով: Սա նույնիսկ անտրամաբանական է, քանի որ ցանկացած տարածքի ինքնորոշման խնդիրը պիտի որոշվի միայն տվյալ տարածքի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Այս է ազգերի ինքնորոշման իրավունքի բովանդակությունը: Այն, որ Իսպանիայի սահմանադրությունը արգելում է առանձին երկրամասերում անկախության հանրաքվեների անցկացումը, հիմք է տալիս եզրակացնելու, որ այդպիսով Իսպանիան փաստացիորեն զրկում է իր տարածքում ապրող ժողովուրդներին ազգերի ինքնորոշման իրենց իրավունքի իրացումից, ինչն անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից: Ասվածի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է վերհիշել թեկուզ միայն վերջին տարիներին անցկացված անկախության հանրաքվեները՝ Շոտլանդիա (անկախ արդյունքներից), Հարավային Սուդան (2011թ.), Մոնտենեգրո (2006թ.), Արևելյան Թիմոր (1999թ.): Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:

Աղբյուրը՝ www.armedia.am