Ձեռքբերումների 12 տարի․․․

Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների շուրջ ծավալվող արագ զարգացումների հետ զուգահեռ զարգանում է նաև «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն՝ դառնալով 12 տարեկան։ Տասներկուամյա գործունեության ընթացքում մեր կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել 40-ից ավել ծրագրեր, որոնք ուղղված են եվրաինտեգրմանը, խաղաղաշինությանը, երիտասարդության ներգրավմանը, մարզերի և ԶԼՄ-ների հետ աշխատանքին: Մի շարք զգալի ձեռբերումների հետ միասին՝ իր գործունեության 12-րդ տարում կառույցն ունեցել է շոշափելի և խոստումնալից մեկ ձեռքբերում ևս՝ ի դեմս «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոի հիմնադրման։

Մեր կազմակերպության հիմնական նպատակն է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնվելով Հայաստանում զարգացնել ժողովրդավարական գործընթացները, ինչը ներառում է քաղաքացիական հասարակության կայացումը, քաղաքացիների ներգրավվածության ակտիվացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հասարակությունն ավելի բաց դարձնելը և այլն: Այս նպատակից բխել, ինչպես նաև դրան լրացնելու է եկել մեր նորաստեղծ կենտրոնի հեռատես նպատակը ևս՝ նպաստել Հայաստանում կիրառական հետազոտությունների փորձի զարգացմանը՝ ապահովելով նոր մասնագիտական “հայացք” առկա քաղաքական խնդիրներին:

Ինչ խոսք, եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել հատկապես վերջին տարիներին եվրոպական կառույցների հետ համագործակցության ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Չնայած վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները որոշակիորեն ազդել են Հայաստանի՝ եվրաինտեգրման տեմպերի վրա, այնուամենայնիվ, մեր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հավատում է, որ Հայաստանը կշարունակի մնալ եվրոպական քաղաքակրթության մասը՝ իր ներդրումն ունենալով եվրոպական արժեհամակարգում:

Ցանկանում եմ այս առթիվ շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել մեր կառույցի հիմնադիրներին, թիմի նախկին և ներկա անդամներին, ինչպես նաև գործընկերներին և համակիրներին կառույցի զարգացման մեջ ունեցած ներդրումների համար։

Սիրով՝

Հեղինե Նազարյան