
ԵՄ ֆինանսական աջակցություն․ տեղեկանք
2014թ․ նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի միջև կնքվել է ՀՀ-ԵՄ Փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ է դրվել 2014-2017թթ․-երի համար ՀՀ-ին երկկողմ հիմքով տրամադրով Եզակի աջակցության շրջանակին (Single Support Framework)՝ 140-ից 170 մլն եվրո ծավալով։
Եզակի աջակցության շրջանակը Հայաստանին ԵՄ-ի կողմից աջակցության տրմադրման ծրագրային փաստաթուղթ է։ Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման երեք գերակա ուղղություններ.
- մասնավոր սեկտորի զարգացում,
- հանրային կառավարման բարեփոխումներ,
- արդարադատության ոլորտի բարեփոխումներ։
Այս փաստաթղթով նախատեսվում է նաև լրացուցիչ աջակցություն հանրային ինստիտուտների արդիականացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ վերոնշյալ գերակայությունների ներքո կամ դրանցից դուրս գործելու համար։ Այն ոլորտային աջակցության կամ ընդհանուր ԵՄ ծրագրերի տեսքով նպաստում է քաղաքացիական հասարակության ինստիտուտներ հնարավորությունների ընդլայնմանը, նոր ինստիտուտների ստեղծմանը ։
Հայաստանին 2014-2017թթ․ ժամանակահատվածի համար նախատեսվում է տրամադրել 140-ից 170 մլն եվրո՝ գումարի չափսը կախված է լինելու բարեփոխումների հաջողությունից և երկրի պահանջներից։
Եզակի աջակցության շրջանակի ներքո աջակցությունը տրամադրվելու է ըստ ամենամյա Գործողությունների ծրագրի։ Հայաստանի 2014թ․ Գործողությունների ծրագրով նախատեսված է 19 մլն եվրո երկու գերակայությունների համար՝ աջակցություն մանր և միջին ձեռնարկությունների զարգացմանը (7 մլն) և աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը (12 մլն)։ Դրանից բացի, ևս 15 մլն եվրո նախատեսված է Հարևանության ներդրումային գործիքի համար (Neighbourhood Investment Facility (NIF))՝ նախատեսող ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացում Հայաստանում մանր և միջին ձեռնարկատերերի և նոր սկիզբ առնող ձեռնարկությունների աջակացության հարցում։
Եզակի աջակցության շրջանակը երկկողմ համագործակցության գործիք է՝ գործող Եվրոպական հարևանության գործիքի ներքո (European Neighbourhood Instrument (ENI)), որը ԵՄ հարևանության քաղաքականության ֆինանսավորման հիմնական գործիքն է 2014-2020թթ․ համար և փոխարինելու է 2007-2013թթ․ գործող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքին (European Neighbourhood and Partnership Instrument (ENPI))։ Իսկ Եզակի աջակցության շրջանակը փոխարինելու է Ազգային ինդիկատիվ ծրագրին։
Երկկողմ ծրագրերից բացի, Եվրոպական հարևանության գործիքի ներքո Հայաստանը կարող է աջակցություն ստանալ նաև բազմակողմ ծրագրերից։ Բացի այդ, Եվրոպական հարևանության գործիքի ներքո գործում են տարածաշրջանային ծրագրեր, ինչպես Erasmus+, TAIEX, SIGMA և այլն:
Եվրոպական հարևանության գործիքից դուրս Հայաստանը մասնակցում է նաև ԵՄ թեմատիկ մի քանի ծրագրերի՝ the European Instrument for Democracy and Human Rights, Instrument contributing to Stability and Peace, Civil Society Organisations and Local Authorities, Human Development and Migration & Asylum։
Նոյեմբերի 3-ին նաև հաստատվել է Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտային աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը՝ 25 մլն եվրո ծավալով։ Ծրագիրը հաստատվել էր 2013թ․-ին, որպես ՀՀ-ԵՄ ամենամյա Գործողությունների ծրագրի մաս՝ գործող ENPI-ի ներքո։, սակայն գործողության մեջ կմտնի այս տարվանից:
ԵՄ ֆինանսավորման գործիքների փոփոխություն
2014թ.-ին ԵՄ-ն վերանայել է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ընդգրկված երկրների հետ համագործակցության ֆինանսական գործիքները: Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքին (ENPI-ին) փոխարինելու է եկել Եվրոպական հարևանության գործիքը (ENI-ը), որը նախատեսում է լինել ավելի ճկուն, արագ և նպատակային։
Այն հիմնված է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա, աջակցություն է տրամադրում կողմերի միջև համաձայնեցված գործողությունների համար: Նախորդ գործիքի համեմատ այն նախատեսում է միջոցների ավել մեծ դիֆերենցում բարձրացվում է հաշվետվողականության մակարդակը, նախատեսում է պլանավորման ամենամյա՝ առավել կարճաժամկետ և պարզ մեխանիզմ, ինչպես նաև կոչված է աջակցություն տրամադրել միայն հիմնավորված առաջարկների համար։ Աջակցությունը տրամադրվում է երկկողմ, բազմակողմ և տրանսսահմանային հիմքերով՝ ԵՄ-ին անմիջական հարևան երկրների պարագայում։ Այն նախատեսում է նաև քաղաքացիական հասարակության առավել լայն ընդգրկում՝ բարեփոխումների հարցում հաշվետվողականության բարձրացման նպատակով։
ԱլԳ երկրներին տրամադրվող աջակցություն
Համեմատության մեջ դիտարկենք Եզակի աջակցության շրջանակն ԱլԳ 6 երկրների համար։
Հայաստանի պարագայում այս գործիքի ներքո 2014-2017թթ. Տրամադրվելու է 140-170 մլն եվրո: 2011-2013թթ․ տրամադրված աջակցությանը կազմել է 157.3 մլն եվրո։
Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին տրամադրվող ԵՄ աջակցությունն այս տարվանից զգալիորեն ընդլայնվել է։
Վրաստանի պարագայում Եզակի աջակցության շրջանակով 2014-2017թթ․ համար նախատեսված է 335-410 մլն եվրո աջակցություն։ 2011-2013թթ․ այդ աջակացությունն ընդհանուր առմամբ կազմել է 180.29 մլն եվրո։
Մոլդովայի հետ ևս կնքվել է Եզակի աջակցության շրջանակ, որը նախատեսում է 2014-2017թթ․ համար տրամադրել 335-410 մլն եվրո։ Մոլդոան 2011-2013թթ․ ստացել է 273,1 մլն եվրո։
Ուկրաինային, հաշվի առնելով առկա ճգնաժամը, ֆինանսական աջակցությունը տրամադրվում է այլ մեխանիզմով։ Մարտի 5-ին որոշում է կայացվել 11 մլրդ եվրո տրամադրելու մասին։ Ուկրաինան 2011-2013թթ․-ին ստացել է 470,1 մլն եվրո։
Ասոցացման համաձայնագիրը չստորագրած մյուս երկու երկրներից Ադրբեջանի հետ Եզակի աջակցության շրջանակը 2014-2017թթ․ համար նախատեսում է 77-94 մլն եվրո: 2011-2013թթ․-ին ստացել է 122,5 մլն եվրո։
Բելառուսի համար այս նույն գործիքը նախատեսում է 71-89 մլն եվրո, մինչ դեռ 2011-2013թթ․ աջակցությունը կասեցված է եղել։
Աննա Կարապետյան