“Դիսկուսիոն սրճարան”. երիտասարդները քննարկում են արտագաղթի պատճառները

ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Դիսկուսիոն սրճարան” ծրագրի շրջանակներում երևանյան սրճարաններից մեկում տեղի ունեցավ հերթական քննարկումը “Արտագաղթ. պատճառները և կանխման միջոցները” թեմայի շուրջ: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան թեմային ծանոթանալ թեմային առնչվող ֆիլմի դիտման միջոցով, այնուհետև փորձագետներ Ռուբեն Եգանյանն ու Վահան Ասատրյանը հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով արտագաղթին վերաբերող վերջին հետազոտությունների արդյունքները և արտագաղթի հարցում պետական քաղաքականությունը:

Մասնագետներն իրենց խոսքում նշեցին, որ չկա հավաստի միգրացիոն տեղեկատվություն, և այս պայմաններում հավաստի տեղեկատվության միակ աղբյուրն այլընտրանքայիյն հետազոտություններն են: Մասնագետները ներկայացրին անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից առաջին անգամ անցկացված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն 2001-2012 թվականների ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 301 հազար մարդ: Անդրադառնալով աշխատանքային արտագաղթի խնդիրներին՝ մասնագետները նշեցին, որ աշխատանքային միգրացիան հիմնականում կենտրոնացված է Ռուսաստանի վրա, աշխատանքային միգրացիայի 90℅-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանը չունի աշխատանքային արտագաղթ դեպի Եվրոպա: Նշվեց նաև, որ աշխատանքային միգրանտների 85℅-ը տղամարդիկ են, իսկ էմիգրացիայում գտնվողների 78℅-ը դրամական օգնություն է ուղարկում ՀՀ:

Խոսելով արտագաղթի պատճառների մասին՝ մասնագետներն ընդգծեցին, որ այսօր մեկնելու հիմնական պատճառներն են աշխատավարձի ոչ բավարար լինելը, բարոյահոգեբանական խնդիրները: Անդրադարձ կատարվեց նաև միգրացիայի ոլորտում պետական քաղաքական կարգավորման խնդրին, կարևորվեց Միգրացիայի պետական ծառայության ստեղծումը: Միջոցառման մասնակիցները խոսեցին արտագաղթի ծավալների վտանգավորության մասին՝ նշելով, որ արտագաղթի տարեկան 30 հազար ցուցանիշը հարյուր տարի անց կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:

Քննարկման և հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները մեծ ակտիվություն ցուցաբերեցին՝ հարցեր հնչեցնելով արտագաղթի պատճառների և կանխման հնարավոր, այդ թվում նաև կրեատիվ միջոցների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցները հետաքրքրվեցին, թե արդյոք արտագաղթի վերաբերյալ հետազոտություններ են անցկացվում նաև Արցախում: Պարզվեց, որ մի շարք փոքր հետազոտություններ անցկացվել են:

Մասնակիցները նաև հարցրին ՀՀ վարած միգրացիոն քաղաքականության մասին՝ ցանկանալով տեղեկանալ դրա հիմնական ուղղությունների մասին: Երիտասարդնբերը խոսեցին նաև արտագաղթի պատճառների մասին՝ ներկայացնելով իրենց տեսակետը: Հնարավոր պատճառներից նրանք առանձնացրին սոցիալ-տնտեսական խնդիրները, բարոյահոգեբանական հարցերը, անվտանգության խնդիրները, փակ սահմաններն ու չլուծված հակամարտությունը, սփյուռքի գրավչությունը, պահանջարկ ունեցող կրթության բացակայությունը:

Ի պատասխան՝ մասնագետները նշեցին, որ հակամարտությունն արտագաղթի էական պատճառ էր 90-ական թվականներին, իսկ այսօր այնքան էլ էական գործոն չէ, կազմում է արտագաղթի պատճառների 2-3℅-ը միայն: Պատասխանելով երիտասարդների հարցին՝ նրանք նաև նշեցին, որ միգրացիայի աճ չեն ակնկալում կապված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ:

Նշենք, որ “Դիսկուսիոն սրճարան” երիտասարդական ծրագիրը նախատեսում է երիտասարդների միջև քննարկում-բանավեճեր ոչ-ֆորմալ հարթակում՝ սրճարանում, ՀՀ քաղաքական-տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտի ակտուալ հարցերի շուրջ տվյալ ոլորտներից փորձագետների մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Ծրագրին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Հայաստանից և Արցախից:

Աղբյուրը՝ www.armedia.am