ԿԱՅԱՑԵԼ Է ԵՄ-ՎՐԱՍՏԱՆ ԱՍՈՑԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 18-ին կայացավ ԵՄ և Վրաստան Ասոցացման խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը հանդիսանում է Ասոցացման համաձայնագրի իրականացման բարձրագույն վերահսկիչ մարմինը: Նիստը վարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ այն նախագահել է ԵՄ արտաքին և քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: ԵՄ պատվիրակության կազմում է եղել նաև ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նիստից հետո պաշտոնյաները հանդես են եկել ելույթներով:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նշել է ԵՄ հետ երկխոսությունում Վրաստանի զգալի առաջընթացը վիզաների ազատականացման հարցով, դրական է գնահատել Վրաստանի ներդրումը ԵՄ հովանավորության տակ Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ընթացող առաքելության մեջ և ողջունել է այն լուրջ առաջընթացը ժողովրդավարոթյան ոլորտում, որը Վրաստանը գրանցել է 2012թ-ի խորհրդարանական և 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

Անդրադառնալով քաղաքական մթնոլորտի բարելավման անհրաժեշտությանը՝ Մոգերինին նշել է. “Անհրաժեշտ է խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, հակամարտությունից և բևեռացումից, ինչպես նաև տարածություն տալ ընդդիմության և միջկուսակցական երկխոսության համար”:

Արտաքին և քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարը խոսել է նաև արդարադատության ոլորտում առկա անելիքների վերաբեյալ. “Քաղաքական նպատակներով արդարության օգտագործման ցանկացած ձև պետք է կանխվի, իսկ դատախազները պետք է հետևեն իրավական գործընթացներին և պրոֆեսիոնալ ձևով պատրաստեն ապացույցները: Քաղաքական գորիչները պետք է խուսափեն ընթացող հետաքննությունների և դատական գործերի վերաբերյալ մեկնաբանություններից, իսկ գործադիր իշխանությունը պետք է հարգի դատական համակարգի որոշումները”:

Աբխազիայի և Ռուսաստանի հնարավոր պայմանագրի կնքումը Մոգերինին անվանել է “անհանգստության առարկա”, որը նպաստում է տարածաշրջանում անկայունության աճին: Նա նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ն հետևողականորեն այս հարցը կբարձրացնի Ռուսաստանի հետ շփումների ժամանակ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ և Վրաստանի Ասոցացման խորհրդի նիստը հնարավորություն է տալիս գնահատել արդեն իսկ ունեցած արդյունքները և սահմանել մինչև Ռիգայի գագաթաժողովն ընկած ժամանակահատվածի օրակարգը: “Ասոցացման համաձայնագիրը չի հնդիսանում մեր համագործակցության վերջնական նպատակը: Ես ձգտում եմ, որ իմ երկիրը դառնա տարածաշրջանում հաջողության օրինակ՝ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում օգտագործելով տրանսֆորմացիաների ուժը: Ասոցացման համաձայնագիրը մենք համարում են եվրոպական, կայուն, գործող և պլուրալիստական ժողովրդավարության կառուցման գլխավոր հիմքը, որում կլինի ուժերի արդյունավետ բաշխման համակարգ և ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ”,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանն իր ելույթում նշել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ԵՄ գնահատում է Վրաստանի բարեփոխումների իրականացման ջանքերը և եվրոպական ձգտումները: “Այժմ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումներին, որպեսզի Վրաստանի ձգտումները մոտենան իրականությանը: Վրաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության ավանգարդում, և այդ փաստը ճանաչված է ոչ միայն խոսքերով, այն նաև ֆինանսական օգնությամբ (2014-2017թթ ԵՄ-ն Վրաստանին խոստացել է բարեփոխումների համար տրամադրել 410 մլն եվրոյի օգնություն)”:

20.11.2014