“ԴԻՍԿՈՒՍԻՈՆ ՍՐՃԱՐԱՆ”. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է

ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Դիսկուսիոն սրճարան” ծրագրի հերթական փուլը նախատեսում է թատերական ներկայացման դիտում, որից հետո քննարկում “Արժեքներ. մշակույթը որպես միավորող գործոն” թեմայի շուրջ: Քննարկումը տեղի է ունենալու այսօր, իսկ նախօրեին ծրագրի

մասնակիցները Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտեցին “Ինձնից պրծում չկա” երկու գործողությամբ կատակերգությունը (հեղինակ՝ Գուրգեն Խանջյան): Կատակերգությունը ներկայացնում է մերօրյա խնդիրները:

Ինչպես արդեն նշվեց, ծրագրի մասնակիցները ներկայացման մասին իրենց տպավորություններով ու կարծիքներով կկիսվեն այսօր երևանյան “անտիկաֆեներից” մեկում: “Արժեքներ. մշակույթը որպես միավորող գործոն” թեմայի քննարկմանը ներկա կգտնվի նաև Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ով հանդիսանում է նաև “Ինձնից պրծում չկա” ներկայացման բեմադրող: Երիտասարդների հանդիպմանը կմասնակցի նաև մշակութաբան Սերոբ Խաչատրյանը: Քննարկման մասին առավել մանրամասն կտեղեկացվի դրա ավարտից հետո:

“Դիսկուսիոն սրճարան” ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Ծրագրին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Հայաստանից և Արցախից:

Աղբյուրը՝ armedia.am