Եթե մենք չիմանանք մեր մշակույթը, մենք մեզ չենք հարգի

 ”Դիսկուսիոն սրճարան” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում “Արժեքներ. մշակույթը որպես միավորող գործոն” թեմայի շուրջ: Ծրագրի երիտասարդ մասնակիցները հնարավորություն ունեցան այս թեմայի շուրջ զրուցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի և մշակութաբան Սերոբ Խաչատրյանի հետ:

Ինչպես մենք տեղեկացրել էինք ավելի վաղ, ծրագրի մասնակիցները նախօրեին այցելել էին Հ. Պարոնյանի անվան թատրոն և դիտել “Ինձնից պրծում չկա” ներկայացումը: Խոսելով այդ ներկայացման մասին` պարոն Ղազանչյանը նշեց, որ երկու գործողությամբ այդ կատակերգությունն արդեն 10 տարի է բեմադրվում է, սակայն դեռ չի կորցրել իր արդիականությունը: Նա տեղեկացրեց, որ Պարոնյանի անվան թատրոնում կա 240 աշխատող, 40 դերասան: Պարոն Ղազանչյանի կարծիքով, հայ թատրոնը չի կարող գոյություն ունենալ առանց հին և նոր պիեսների, ուստի այսօր թատրոնում բեմադրվող 21 պիեսներից 8-ը պատկանում են ժամանակակից գրողներին: Ներկայացվում են Դ. Դեմիրճյանի, Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի և այլոց պիեսները: Պարոն Ղազանչյանը նշեց, որ Հայաստանում կա 20 թատրոն, սակայն անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել Երևանից դուրս գտնվող թատրոններին, քանի որ շրջաններում մարդիկ զուրկ են հոգևոր կյանքից:

Նրա կարծիքով, թատրոն անպայման պիտի բացվի Էջմիածնում, որտեղ տարեկան կարող է ներկայացվել թեկուզ երեք ներկայացում, որից մեկը պարտադիր կպատմի Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին: Խոսելով թատրոնի մասին առհասարակ, Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ սերը երկուստեք է լինում, սակայն լինում են նաև միակողմանի սիրո դեպքեր, այդպես է նաև թատրոնում, թատրոնն էլ պիտի սիրի դերասանին: Նրա խոսքերով, թատրոնը հզոր ուժ է, և մենք պիտի իմանանք մեր թատրոնը, մեզ, քանի որ եթե մենք մեզ չիմանանք, մենք պարզապես չենք հարգի մեզ: Պարոն Ղազանչյանի ուշագրավ և համեմված խոսքից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նրան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես նախօրեին դիտած ներկայացմանը, այնպես էլ այլ հարցերի մասին Պարոն Ղազանչյանի կարծիքին: Օրինակ՝ այն հարցին՝ արդյո՞ք դերասան ծնվում են, թե դառնում, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. “Եթե որևէ մեկը Ձեզ երբևէ տա այդ հարցի պատասխանը, չհավատաք”: Նրա խոսքերով, առանց ցավոտ, լացող, հետաքրքիր ու միաժամանակ հոգնեցնող աշխատանքի ոչինչ չի ստացվում:

Հանդիպման երկրորդ փուլում մշակութաբան Սերոբ Խաչատրյանը խոսեց մարդու զարգացման և նրա արժեքային համակարգի փոփոխման ընթացքի մասին՝ առավել պատկերավոր ներկայացնելով այդ ամենը “ինքնություն”, “էգո” և “աշխատանք” դրսևորումների միջոցով: Նրա խոսքերով, 21-րդ դարում մարդը հեռացել է իր ինքնությունից՝ առավել կարևորելով աշխատանքը: Մեջբերելով Բ. Շոուի խոսքերն այն մասին, որ մարդկանց 95%-ը կգերադասեր մեռնել, բայց չմտածել՝ նա նշեց, որ այսօր, շնորհիվ համակարգիչների և համացանցի, մարդիկ հեշտությամբ ստանում են իրենց հարցերի պատասխանները՝ առանց դրանց որոնման համար ջանք գործադրելու: Ինչևէ, նա հուսադրող տվյալներ հայտնեց նաև այն մասին, որ, չնայած այս ամենին, ըստ գիտնականների, մարդու ուղեղն, իրականում, զարգանում է: Մասնագետի հետաքրքիր զեկույցից հետո տեղի ունեցավ բավական թեժ քննարկում հարցուպատասխանների միջոցով:

Հիշեցնենք, որ “Դիսկուսիոն սրճարան” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ: “Դիսկուսիոն սրճարան” ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Ծրագրին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Հայաստանից և Արցախից:

Աղբյուրը՝ www.armedia.am