Իսպանիայի ընդդիմությունը նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ

Իսպանիայի ընդդիմադիր` սոցիալիստական կուսակցությունը երկրում խորհրդարանի միջոցով սահմանադրական փոփոխություն անցկացնելու  առաջին քայլն է ձեռնարկել:

Կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը հայտ է ներկայացրել խորհրդարան, ըստ որի պետք է ստեղծվի սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հատուկ հանձնաժողով: Այս քայլի վերջնական նպատակը Իսպանիան ֆեդերացիայի վերածելն է:

Սանչեսն ասել է, որ Սահմանադրության լավագույն պաշտպանությունը` դրա ակտուալացումն է: Նրա կարծիքով Սահմանադրության մեջ անհրաժեշտ է բարելավել իրավունքների և ազատությունների համակարգը, արդիականացնել դեմոկրատական համակարգը և վերանայել մինչ այս գոյություն ունեցող տարածքային մոդելը: Այս առումով, սոցիալիստներն առաջարկում են Իսպանիան դաշնային պետություն դարձնելով հստակորեն սահմանել ինքնավար համայնքների և պետության իրավասությունները, ինչպես նաև օրենքում ներառել բժշկության և կրթության ոլորտների համար բյուջեի նվազագույն ծախսերի քանակը` ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ: Հաջորդ քայլը կլինի Խորհրդարանի միջոցով փոփոխությունների հաստատումը:

Նշենք, որ Սահմանադրության այսպիսի փոփոխության միջոցով ինքնավար մարզը ֆեդերացիայի վերածելուն կողմ է Կատալոնիայի բնակչության մեծ մասը:

«Անհրաժեշտ է բարեփոխել Սահմանադրությունը` երեք ճգնաժամ հաղթահարելու համար` տարածքային, տնտեսական և սոցիալական: Բարեփոխումն ինքնանպատակ չէ, սակայն դա իսպանական հանրության ներսում որոշ համաձայնություններ վերականգնելու միջոց է»,- հայտարարել է Պեդրո Սանչեսը:

 EFE գործակալության փոխանցմամբ, Սանչեսի և վարչապետ Մարիանո Ռախոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս չի սատարել սոցիալիստների նախաձեռնությունը: Ռախոյի կարծիքով նմանատիպ առաջարկները չպետք է միակողմանի կերպով առաջ քաշվեն: Բացի այդ, նրա խոսրքով քաղաքական և ինստիտուցիոնալ կայունությունը միշտ հանդիսացել է Իսպանիայի գլխավոր բնութագրիչ գծերից մեկը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխման հարցը սոցիալիստները առաջ են քաշել դեռ մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ վարչապետը հայտարարում էր, որ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության կողմից ակնկալում է «հստակ առաջարկներ»:

Քրիստինե Գասպարյան