ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում միասնական վերաբերմունք ցուցաբերել

Նախօրեին Անկարա են ժամանել Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և Հումանիտար ու ճգնաժամի կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը: Հանձնակատարները քննարկել են ռազմավարական կարևորություն ունեցող հարցեր, այդ թվում Թուրքիայի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու հարցը:

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը կոչ է արել Թուրքիային Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շուրջ միասնական մոտեցում ցուցաբերել արևմուտքի հետ, կամ ելնելով իրադրությունից չդառնալ ՌԴ-ի գլխավոր մատակարարը:

Կողմերի միջև քննարկված մյուս հարցը “Իսլամական պետության”՝ ԵՄ քաղաքացիների ներգրավումն էր: ԵՄ անդամ երկրները պետք է Թուրքիայի հետ իրենց ջանքերը միավորեն՝ «Իսլամական պետության» շարքերը համալրելու նպատակով դեպի Իրաք և Սիրիա ձգտող եվրոպացիների մուտքը կանխելու համար: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ առանձնազրույցից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆեդերիկա Մոգերինին:

Հանձնակատարը նաև հայտնել է, որ ԵՄ-ն ավարտում է Թուրքիային հատկացվելիք ֆինանսական աջակցության փաթեթի շուրջ աշխատանքները: Այս ծրագրով Թուրքիային նախատեսվում է հատկացնել շուրջ 70 մլն եվրո, որը պետք է ուղղվի երկրում ապաստանած մոտ 1,6 մլն փախստականներին օգնություն հատկացնելուն:

Յոհաննես Հանն իր հերթին հույս է հայտնել, որ 2015-ին նաև առաջընթաց կգրանցվի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Նրա խոսքերով հաջորդ տարի ԵՄ նախագահությունը Լատվիային անցնելով Անկարայի հետ կսկսվեն նոր բանակցային գլխի շուրջ բանակցությունները:

“Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է շարունակել համատեղ աշխատանքը եվրոպական արժեքների ամբողջական գիտակցմամբ: Մենք պետք է ամենասերտ տնտեսական կապերը ունենանք, սակայն անհրաժեշտ են նաև բարեփոխումներ օրենսդրության և մարդու իրավունքների ոլորտում: Սակայն եթե խոսենք գործընթացի մասին, ապա կարող եմ ասել, որ նոր Եվրահանձնաժողովը և մեր բոլոր անդամները հնարավոր ամեն բան կանեն, որ արագացնեն այդ գործընթացը”, – հայտարարել է եվրահանձնակատարը:

Նշենք, որ Թուրքիայի անդամակցության գործընթացը սկսվել է 2005 թվականից, մինչդեռ պաշտոնապես երկիրը անդամակցության հայտ է ներկայացրել 1987-ին: 2004 թ.-ի ԵՄ պատմության մեջ ամենամեծ ընդլայնումից հետո միայն Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան պաշտոնապես թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ: Բանակցային փաթեթի 35 գլխից բացվել են միայն 14-ը, իսկ 17-ը սառեցվել են անդամ երկրների կողմից տարբեր պատճառներով:

 Քրիստինե Գասպարյան