Մրցունակ կրթությունը հաջող կարիերայի գրավականն է

Ներառական կրթության առավելություններն ու թերությունները, Բոլոնյան կրթական համակարգի նորամուծությունները և կրթական բարեփոխումները ՀՀ-ում քննարկվել են Երևանում “Դիսկուսիոն սրճարան” երիտասարդական ծրագրի շրջանակներում։

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանի, ԵՊՀ դասախոս Նունե Մելքոնյանիի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, Շվեդիայի Լունդի համալսարանի շրջանավարտ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ անց է կացվել քննարկում “Բոլոնյան գործընթացը և/կամ տեղական առանձնահատկությունները” թեմայով։

Քննարկմանը մասնակցել են երիտասարդներ Հայաստանից և Արցախից։

Ներկայացվել են կրթական բարեփոխումները, համակարգում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց նպատակները։ Հատուկ անդրադարձ է կատարվել ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության առանձնահատկություններին և դրանց ֆորմալ ճանաչման ուղղությամբ կատարվող բարեփոխումներին։ Քննարկվել է ներառական կրթության ներմուծման գործընթացը, մասնակիցները հայտնել են իրենց մտահոգությունները և ստացել փորձագետների պատասխանները։

Դասախոսների հետ միասին բարձրաձայնվել և քննարկվել են հայաստանյան բուհերում առկա խնդիրները, ուսանողների և դասախոսների, ուսումնական համակարգի թերացումներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները, տեղի ունեցող բարեփոխումները, դրանց ստեղծած հնարավորությունները։ Զուգահեռներ են անց կացվել եվրոպական, ամերիկյան բուհական համակարգերի հետ, քննարկվել են այն յուրահատկությունները, որոնք կարևոր են ուսումնական գործընթացն առավել արդյունավետ, հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես նշել են բանախոսները, կարևորագույն խնդիրն այսօր մրցունակությունն է, որին կարելի է հասնել միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով։

Մասնակիցների կողմից բարձրացված հարցերի թվում կարևորվել է աշխատաշուկայի պահանջարկի և բուհի առաջարկի համապատասխանության, ստացված գիտելիքների արդիականության և կիրառականության, գործատու-բուհ կապի հարցերը։ Առաջարկվել են այս կապի ամրապնդման եղանակներ։

Քննարկվել է նաև դպրոցներում բուհ ընդունվելուց առաջ մասնագիտական կողմնորոշման անհրաժեշտությունը։ Մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը՝ վերաբերող կրթական համակարգի ոչ ճկուն լինելուն, հասարակության մոտ առկա կարծրատիպերին և այլն։

Հիշեցնենք, որ “Դիսկուսիոն սրճարան” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ: “Դիսկուսիոն սրճարան” ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Ծրագրին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Հայաստանից և Արցախից:

Աղբյուրը՝ www.armedia.am