Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին եւ դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Դեկտեմբերի 15-18-ին կանցկացվի Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը։ Դիտարկվելու են ԵՄ բյուջեում փոփոխությունները։ Դեկտեմբերի 17-ին քննարկվելու է ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը։

Դեկտեմբերի 15-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Արևմտյան Բալկանների, Ուկրաինիայի և էբոլայի դեմ պայքարի հարցերը։

Արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստ։ Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման բանակցությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Նույն օրը Հանը կմասնակցի Ուկրաինայի բարեկամների հանդիպմանը Բրյուսելում։ Դեկտեմբերի 16-17-ին Մոգերինին կայցելի Ուկրաինա։

Դեկտեմբերի 18-19-ին տեղի կունենա ԵՄ գագաթաժողով։ Օրակարգում ընդգրկված են տնտեսական և սոցիալական հարցեր, նախատեսվում է անդրադարձ կատարել միջազգային հարաբերություններում վերջին զարգացումներին։ Գագաթաժողովին կնախորդի ԵԺԿ կուսակցության գագաթաժողովը, որի շրջանակներում ակնակալվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի երկկողմ հանդիպումը Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ։

Աննա Կարապետյան