Թուրքիայում տեղի ունեցավ “100 տարի… Իրական պատմություններ” գրքի շնորհանդեսը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցավ “100 տարի… Իրական պատմություններ” գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են 47 իրական պատմություններ, որոնք բանավոր վերարտադրել են Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, հարազատները, մտերիմները՝ հենվելով դեպքերի ականատեսների վկայությունների վրա: Պատմությունների հավաքագրումն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության և “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով, Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ` “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործընկերը Թուրքիայում “tursu.tv production”-նն է:

Ստամբուլում տեղի ունեցած շնորհանդեսին Հայաստանից ներկա էին գրքի թուրքերեն տարբերակի թարգմանիչ, խմբագիր, սրբագրիչ Լիլիթ Գասպարյանը և “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ Նարեկ Մինասյանը:

“Արմեդիայի” հետ զրույցում Նարեկ Մինասյանը նշեց, որ գրքի շնորհանդեսն, ընդհանուր առմամբ, անցել է հանգիստ և ջերմ մթնոլորտում: Միջոցառմանը ներկա են եղել մի քանի տասնյակ մարդիկ՝ այդ թվում 7 լրատվամիջոց, տեղական հեռուստաընկերություններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մեր գործընկերոջ խոսքով, գիրքը, որը ներկայացնում է և՛ Ցեղասպանության արհավիրքը, և՛ մարդասիրության դրսևորումներն այդ արհավիրքի ընթացքում` ի դեմս հայերին օգնության ձեռք մեկնած թուրքերի, ներկաների շրջանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Արիս Նալջըն՝ IMS TV խմբագիրը, T24 ամսագրի սյունակագիրը, Լիլիթ Գասպարյանը և Նարեկ Մինասյանը: Բոլոր բանախոսներն էլ անդրադաձել են հայ-թուրքական գործընթացում առկա ստատուս քվոյին և կարևորել են երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման ու երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Նրանք նաև ընդգծել են, որ կարևոր է Ցեղասպանության ճանաչումը` հետագայում նման արհավիրքներից խուսափելու և դրանք կանխարգելելու համար: Իր խոսքում Նարեկ Մինասյանը նշել է, որ առանց անցյալին ճշգրիտ գնահատական տալու հնարավոր չէ առաջ ընթանալ, քարոզել խաղաղություն:

Նշենք, որ “100 տարի… Իրական պատմություններ” գրքի հայերեն և անգլերեն տարբերակների շնորհանդեսը առաջիկա օրերին տեղի կունենա նաև Երևանում:

Աղբյուրը՝ www.armedia.am