Հայաստան-ԵՄ. “Ավելի քիչ, քան Ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը, և ավելի շատ, քան կա այսօր”

Սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր օրակարգ է պետք: Եվ չնայած նրան, որ ԵՏՄ-ին անդամակցելու ՀՀ որոշումն իրականում անակնկալ չէր եվրոպական գործընկերների համար՝ պարզ դարձավ, որ հետագա փոխգործակցությունը նոր գաղափարների և նոր ձևաչափերի կարիք ունի: “ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը. հեռանկարները և քաղաքացիական հասարակության դերակատարումն այս գործընթացում” թեմային էր նվիրված դեկտեմբերի 19-ին “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի նախաձեռնած կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչները:

“Off the record” ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա իրողությունների և շարունակվող բանակցությունների համատեքստում ՀՀ-ԵՄ համագործակցության ձևաչափերի հնարավոր թարմացումներին վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական օրակարգում եվրոպական ինտեգրացիային վերաբերող ժամանակակից խնդիրները:

Ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունը դառնալ արդյունավետ գործոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում, ի՞նչ է պետք անել, որ եվրաինտեգրումը մնա Հայաստանի քաղաքական օրակարգում՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ինչպե՞ս զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի և Հայաստանի տարբեր հարթակների միջև, ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որ Հայաստանում քաղաքական մշակույթը հետընթաց չապրի, ինչպե՞ս պետք է համագործակցեն քաղաքացիական հասարակության տարբեր շերտերը, որ և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում առաջ տանեն հայկական շահը. հարցադրումների նման լայն շրջանակ ընդգրկող քննարկումը տևեց ավելի քան 3 ժամ:

Դրա արդյունքում կլոր սեղան-քննարկման նախաձեռնողները կկազմեն համապատասխան ծրագրային փաստաթուղթ (policy paper), որի մեջ կմտնեն քննարկման ընթացքում ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակության ձևաչափերի և գաղափարների մասին հնչած բոլոր առաջարկությունները:

Նշենք, որ քննարկումը տեղի է ունեցել “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Նույն ծրագրի շրջանակներում ևս մեկ նմանատիպ միջոցառում է անցկացվելու, որի ժամանակ մասնագետները իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են ԵՄ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորութունների և գաղափարների վրա:

Աղբյուրը՝ www.armedia.am