“Եվրաինտեգրման գործընթացում կան որոշակի առաջընթաց ապահովող տարրեր”. Կարեն Բեքարյան

Երեկ տեղի ունեցավ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի տարվա ամփոփիչ մամլո ասուլիսը՝ “Ինտեգրացիոն գործընթացներ, ՌԴ-Արևմուտք լարվածությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա” թեմայով: Ինտեգրացիոն գործընթացների ներքո բանախոսը խոսեց երկու ուղղությունների մասին էլ՝ և՛ ԵԱՏՄ, և՛ Եվրամիություն: Խոսելով վերջին 3-4 օրերի ընթացքում Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների երկու պալատների կողմից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացման մասին՝ բանախոսը սա համարեց վավերացման գործընթացների փաստացի ավարտ: Վաղը Մոսկվայում սպասվող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանն անդրադառնալով՝ Բեքարյանը նշեց, որ որևէ իրադարձային փոփոխություն տեղի չեն ունենա և ընդամենը կհաստատվի, որ Հայաստանը հունվարի 2-ից կդառնա ԵԱՏՄ լիիրավ անդամ: Բանախոսը կարևորեց ոչ միայն վաղը Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը, այլև սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ նշելով, որ դրա ընթացքում կարող են տեղի ունենալ հետաքրքիր քննարկումներ, 2015թ.-ի պլանավորում: Ամփոփելով ԵԱՏՄ վերաբերյալ իր խոսքը՝ Կ. Բեքարյանը նշեց, որ դառնալով կառույցի անդամ՝ Հայաստանը լուծեց “և՛…և՛” քաղաքականության երկրորդ “և”-ի խնդիրը, բայց առաջին “և”-ի հետ կապված՝ դեռ պետք է հասկանալ, թե ուր ենք գնում և ինչպես: Եվրաինտեգրման գործընթացում, ինչպես նշեց Բեքարյանը, կան որոշակի առաջընթաց ապահովող տարրեր: “Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ականատես եղանք նրան, որ արդեն կա շատ հստակ բանակցային ձևաչափ և գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ: Այստեղ կարծես թե գործում է այն տրամաբանությունը, որի մասին դեռևս խոսում էինք վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Խոսքը վերաբերում է նրան, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված այն փաստը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Իհարկե չի կարելի նաև մի կողմ դնել այն փաստը, որ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ”: Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահը շեշտեց, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ճնշող մեծամասնության առումով մեր` ԵԱՏՄ-ին անդամակցությունը որևէ խնդիր չի հարուցում: Եվ այն, որ այժմ ՀՀ-ԵՄ բանակցություններն ընթանում են արդեն համաձայնեցված Ասոցացման համաձայնագրի նախագծի վերանայման տրամաբանությամբ, նշանակում է, որ Եվրամիության մեր գործընկերները հասկացան` ԵԱՏՄ-ն հիմնվեց որպես տնտեսական միություն: Անդրադառնալով արդեն Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածին՝ ԽՀԱԱՀ-ին, Բեքարյանը նշեց, որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գործի փաստաթղթի այս հատվածը երեք մասի բաժանելու մոդելը. 1-ին մաս՝ որտեղ չկա հակասություն մեր՝ արդեն իսկ ստանձնած և այս փաստաթղթով նախատեսվող պարտավորությունների միջև, 2-րդ մաս՝ որտեղ կան հակասություններ, և 3-րդ մաս՝ որտեղ եթե անգամ կան հակասություններ, ապա դրանք կարող են բանակցման ներքո հաղթահարվել: “Իմ տպավորությունն այն է, որ հենց այս տրամաբանությամբ էլ շարժվում են”, – ասել է Բեքարյանը: Համարելով, որ բանակցությունները բավականին արագ են ընթանում` բանախոսը նշեց, որ 2015թ.-ի գարնանը արդեն կլինի Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր ձևաչափ, նոր փաստաթուղթ, և կարևոր չէ, թե այն ինչպես կկոչվի՝ “Ասոցացում մինուս”, թե “Ռազմավարական գործընկերության համաձայնագիր”:

 

Աղբյուրը՝ www.armedia.am