ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԵՄ-ՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԹԵ՞ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միության ներսում տիրող ճգնաժամային իրավիճակը, օրեցօր ահագնանալով, սպառնում է ԵՄ երկրների համախմբվածությանը, նրանց ընդհանուր արտաքին քաղաքականությանը, հետևաբար նաև ԵՄ գոյությանը: Միգրացիոն քաղաքականությունն այն կարևորագույն հիմնահարցերից է, որ այսօր առաջացնում է տարաձայնություններ ԵՄ անդամ երկրների միջև և, ըստ էության, այսօր առկա առաջնային սպառնալիքներից մեկն է:

ԵՄ տարածքում ապաստան փնտրողների թվին զուգընթաց՝ աճում է Միության ներսում նրանց կեցությունը չընդունող մարդկանց թիվը: Միգրացիայի պատճառ կարող են դառնալ ինչպես տարբեր երկրներում կամ բնակավայրերում էթնիկ զտումները, այնպես էլ պատերազմները, բնակչության ցածր կենսամակարդակը, գաղութացումը և այլն: Սա վերաբերում է թե՛ ներքին և թե՛ արտաքին միգրացիային: Արդյո՞ք նպատակահարմար կլինի ներմուծել նոր միգրացիոն քաղաքականություն` հաշվի առնելով Եվրոպայի՝ “ծերացող բնակչության” գործոնը:

Ներքին միգրացիայի առումով՝ Եվրոպայում հիմնականում գործում է “արևելքից արևմուտք” ձևաչափը: Այն ակտիվացել է մասնավորապես 1980-ականներին, երբ ապաստան փնտրողների թիվը կազմում էր մոտ 100 հազար մարդ: Այն կտրուկ աճեց 1992-ին՝ հասնելով մոտ 700 հազարի: Այնուհետև, փոքր-ինչ նվազելով 1900-ականների կեսերին, 1999-ին թիվը կրկին աճեց՝ հասնելով 400 հազարի: ԵՄ կազմի ամենամեծ ընդլայնման արդյունքում ստանալով ազատ տեղաշարժի իրավունք՝ արևելյան Եվրոպայի երկրներից միլիոնավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը բարեկեցիկ կյանքի ակնկալիքով:

2013 թ. Eurostat–ի վիճակագրությամբ միգրանտների համար ամենագրավիչ երկրներն են՝ Գերմանիան (7.7 միլիոն մարդ), Իսպանիան (5.1 միլիոն մարդ), Միացյալ Թագավորությունը (4.9 միլիոն մարդ), Իտալիան (4.4 միլիոն մարդ) և Ֆրանսիան (4.1 միլիոն մարդ):

ԵՄ ընդհանուր միգրացիոն քաղաքականությանն ընդդիմացողներից է Մեծ Բրիտանիան, որտեղ գերակշռում են Լեհաստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Պակիստանի քաղաքացիները: Դատելով նշված երկրներից՝ այստեղ միանգամից թե՛ ներքին, թե՛ արտաքին ներգաղթի գործոններն են:

Ընդհանուր առմամբ, ԵՄ անդամ երկրներում այլազգիները կազմում են բնակչության մոտ 77 %-ը, որը նույնպես, յուրաքանչյուր երկրի մակարդակով հաշվարկված, ԵՄ ներքին միգրանտներն են և արտաքին աշխարհից ԵՄ գաղթածները:

“Ժամանակն է, որ ԵՄ-ն փոխի միգրացիոն քաղաքականությունը”,- հայտնել է վարչապետ Դեվիդ Քեմերոնը: Նրա կարծիքով աշխատանք փնտրող ԵՄ քաղաքացիների՝ մի երկրից մյուսն ազատ տեղաշարժն անհրաժեշտ է արգելել: Այս մոտեցումը կտրուկ մերժում է ստացել Բրյուսելի կողմից:

Այս հակասություններն ի շահ իրեն օգտագործելով՝ Մեծ Բրիտանիան բազմիցս սպառնացել է Միությունից դուրս գալ, ասել է թե՝ Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի մնալը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք երկրին թույլ կտան բարեփոխել օրենսդրությունը՝ սահմանափակելով սոցիալական առավելությունների առատաձեռն համակարգից օգտվելու ներգաղթյալների հնարավորությունները: Հարկ է նշել, որ երկրի ազգային օրենսդրության մեջ ԵՄ քաղաքացիների և տվյալ երկրի քաղաքացիների միջև խտրականություն պարունակող փոփոխություններն առաջացնում են հիմնադիր պայմանագրերի փոփոխության հարց, հետևաբար նաև պետք է արժանանան ԵՄ 28 անդամի հաստատմանը:

Քեմերոնի ծրագրածով՝ կես տարվա ընթացքում աշխատանք չգտած ու մուրացկանությամբ զբաղվող ներգաղթյալները Թագավորությունից կաքսորվեն, իսկ մոտակա 12 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիա մուտքը նրանց համար կարգելվի: Բարեփոխումների ծրագրով նաև նախատեսվում է, որ ներգաղթյալներն իրենք վճարեն իրենց առողջապահական ծառայությունների համար: Միևնույն ժամանակ աշխատանք գտած ներգաղթյալները սոցիալական բոլոր տեսակի նպաստների հույս կարող են ունենալ միայն չորս տարի Թագավորությունում ապրելուց հետո:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան պատկանում էր այն սակավաթիվ երկրների թվին, որ միայն 2014-ին բացեցին իրենց դռները Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիների առջև:

Եվ, չնայած այն հանգամանքին, որ Բեռլինն ու Փարիզը մասամբ կողմ են Քեմերոնի քաղաքականությանը՝ իրենց իսկ երկրներում ունենալով միգրանտների օրեցօր ահագնացող խնդիր, նրանք մշակում են կարգավորիչ գործողություններ, որ կկանխեն միգրանտների կողմից ԵՄ օրենքների չարաշահումը:

Դեպի Եվրոպական Միություն արտաքին միգրանտների հիմնական ուղիներից է Միջերկրական ծովը, որն այսօր դարձել է հազարավոր միգրանտների մահացությունների պատճառ: Այս էր նշում նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը վերջերս իր հրապարակված զեկույցում: Նրա տրամադրած տվյալներով՝ անցած տարվա ընթացքում բարեկեցիկ կյանքի ակնկալիքով ծովը հատելու փորձ են կատարել մոտ 200 հազար մարդ, ինչը երեք անգամ գերազանցում է 2011-ին գրանցված ռեկորդային համարվող 70 հազարին: Սրանք հիմնականում Աֆրիկյան երկրներից (հիմնականում` Մագրեբ), Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից գաղթյալներ են: Որոշ դեպքերում էլ սրանք դառնում են տրանզիտ երկրներ` Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկյան երկրներից գաղթողների համար:

Հատկանշականն այն է, որ մի կողմից եվրոպական երկրների կառավարությունները հասկանում են, որ առանց դրսի աշխատուժի իրենց տնտեսությունը չի դիմակայի, մյուս կողմից չեն ցանկանում ներգաղթյալներին տրամադրել սոցիալական նպաստները: Ազատ միգրացիոն քաղաքականության խնդրահարույց կողմերից մեկն էլ հենց այս է. ներգաղթյալներից շատերն այդ երկրներ են տեղափոխվում ոչ թե աշխատանք գտնելու, այլ սոցիալական նպաստների շնորհիվ բարեկեցիկ ապրուստ ձեռք բերելու նպատակով:

Մյուս կողմից՝ այսօրվա արտաքին ներգաղթը գլոբալիզացիայի արդյունք է, ինչի մասին նախկին գաղութատեր երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, շատ հաճախ մոռանում են: Սա ավելի խորքային մի գործընթաց է, որ սկսվել և դարեր ի վեր շարունակվել է հենց իրենց՝ եվրոպացիների կողմից: Դեռևս Կոլումբոսի ժամանակաշրջանում գաղութացումն իրենից ենթադրում էր տեղաբնիկների շրջանում իրենց լեզվի, կրոնի ու մշակույթի տարածում: Որոշ առումներով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այսօր էլ նույն քաղաքականությունն են վարում. Բրիտանական ազգերի միություն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, որոնք մշակութային, լեզվական և տնտեսական կապերով ապահովում են նախկին գաղութների՝ իրենց գաղութատերերի հետ սերտ կապերի պահպանումը: Այս ամենը հաշվի առնելով՝ տրամաբանական է, որ կյանքի ամբողջ ընթացքում որպես բրիտանացի կամ ֆրանսիացի կրթված բնակչությունը մի օր կցանկանա ապրել այդ երկրներում: Միևնույն ժամանակ իրականությունն այն է, որ Եվրոպան իրականում ունի որոշակի քանակությամբ ներգաղթյալների կարիք: Սրա պատճառն այն է, որ իրենք՝ եվրոպացիները, չեն ցանկանում կատարել ցածր աշխատավարձով աշխատանք, ինչպիսին է, օրինակ, սպասարկման ոլորտը:

Ակնհայտ է, որ այս դրույթները միմյանց հակասում են: Մի կողմից այստեղ երկրի՝ իր իսկ ներքին արտագաղթի վերահսկման իրավունքն է, մյուս կողմից փաստ է, որ այսպիսի մոտեցումը հակասում է ԵՄ օրենսդրությանն ու արժեհամակարգին: Այսպիսով՝ սա հերթական մի փորձաքար է Եվրոպական Միության համար: Կկարողանա՞ արդյոք ԵՄ-ն այս հարցը լուծել 28-ի կոնսենսուսի միջոցով՝ պարզ կդառնա արդեն 2015թ.-ին:

Քրիստինե Գասպարյան

փորձագետ, “Հայացք” կիրառական քաղաքականության և

հետազոտությունների վերլուծական կենտրոն

 Աղբյուրը՝ www.armedia.am