Երևանում տեղի ունեցավ “100 տարի… Իրական պատմություններ” գրքի շնորհանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցավ “100 տարի… Իրական պատմություններ” գրքի հայերեն և անգլերեն տարբերակների շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել էր “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից, ով և ծրագրի հեղինակն ու պատասխանատուն է:

Նշենք, որ գրքում ներկայացված են 47 իրական պատմություններ, որոնք բանավոր վերարտադրել են Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, հարազատները, մտերիմները՝ հենվելով դեպքերի ականատեսների վկայությունների վրա: Պատմությունների հավաքագրումը “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն իրականացրել է “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ համատեղ, Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործընկերը Թուրքիայում “tursu.tv production”-ն կազմակերպությունն է:

Գրքի շնորհանդեսին ներկա էին այս գրքում տեղ գտած պատմությունները ներկայացրած անձինք, մարդիկ, ովքեր կիսվել էին իրենց ընտանիքի պատմությամբ, իրենց հիշողություններով: Հյուրերի թվում էին նաև ծրագրի գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ լրագրողական կազմը, մի շարք այլ լրատվամիջոցներ և հեռուստաընկերություններ:

Շնորհանդեսի ընթացքում իրենք խոսքով հանդես եկան “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, “Արմեդիա” ՏՎԳ գլխավոր խմբագիր Աննա Մկրտչյանը, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ Նարեկ Մինասյանը, գրքի անգլերեն տարբերակի թարգմանիչ, խմբագիր և սրբագրիչ Նունե Մելքոնյանը և Թուրքիայում ծրագրի գործընկեր, IMS TV խմբագիր, T24 ամսագրի սյունակագիր Արիս Նալջըն:

Կարեն Բեքարյանն իր խոսքում անդրադարձավ ծրագրին, դրա իրականացման տարբեր փուլերին և իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն գործընկերներին, առանց որոնց աջակցության այս ծրագիրը չէր կարող հաջողվել: Կ. Բեքարյանի խոսքով ծրագրի ողջ իմաստն էր հավաքագրել Ցեղասպանությունը վերապրած այն ժառանգների պատմությունները, որտեղ հստակ երևում էր փրկող թուրքի կերպարը՝ որպես հարևանի, ընկերոջ: “Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ այս իրողությունն էլ է եղել”, – նշել է նա: Ծրագրի նպատակներից մեկը, ըստ Կ. Բեքարյանի, արված լավը, այն, որ կյանքեր են փրկվել, չմոռանալն է, միաժամանակ պատմությունները պատմողներին հնարավորություն տալը, որպեսզի իրենց ընտանիքի պատմությունները լինեն գրի առնված: Հաջորդ նպատակը, որ նա նշեց, հետևյալն է. “Մենք շատ ենք խոսում այն մասին, որ Թուրքիայի իշխանություններն ուրանում են այն, ինչ տեղի է ունեցել, և խոսում են ինչ-որ “արդար հիշողության” մասին, որի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: Մենք խնդիր ունեինք իրապես արդար հիշողության բոլոր բաղադրիչներն ի ցույց դնել”:

“Այո՛, դա Ցեղասպանություն էր, դա կազմակերպված էր, դա մեծագույն արհավիրք էր, և միաժամանակ կար հանրության մի հատված, որը, դեռ այն ժամանակ դուրս գալով այդ ամենի դեմ, շատ դեպքերում սեփական կյանքը վտանգելու հաշվին ձեռք է մեկնել հայերիս”, – ասել է Կ. Բեքարյանը: Բանախոսի խոսքով տարբեր տաբուների պատճառով թուրք հանրության մի ստվար հատված ծանոթ չէ այս 100-ամյա իրողությանը, և խնդիր կար հասցնելու սա հանրության լայն շերտերին, որովհետև փոխադարձ կամրջի, վստահության մեջ սա էական դեր կարող է ունենալ:

“Արմեդիա” ՏՎԳ գլխավոր խմբագիրը՝ Աննա Մկրտչյանը, նշեց, որ իր և ողջ “Արմեդիա” թիմի համար բավականին բարդ է եղել համաձայնվել մասնակցել այս ծրագրին և ստանձնել նման պատասխանատվություն, սակայն, ի վերջո, իրենք տվել են իրենց համաձայնությունը, քանզի Ա. Մկրտչյանի խոսքով սրանք հենց Ցեղասպանությունը վերապրածների իրական պատմություններն են, որոնք հավաքագրելն ու գրի առնելը հատկապես հիմա շատ կարևոր է՝ որպես առաջին հերթին հենց Ցեղասպանության վկայություն:

“Մեզ այսօր մեծագույն ցավ են պատճառում ոչ միայն Ցեղասպանության դաժանությունների մասին հիշողությունները, այլև անարդարության զգացումը, որ ծնվում է մեր հարևան երկրի մերժողական դիրքորոշման պատճառով: Ուստի երկրորդ դրդապատճառը, որ մեզ ստիպեց համաձայնել ծրագրի իրականացմանը, գիտակցումն էր, որ արդարություն ակնկալելիս նախ պետք է լինել արդար և չուրանալ այն բոլոր թուրքերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել մեզ այդ դժվարին պահին “, – նշել է Ա. Մկրտչյանը: Թուրք գործընկեր Արիս Նալջըն իր խոսքում նշեց, որ այս կյանքում որևէ անկարելի բան չկա, և այն, որ այս պատմությունները տպագրվեցին թուրքական՝ բավականին բարձր վարկանիշ ունեցող ութ լրատվամիջոցներում հենց դրա մասին է խոսում: Նա կարևորեց այն հանգամանքը, որ թուրքերեն տարբերակներում խմբագրական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և ինչպես հայերեն և անգլերեն տարբերակներում, այնպես էլ թուրքերենում գրվել է և՛ Ցեղասպանություն, և՛ Արևմտյան Հայաստան: “Այս ծրագիրը բոլոր այն թուրք լրատվամիջոցների համար, որոնց հետ մենք աշխատեցինք, հույս էր, որ լավ լրագրության շնորհիվ այս նյութերը հնարավոր է տպել, քանզի գիտենք, որ Թուրքիայում կա խոսքի ազատության խնդիր: Մենք հույս տվեցինք նրանց, որ անհնարին ոչինչ չկա, և ճիշտ մոտեցման դեպքում ամեն ինչ հնարավոր է “, – ասել է Ա. Նալջըն:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչության անդամ Նարեկ Մինասյանը, ով նաև ներկա էր եղել Թուրքիայում այս գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսին, կարևորեց այն հանգամանքը, որ Ստամբուլի շնորհանդեսի պաշտոնական հատվածում հնչած ելույթներից և ոչ մեկը կասկածի տակ չէր դնում Հայոց Ցեղասպանության իրողությունը, այլ հակառակը` ելույթներում շեշտվում էր ճանաչման և համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը: Խոսելով Թուրքիայում պատմությունների տպագրմանը հաջորդած հասարակական արձագանքի մասին՝ Ն. Մինասյանը նշեց. “Դրանք եղել են բազմազան` հրատարակչություններին ուղղված շնորհակալական խոսքերից մինչև սպառնալիքներ և վիրավորանք: Սա վկայում է, որ մեր հարևան հասարակության մեջ առկա են ինչպես առողջ, գիտակից անհատներ, այնպես էլ ծայրահեղական, մերժողական կեցվածք ունեցող զանգված, ինչն էլ իր հերթին փաստում է, որ անելիք ունենք այս դաշտում”:

Իսկ անգլերեն տարբերակի թարգմանիչ, խմբագիր և սրբագրիչ Նունե Մելքոնյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց նման նախաձեռնության համար և նշեց, թե որքան դժվար էր այս պատմությունները թարգմանելն առանց հուզմունքի ու արցունքների: Թարգմանության ոճին անդրադառնալով՝ ասաց, որ աշխատել է առավելագույնս մոտ թարգմանել բնօրինակին՝ չկորցնելու համար այն հույզերը, որոնք դրված են եղել պատմությունների մեջ:

Նշենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի 16-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի էր ունեցել “100 տարի… Իրական պատմություններ” գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, որին ներկա են եղել մի քանի տասնյակ մարդիկ՝ այդ թվում 7 լրատվամիջոց, տեղական հեռուստաընկերություններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք: