ՔԼՈՒՆԻԻ ԿԻՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի շահերը կներկայացնի հայտնի իրավաբան, Ջուլիան Ասանժի ու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Ռամզի Ալամուդին-Քլունին: Այս մասին The Armenian Weekly-ում գրել է Հարութ Սասունյանը:

Քլունին 2015 թվականի հունվարի 28-ին լինելու է Ստրասբուգում` հայկական պատվիրակության կազմում, “Փերինչեք v. Շվեյցարիա” գործի շրջանակում: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականին բավարարել էր Շվեյցարիայի դեմ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ներկայացրած հայտը, ով 2005 թվականին Շվեյցարիայում հայտարարել էր, որ “Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են”, ինչի համար դատապարտվել էր: Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը գտավ, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: Սա անընդունելի երկակի ստանդարտների կիրառում է, երբ դատարանը Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է որակում, իսկ Հայոց ցեղասպանությունը` ոչ:

2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել դեկտեմբերի 17-ի որոշումը` իր իրավական համակարգը պաշտպանելու համար: Անցած տարի Հայաստանը ներկայացված չի եղել դատավարությանը, սակայն Թուրքիան ակտիվորեն միջամտել է: Բացի Ամալ Քլունիից` հայաստանյան թիմը ներկայացնելու են Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:

24.12.2014