Լավագույն երիտասարդական ծրագրերի մրցանակաբաշխություն

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հավաստագրեր է հանձնել 2014 թվականի ընթացքում առավել ակտիվ և արդյունավետ գործունեություն ծավալած 14 հասարակական կազմակերպություններին: “Երիտասարդական մրցանակաբաշխություն – 2014” մրցույթի արդյունքում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ճանաչվել է որպես cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգի “Հանդիպում” տիպի ծրագիր իրականացրած լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն իր խոսքում ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է՝ նախարարությունը փորձում է մարզային վարչությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ի հայտ բերել մարզերում և մայրաքաղաքում առավել մեծ ակտիվություն և արդյունավետություն ցուցաբերած ՀԿ-ներին: Շնորհավորելով ընտրված ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարությունը՝ որպես գործընկեր, միշտ պատրաստ է սատարել ՀԿ-ներին իրենց նախաձեռնություններում:

Անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությանը՝ Ա. Քարամյանն ընդգծել է, որ նախարարությունը լայնամասշտաբ դրամաշնորհային քաղաքականություն է իրականացնում առցացն համակարգի միջոցով, և 2009 թվականից ի վեր այդ դրամաշնորհների ծավալները գրեթե 3 անգամ ավելացել են: Փոխնախարարն ընդգծել է, որ էապես փոխվել է դրամաշնորհների տրամադրման ընթացակարգը, այն առավել արժանահավատ և թափանցիկ է դարձել ինչպես հասարակության, այնպես էլ դրամաշնորհ հայցող կազմակերպությունների համար: Ինչ վերաբերում է 2015 թվականին՝ Ա. Քարամյանը ցավով նշել է, որ նախարարության ֆինանսական միջոցներն էապես չեն փոխվելու: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ գլխավորն, այնուամենայնիվ, ֆինանսական միջոցները չեն, այլ այն մարդկային ռեսուրսները, որոնց շնորհիվ անգամ անհնարին թվացող ծրագրերն անգամ կյանքի են կոչվում:

Փոխնախարարը խոսել է նաև սպասվող ծրագրերի մասին՝ շեշտելով, որ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2015 թվականին կարևոր մի գործընթաց է սկսելու` կապված երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ձևավորման հետ: “Սա նշանակում է, որ կարևորվելու է երիտասարդական ոլորտում աշխատող մարդկանց խնդիրը, այսինքն երիտասարդական աշխատողները պետք է որոշակի կարգավիճակ, իրավունքներ ունենան”, – շեշտել է Ա. Քարամյանը՝ նշելով, որ 2015 թվականից նախարարությունը զարգացնելու է երիտասարդական աշխատողի ինստիտուտը:

Բացի այդ, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիտարկում է հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունների խորացման հնարավորությունը, որի շրջանակներում 2015 թվականի փետրվարին նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական երիտասարդական բարեկամության առաջին համաժողովը, որին մասնակցելու համար ՌԴ-ից ավելի քան 40 պատվիրակներ են ժամանելու Երևան: Համաժողովի ընթացքում երիտասարդներին հնարավորություն է տրվելու ազատ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման խնդիրը: Որոշ ժամանակ անց հայ պատվիրակները ևս մեկնելու են Մոսկվա և մասնակցելու այնտեղ անցկացվող համաժողովին: Նախարարը հատկապես ընդգծել է, որ Հայաստանում անցկացվող համաժողովի աշխատանքային լեզուն լինելու է հայերենը:

Հավաստագրերը ստանալուց հետո ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալությունն են հայտնել նախարարությանն իրենց աշխատանքը գնահատելու համար:

Աղբյուրը՝ www.armedia.am